Կեցցե անկախ և անկողմնակալ դատարանը, մահ այլախոհ դատավորներին

Կեցցե անկախ և անկողմնակալ դատարանը, մահ այլախոհ դատավորներին

«Դատական իշխանության անկախություն» արտահայտությունն այս իշխանության բերանում ծամոն է դարձել և հարկի-անհարկի առիթներով շարունակաբար վկայաբերվում է։ Նույնիսկ մի կողմ թողնենք այն, որ իշխանության գործելակերպը ճիշտ հակառակն է՝ դատարանների նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու անհագուրդ փորձ։ Բանն այն է, որ վարչապետը և յուր թիմն անգամ տեսական մակարդակում չեն տիրապետում դատական իշխանության անկախություն հասկացության էությանը և այն մեկնաբանում են խիստ յուրովի։

Օրինակ, դատարանների անկախություն հասկացությունը հաճախ օգտագործվում է դրա հետ բացարձակապես անհամատեղելի մեկ այլ իրողության՝ հանրային կամ ժողովրդական վստահության հետ նույն համատեքստում։ Ի՞նչ ասել է՝ դատարանների կամ դատական համակարգի նկատմամբ հանրային կամ ժողովրդական վստահություն։ Ակնհայտ է, որ ցանկացած դատական ակտից, որպես կանոն, կողմերից մեկը գոհ է, մյուսը՝ դժգոհ, և որևէ դատարանի կամ դատավորի հանրային վստահությունը չափելիս այդ ո՞ւմ են հարցնում՝ պարտվա՞ծ կողմին, թե՞ հաղթածին։ Կամ՝ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանության սրտի դատավորները զարմանալի զուգադիպությամբ նրանք են, որոնց վարկանիշը Help court համակարգում ամենացածրն է։

Մեկ տարի շարունակ ասվում էր, թե իբր Սահմանադրական դատարանը չունի հանրային վստահություն կամ լեգիտիմ չէ։ Այդպես էլ չասացին՝ այդ ի՞նչ քանոնով էին չափել կոնկրետ այդ մեկ դատարանի լեգիտիմությունը կամ հանրային վստահությունը, ինչո՞ւ նույն հաջողությամբ չէր խոսվում, ասենք, եռաստիճան դատական համակարգի բարձրագույն օղակի՝ Վճռաբեկ դատարանի հանրային վստահությունից։ Չէ՞ որ Վճռաբեկ դատարանն էլ է դատական իշխանության սահմանադրական մարմին։ Այն քաղաքացիները, որոնք հրապարակավ գնահատական էին տալիս, օրինակ, Սահմանադրական դատարանի գործունեությանը, տեղյա՞կ էին դրա գործառույթներին, փորձե՞լ էին ՍԴ գեթ մեկ որոշում կարդալ, թե՞ կարծում էին, որ, այն, ասենք, ամուսնալուծության կամ կտակի հարց քննող մի դատարան է։
2019-ի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչի արդյունքում Հայաստանի երկուսուկես միլիոն չափահաս քաղաքացուց փողոց դուրս եկավ և Հայաստանի տարբեր քաղաքների դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակեց մոտավորապես հազար հոգի։ Հազար հոգի երկուսուկես միլիոնից, ընդ որում՝ այդ շարքում հիմնականում իշխանական պատգամավորներն էին իրենց մերձավորներով և մերձիշխանական հասարակական սեկտորը։ Այդ հազար հոգին բնորոշվեց իբրև ժողովուրդ, իսկ մնացած մասը՝ հանրության բացարձակ մեծամասնությունը, փաստորեն, որևէ առարկայական գործողության չդիմեց, հրապարակային դժգոհություն չհայտնեց դատարաններից։ Ավելին, որքան ուժգնանում է դատարանների և դատավորների անկախության դեմ պայքարը, այնքան ավելանում է քաղաքացիական հայցերի թիվը։

Փորձեք պատկերացնել այն ահռելի բարոյական և քաղաքական ճնշումը, որի տակ այսօր գործում է ցանկացած դատավոր, անգամ կենցաղային վիճաբանության հայցեր քննողը։ Չէ՞ որ քաղաքական իշխանության կողմից դատավորական համայնքը պարբերաբար արժանանում է ամենանվաստացուցիչ ձևակերպումների, ըստ այդմ էլ ամրակայվում է դատավորի կերպարը, և իշխող է դառնում այն մտայնությունը, որ որևէ դատավոր պարզապես չի կարող անկողմնակալ և ազնիվ լինել։

Կայացած դատական համակարգ ունեցող պետությունների փորձը հուշում է մի պարզ կանոն՝ դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն օրենսդիր և գործադիր իշխանությունից, այլև ժողովրդից։ Դատական ակտ կայացնելիս դատավորը կամ դատական ատյանը չպետք է ղեկավարվի ամբոխահաճո կամ իշխանահաճո մոտիվներով։ Եթե այդպես լինի, ապա մեզ դատարան պետք չէ, ինքնադատաստանը լրիվ բավարար է։

Մինչդեռ քաղաքականացված դատավարությունների ժամանակ դատարանների բակում հակընդդեմ ցույցերի կազմակերպումը, զուգահեռաբար՝ իշխանության կողմից, դեռևս դատական ակտը չհրապարակված, կոնկրետ դատավորի հասցեին բնորոշումներ տալը ծանրագույն բարոյական բեռ է, որի տակից արժանապատվորեն դուրս գալը բացառապես տվյալ դատավորի մասնագիտական և մարդկային արժեքների տիրույթում է։

Դավիթ Սարգսյան