Անունը կա, ամանում չկա

Անունը կա, ամանում չկա

Փետրվար ամսվա գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները 50 տոկոսով զիջելու կառավարության որոշումը հիշեցնում է արագիլի եւ աղվեսի փոխադարձ հյուրասիրության պատմությունը, երբ անտառի բնակիչներն իրար այցելելով՝ հյուրասիրում էին անհարմար ափսեներից։ Սույն փաթեթը, որ կառավարության «փայլուն» գլուխները «երկնել» են կորոնավիրուսային ճգնաժամը մեղմելու համար, ավելի շատ աջակցության իմիտացիա է, քան վիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելուն միտված միջոցառում․ աչքը տեսնում, ականջը լսում է, իսկ արդյունք չկա։

Ըստ որոշման՝ կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի ՀՀ այն բնակիչ-բաժանորդների կոմունալները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա գազի սպառման ծախսը չի գերազանցել 10 հազար, իսկ լույսը՝ 5 հազար դրամը։ 

«Եթե կառավարությունն իր քաղաքացիների «մատից փուշ» հանելու իրական ցանկություն ունենար, կոմունալները զիջելու ավելի ճկուն քաղաքականություն կմշակեր»,- ասաց Արմավիր քաղաքի բնակիչ Գոհար Ստեփանյանը՝ ափսոսանք հայտնելով, որ հակաճգնաժամային փաթեթն իրեն չի վերաբերում։ 

«Եթե նույնիսկ այնքան ծախսած լինեի, որ իրենց նշած առավելագույն շեմը չգերազանցեի, դարձյալ այդ փաթեթից չէի օգտվելու, քանի որ փետրվարի կոմունալները մարտի 13-ին, մինչ արտակարգ դրությունը, վճարել եմ»։ Տիկին Գոհարին զարմացնում է ցածր նշաձող սահմանելու կառավարության հաշվարկը։ Ասում է՝ փետրվարին, արեւոտ օրերի հաշվին որքան էլ գազն ու լույսը խնայողաբար է օգտագործել, այնուամենայնիվ, ծախսած գազի դիմաց վճարել է 37 հազար 250, իսկ էլեկտրաէներգիայի համար 9 հազար 64 դրամ։ «Մեր ընտանիքը երկու հոգուց է, ծախսն անհամեմատ քիչ է, իսկ ի՞նչ անեն բազմանդամ ընտանիքները, որոնք ավելի շատ են ծախսում։ Ինչ է, պետությունը նրանց մասին չպե՞տք է հոգ տանի։ Խտրական ու վիրավորական մոտեցում է։ Անկեղծ ասած՝ Փաշինյանի կառավարությունից չէի սպասում»,- ասաց տիկին Գոհարը։

Համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանի հակաճգնաժամային միջոցառումները 3 ամսվա հաշվարկով են, իսկ շահառուները՝ բնակչության բոլոր շերտերը։ 7 հազար վարակակիր ունեցող Էկվադորում էլ նախագահը 50 տոկոսով կրճատել է իր եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը՝ գումարն ուղղելով կորոնավիրուսի հետեւանքով առաջացած խնդիրների լուծմանը։ Այլ պատկեր է Հայաստանում։

Այստեղ հակաճգնաժամային քաղաքականությունն իրականացվում է «արագիլի եւ աղվեսի փոխադարձ հյուրասիրության» համատեքստում։ Հեղափոխական իշխանության խրախճանքը շարունակվում է նույնիսկ համաճարակի մեջ․ պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պարգեւավճարներ ստանալ ու դեռ նեղանալ, որ անաղուհաց ժողովուրդն իրենց չի գնահատում։