«Հայաստան» հիմնադրամը «ռեստարտի» փուլում է

«Հայաստան» հիմնադրամը «ռեստարտի» փուլում է
«Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքում «Մեր հոգաբարձուները» խորագրի ներքո, ի թիվս Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի պաշտոնյաների, նշված է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը (հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը)։



Պաշտոնաթող նախագահներից մեկ էլ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է շարունակում մնալ հոգաբարձուների խորհրդի կազմում, իսկ Սերժ Սարգսյանի անունը չկա։ Հետաքրքիր է, որ հոգաբարձուների խորհրդի կազմում պահպանվել է նաեւ հոկտեմբերի սկզբին կյանքից հեռացած աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը։ Այս տարվա հոկտեմբերի 1-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն ընտրվեց Հայկակ Արշամյանը։ Թվում էր, որ նոր գործադիր տնօրեն ընտրելուց հետո փոփոխություններ կլինեն նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում։ Հայկակ Արշամյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է հոգաբարձուների խորհրդի կազմում մինչ օրս պահպանվել Ռոբերտ Քոչարյանի անունը։ «Նախկին բոլոր նախագահները հոգաբարձուների խորհրդի կազմում էին, մնացել է, այո՛։ Հոգաբարձուների խորհուրդը պետք է նիստ հրավիրի, որոշի, դա հիմնադրամի գործադիր տնօրենի գործը չէ։



Հոգաբարձուների խորհուրդը պետք է հավաքվի, որոշում կայացնի՝ նորացնո՞ւմ է հոգաբարձուների խորհուրդը, թե՞ նույնն է թողնում։ Այդ հարցը կարող եք հղել հոգաբարձուների խորհրդի անդամներին, նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահին, որը երկրի նախագահն է ի պաշտոնե»,- արձագանքեց Հայկակ Արշամյանը։ Մեր հարցին, թե ինչու այդ դեպքում հոգաբարձուների խորհրդի կազմում չէ Սերժ Սարգսյանը, Հայկակ Արշամյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ այդ մասին, քանի որ այդ ժամանակ հիմնադրամում աշխատելիս չի եղել։ Ինչ վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ապա Հայկակ Արշամյանը նշեց, որ այժմ հիմնադրամը բարեփոխումների, «ռեստարտի» փուլում է։