Գործադուլ Չարենցավանի N3 դպրոցում. պահանջում են իրենց տնօրենի վերադարձը (տեսանյութ)

Գործադուլ Չարենցավանի N3 դպրոցում. պահանջում են իրենց տնօրենի վերադարձը (տեսանյութ)
Չարենցավանի թիվ 3 դպրոցի կոլեկտիվն ու աշակերտներն այս պահին գործադուլ են իրականացնում՝ պահանջելով իրենց տնօրենի՝ Լուսինե Կարապետյանի վերադարձը, որը վերջերս կայացած մրցույթի արդյուքում չի վերընտրվել տնօրեն: Փոխարենն ընտրվել է մեկ այլ դպրոցի ուսուցիչ՝ Աննա Բալյանը:



Ուսուցիչներն ու ծնողկոմիտեի անդամներն ասում են, որ Բալյանն ընտրվել է մարզպետարանի միջամտությամբ, առանց իրենց տեղեկացնելու կառավարման խորհրդի կազմը փոփոխելու և տարբեր ներազդեցությունների միջոցով կայացած ընտրության արդյունքում: Նրանք իրենց ելույթներում պահանջեցին, որ Կոտայքի պարզպետն ու ԿԳՆ-ն այա հարցին լուծում տան, քանի որ իրենք գոհ են իրենց տնօրենից և մերժում են այլ տնօրենի ներկայացրած ծրագիրը:



«Լուսինե Կարապետյանն այն տնօրենն է, ում օրոք իսպառ վերացել է դպրոցում դրամահավաքությունը, նրա ղեկավարման տարիներին մեր դպրոցում չի եղել կաշառակերության որևէ դեպք, տիկին Կարապետյանի շնորհիվ մեր թիվ 3 դպրոցի աշակերտների թիվը 241-ից հասել է 820»,- իրենց տնօրենի առավելություններն էին թվարկում ելույթ ունեցողները:



Այնուհետև վանկարկեցին՝ Կարապետյան, Կարապետյան ու հայտարարեցին, որ իրենք հիմա դուրս են գալիս երթի Չարենցավանի փողոցներով՝ ի նշան բողոքի:



Նկատենք, որ հեղափոխության օրերին այս դպրոցն առաջինն էր Չարենցավանի դպրոցներից, որ բացեց դռները, որ ցանկացողները դուրս գան մասնակցելու հանուն հեղափոխություն իրականացվող ակցիաների: Հեղափոխությունից հետո, սակայն, ինչպես նշում են, հիմա դարձյալ ստիպված են գործադուլ ու բողոքի ցույց անել՝ իրենց պահանջը տեղ հասցնելու և իրենց տնօրենին հետ բերելու համար:



_Մանրամասն՝ տեսանյութում։_



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**



##### ​