Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը կատարվել է բոլոր ուժային կենտրոնների համաձայնությամբ

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը կատարվել է բոլոր ուժային կենտրոնների համաձայնությամբ

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հերթական անգամ խոսեց, այսպես կոչված, երրորդ երկրի կողմից Հայաստանում հեղափոխություն հրահրելու փորձերի մասին։ Մասնավորապես հայտարարեց, որ երրորդ պետությունը ձգտում էր արագացնել Արցախի հայաթափումը՝ դրանով փորձելով հասարակության դժգոհությունների ֆոնին Հայաստանում իշխանափոխության հասնել։ Մենք քաղաքագետ Հակոբ Բադալյանից հետաքրքրվեցինք` արդյոք այս հայտարարությունը Ռուսաստանի դեմ ուղղված հերթական ակնարկը չէ՞ր: Նա ասաց, որ դա սեփական ընտրազանգվածի ընկալման հաշվարկով արված քաղաքական հայտարարություն էր։

«Հնարավոր է նաեւ, որ այդ հայտարարությունը կարող էր հաշվարկված լինել արեւմտյան լսարանի համար։ Հասկանալի է, այս դեպքում արեւմտյան լսարան ասվածն արեւմտյան քաղաքական էլիտաներն են, որոնց հետ Հայաստանն աշխատում է այս շրջանում»,- ասաց Բադալյանը։ Պարզ է, որ այսօր Հայաստանի իշխանության քաղաքական հենարանը, բազան, որի վրա պահվում է այդ իշխանությունը, նախկին իշխանության հետ կապված գործոնների, հանգամանքների խաղարկումն է՝ տեղեկատվական-քարոզչական դաշտում եւ Ռուսաստանի հետ կապված՝ ուղիղ կամ անուղղակի տեքստերով։

Քաղաքագետը հիշեցնում է, որ 2018 թվականից սկսած՝ երեւի մի քանի տասնյակ անգամներ տարածվել են այսպիսի տեղեկատվական ալիքներ՝ ուր որ է տեղի ունենալիք կամ պլանավորված հեղաշրջումների եւ այլնի մասին։ «Ես կարծում եմ, որ այդ առումով իրավիճակը մշտապես եղել է հենց այս տեղեկատվա-քարոզչական խաղարկումների դաշտում։ Սա չի նշանակում, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, չի պարունակել երրորդ կողմերի աշխարհաքաղաքական նպատակներ։ Բայց եթե խոսենք կոնկրետ Արցախում տեղի ունեցածի մասին, ապա այստեղ, ես կարծում եմ, շատ հարցեր դուրս են գալիս այն փաստից, որ սեպտեմբերի 17-ին Ստամբուլում տեղի է ունեցել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի դիվանագետների հանդիպումն արցախյան թեմայով, եւ դա ցույց է տալիս, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում` սեպտեմբերի 19-ին եւ դրանից հետո, մեծ հաշվով, տեղի է ունեցել այդ բոլոր ուժային կենտրոնների համաձայնությամբ։ Յուրաքանչյուրի համաձայնությունը, բնականաբար, ունեցել է իր մոտիվացվածությունը, բայց, ցավոք սրտի, այդ մոտիվներն ինչ-որ կետում՝ Արցախի հայաթափման կետում, հանգել են նրան, որ Ադրբեջանին տվել են հնարավորություն՝ ագրեսիայի միջոցով էթնիկ զտման ենթարկել Արցախը»,- ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու մասին հայտարարությանը, քաղաքագետը նկատեց, որ Եվրամիությունն այդ բանաձեւին ու շեշտադրմանը շատ հստակ ձեւակերպում է տվել հենց Երեւանում։ «Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բերբոքը Հայաստան այցի վերաբերյալ հարցին, որ Երեւանն այսպիսի մոտեցում է ցուցաբերում, պատասխանել է, որ իրենց համար առաջնային են հիմա Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագրին հասնելը, հետո նոր միայն օրակարգում առաջնահերթություն կդառնա տարածաշրջանի հետ Եվրամիության ինտեգրացիայի հարցը։ Եվ սա շատ հասկանալի է, Եվրամիության վերջին տարիների քաղաքականությունը սա շատ պարզ եւ հստակ է ի ցույց դրել, որ իրենց հետաքրքիր է տարածաշրջանը եւ ոչ թե Հայաստանն առանձին վերցրած։ Որովհետեւ, եթե Հայաստանի հետ մերձեցման աստիճանն էապես փոխվի՝ ի տարբերություն Ադրբեջանի, ապա այդ պարագայում Եվրամիությունը ստիպված է լինելու էապես փոխել իր քաղաքականությունը եւ տարբերակել Հայաստանի հանդեպ քաղաքականությունն Ադրբեջանի հանդեպ քաղաքականությունից»,- նկատեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը կարծում է, որ Եվրամիությունն այդպիսի տարբերակման գնալու եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները բարդացնելու մտադրություն չունի։ Այդ իսկ պատճառով իրենք Եվրամիության, եթե ոչ թիվ մեկ պետության, ապա առաջատար պետություններից մեկի՝ Գերմանիայի արտգործնախարարի միջոցով հստակ ներկայացրել են իրենց մոտեցումն այդ հարցի վերաբերյալ։ Հակոբ Բադալյանը շեշտում է նաեւ, որ հասկանալի է, թե ինչու է Երեւանն այդ բանաձեւն առաջ բերել․ «Երեւանն էլ այդկերպ փորձում է պատասխանատվությունը դնել Եվրամիության վրա, որովհետեւ Հայաստանն Արեւմուտքի հետ հարաբերություններում, իմ գնահատմամբ, գլխավոր խնդիրը, որ դնում է, անվտանգության հարցերում Արեւմուտքի պատասխանատվությունը բարձրացնելն է եւ այդկերպ եւս գոնե մեկ աստիճանով բարձրացնել ռիսկերի կառավարելիությունը Կովկասում։ Այս պարագայում Արեւմուտքն այդքան էլ մեծ ցանկություն չունի՝ էապես պատասխանատվության տակ մտնել այդ ռիսկերի համար, որովհետեւ այդտեղ կան այլ հարաբերական հարցեր` ինչպես նշեցի, Ադրբեջանի հետ հարաբերության խնդիրներ։ Երեւանը հիմա փորձում է պատասխանատվությունն Արեւմուտքի վրա տեղափոխելու շեշտադրում անել, որ մենք պատրաստ ենք մերձենալ այնքան, որքան դուք եք պատրաստ»։