«Հրապարակ»․ ՔՊ-ն կընկնի դռնեդուռ

«Հրապարակ»․ ՔՊ-ն կընկնի դռնեդուռ

Արցախցիների՝ մարտի 20-ին անցկացրած հանրահավաքից հետո իշխանության ներսում անհանգստություն է առաջացել, բանն այն է, որ հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին երկու շաբաթ անց կրկին հանդիպելու մասին` եթե ՀՀ կառավարությունը չլուծի արցախցիների սոցիալական խնդիրները։ Նախօրեին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եւ կառավարության որոշ անդամներ շտապել են խորհրդարան, փակ հանդիպում անցկացրել ԱԺ Տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի անդամ իշխանական պատգամավորների հետ, որին նաեւ որոշ ՔՊ-ականներ են մասնակցել, որոնք այդ հանձնաժողովի անդամ չեն: Քննարկել են արցախցիների համար նախատեսվող սոցիալական ծրագրերը, որոնցից գլխավորը բնակարանային խնդրի լուծումն է։

Փոխվարչապետը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի կառավարության դիրքորոշումը խնդրի առնչությամբ ու ներկայացրել հետեւյալ բանաձեւը՝ որքան հեռու մայրաքաղաքից, այնքան շատ գումար կստանան արցախցիները բնակարան ձեռք բերելու համար, գումարի չափն էլ կտատանվի 3-ից 5 մլն դրամի սահմաններում՝ յուրաքանչյուր շնչի հաշվով: Պայմաններից մեկն էլ այն կլինի, որ առնվազն տասը տարի չեն կարող  վաճառել գնված բնակարանները կամ տները, քանի որ  տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում եւ տասը տարի հետո պետությանն են վերադարձրել` ընտանիքի չափահաս անդամների համար ստացած գումարները։ Ի դեպ, այս կետին էլ են արցախցիներն անհամաձայն եւ իրենց 15 կետանոց հայտարարությունում գրել են այդ մասին:

Փոխվարչապետը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է փուլերով։ Առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու կամ մեկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, այնուհետև կգա մյուս խմբերի հերթը։ Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի` այսինքն, կհանձնեն իրենց 070 կոդով անձնագրերը եւ անձնագիր կստանան Հայաստանի անձնագրային ծառայություններից։ Խաչատրյանը նաեւ փոխանցել է Փաշինյանի հանձնարարականը պատգամավորներին, այն է՝ ակտիվություն դրսեւորել արցախցիների խնդիրները լսելու, բարձրաձայնելու հարցում, այցելել մարզեր, համայնքներ, մարզպետարանների եւ պատկան նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ կազմակերպել արցախցիների հետ, լսել խնդիրները եւ փոխանցել կառավարությանը։ Իմաստն այն է, որ ընդդիմության ձեռքից վերցնեն նախաձեռնությունը եւ թույլ չտան, որ այս խնդիրներով ընդդիմությունը զբաղվի ու դիվիդենտներ ստանա: 

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում է արցախցիների գործոնը եւ որոշել է սոցիալական ծրագրեր իրականացնել, որ բողոքող արցախցիների խավ չգոյանա երկրում, հատկապես, որ առաջիկայում ներքաղաքական բուռն զարգացումներ են սպասվում՝ Տավուշի բնակավայրերի հանձնման ֆոնին: Եւ քաղաքական-հասարակական ուժերը սկսել են ակտիվանալ ու չի բացառվում առաջիկայում բողոքի ակցիաներ տեղի ունենան: Իշխանությունը թերեւս հաշվարկել է, որ պետք է նախապես կանխել` թույլ չտալ, որ բողոքավորների խմբերն  ավելանան մի քանի տասնյակ հազար դժգոհ զանգվածներով։ Երեկ էլ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, կառավարության այլ ներկայացուցիչներ` մարզպետների, համայնքապետերի եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ են քննարկել արցախցիների խնդիրները։

Հ․Գ․ Նշենք, որ ՀՀ կառավարության բոլոր օղակները հրաժարվում են զբաղվել արցախցիների կենսաթոշակային կուտակային ֆոնդերի գումարների վերադարձի խնդրով։ Վերջին ամիսներին մենք մի քանի հարցումներ ենք ուղարկել ԿԲ, վարչապետի աշխատակազմ, սակայն մեզ պատասխանել են, որ խնդիրն իրենց չի առնչվում: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ ԱՀ ԱԺ-ն ընդունել է օրենք, որպեսզի արցախցիների կուտակած գումարները ժամկետից շուտ վերադարձնեն իրենց, քանի որ ոչ բոլորն են ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, իսկ այդ դեպքում ստացվում է, որ Արցախում աշխատած եւ կուտակած կենսաթոշակային գումարները գնալու են կորեն։ Մեր տեղեկություններով Արցախի խորհրդարանը քննարկում է այս թեմայով լսումներ անցկացնելու հարցը, որին կհրավիրվեն նաեւ ՀՀ կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներ։