Անգամ հասարակ քաղաքացուն կլսեմ, եթե իր խորհուրդը կնպաստի քաղաքի զարգացմանը. Հրազդանի քաղաքապետ

Անգամ հասարակ քաղաքացուն կլսեմ, եթե իր խորհուրդը կնպաստի քաղաքի զարգացմանը. Հրազդանի  քաղաքապետ
Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սեւակ Միքայելյանը տասը օր է՝ ինչ պաշտոնավարում է: Այս օրերի ընթացքում երիտասարդ քաղաքապետին հրազդանցիները ավելի շատ տեսնում են քաղաքի թաղամասերում բնակիչների հետ շփվելիս, քան՝ քաղաքապետարանում: Սեւակ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում աշխատասենյակում որեւէ փոփոխություն անել, դա իր համար այնքան էլ էական չէ: Նա վստահեցրեց, որ փոփոխություններ կատարելու է քաղաքում, եւ կարճ ժամանակի ընթացքում հրազդանցին այն կտեսնի. «Քաղաքի խնդիրներին ծանոթացել եմ քարոզարշավիս, նաեւ շնորհակալական քայլերթի ժամանակ: Չկա մի թաղամաս, որ խնդիր չունենա: Ցավոք, այս պահին համայնքի բյուջեն դատարկ է, քաղաքապետարանը պարտքեր ունի. 160 մլն. դրամ պարտքով բյուջեն ընդունել ենք: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով քաղաքապետարանի շենքի ջեռուցման համակարգի եւ երկու մանկապարտեզների վերանորոգման գումարը դեռ 2016թ-ից կազմում է 268 մլն. դրամ: Պարտքեր ունենք նաեւ մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերություններին՝ 42 մլն. դրամ, անգամ 2014 թ.-ից կուտակված պարտքեր կան:



**- Առաջին խորհրդակցության ժամանակ համատիրության նախագահներին նկատողություն եք տվել: Ինչո՞ւմ են թերացել, եւ ի՞նչ բողոքներ եք ստացել քաղաքացիներից:**



-Թաղամասեր կան, որ դիտահորերի կափարիչ չունեն, շենքերի բակերը մաքուր չեն, մուտքերին դռներ չկան: Նմանատիպ խնդիրներ կան, որոնք համատիրությունների նախագահները անուշադրության են մատնել: Նրանց հրավիրել եմ խորհրդակցության եւ հստակ հանձնարարականներ տվել: Մեկ շաբաթից պետք է ներկայացնեն արդյունքները, թե քաղաքի որ թաղամասում ինչ աշխատանքներ են կատարել:



**-Ինչ-որ հարցերում խորհրդակցո՞ւմ եք Ձեր հայրիկի հետ:**



-Այո, հաշվի առնելով այն, որ հայրս կառավարման փորձ ունի` ի նպաստ քաղաքի զարգացման որոշ հարցերում, խորհրդակցում եմ հայրիկիս հետ:



**-Կադրային ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում անել:**



-Այս պահին չեմ կարող ասել, բայց կադրային ջարդ ասվածը չի լինի: Ես ինձ շրջապատելու եմ մասնագետներով, սրտացավ մարդկանցով, որպեսզի թիմային աշխատանքով քաղաքի տեսքը վերականգնենք ու հրազդանցուն ժպիտ պարգեւենք:



**-Ովքե՞ր են Ձեզ խորհուրդներ տալիս:**



-Հստակ հասկանում եմ, թե որ ոլորտում ինչպես պետք է աշխատեմ: Ունեմ նաեւ խորհրդականներ, որոնք նույնպես իրենց աշխատանքով օգնում են: Ես անգամ հասարակ քաղաքացուն կլսեմ, եթե իր խորհուրդը կնպաստի քաղաքի զարգացմանը:



**-Ջրառատ թաղամասում հանդիպել եք բնակիչների հետ եւ խոստացել եք գազաֆիկացնել այդ թաղամասը: Աշխատանքներն ի՞նչ փուլում են:**



Հենց այս պահին աշխատանքներն ընթանում են, շուտով գազաֆիկացումը կավարտվի: Երկար տարիներ այդ թաղամասում գազ չի եղել: Կան բնակիչներ, որ Ջրառատում գազ չլինելու պատճառով վարձով բնակություն են հաստատել Հրազդանի մեկ այլ թաղամասում: Երբ գազաֆիկացումը ավարտվի, այդ բնակիչները կվերադառնան իրենց բնակարաններ: Նշեմ, որ գազաֆիկացումը իմ նախաձեռնությամբ է կատարվում, եւ ոչ մի լումա քաղաքապետարանի բյուջեից չի ծախսվել: Այնտեղ անցկացվում է երկու հազար մետր երկարությամբ գազատար խողովակ:



**-Դուք նաեւ ՔՊ կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավարն եք: Այս ընթացքում որքա՞ն քաղաքացիներ են համալրել կուսակցության շարքերը:**



-Հարյուրավոր



-**Եղե՞լ են այնպիսիք, որ ՀՀԿ-ի կուսակցական տոմսը վայր են դրել եւ անդամակցել ձեր կուսակցությանը:**



-Ոչ, մեզ մոտ ՀՀԿ-ից որեւէ մեկը չկա:



**Նելլի Կարապետյան**