Երեխաները նախընտրում են հեռախոսով զբաղվել, քան իջնել խարխլված բակեր, որտեղ պայմաններ չկան

Երեխաները նախընտրում են հեռախոսով զբաղվել, քան իջնել խարխլված բակեր, որտեղ պայմաններ չկան

Այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ձևաչափով միջոցառում է մեկնարկել։ Երևանի ավագանու անդամների համար նախատեսված տեղերը զբաղեցրել են երեխաները՝ Երևանի տարբեր դպրոցներից։ Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ես Ռաֆայելյան Միքայելն եմ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցից։ Ես մի հարց ունեմ, որը, կարծում եմ, շատ կարևոր է։ Կարծում եմ, որ եթե երեխաներ ուզեին ու ծնողներն էլ դրան շատ ավելի մեծ եռանդով վերաբերվեին, ապա կհաջողվեր բակային տարածքները վերանորոգել ու թարմացնել։ Չեք կարծու՞մ, որ այսօր մեր վիրտուալ ընկերները, «պլանշետները», հեռախոսները ավելի հետաքրքիր են երեխաներին, պատանիներին, քան բակ իջնելը, նամանավանդ խարխլված բակերը, որտեղ որևէ ստեղված պայման չկա»,- իր ելույթում ասաց աշակերտներից մեկը։

«Այո, իհարկե շատ տեղերում պայմանները իսկապես ցավալի են։ Իմ կարծիքով նույնպես դա պատճառներից մեկն է, որ երեխաները պարզապես դուրս չեն իջնում խաղալու»,- արձագանքեց աշակերտներից մյուսը։