Ի՞նչ կասի Իսրայելը

Ի՞նչ կասի Իսրայելը
Սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի մայրաքաղաքում էր Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանը: Նա, սակայն, ներկա չգտնվեց Բաքվի «ազատագրման 100-ամյակին» նվիրված զորահանդեսին: Մեկնաբանություններում տեսակետ արտահայտվեց, թե պատճառը հանդիսություններին Թուրքիայի նախագահ Էրդողանի ներկայությունն էր: Թուրք-իսրայելական հարաբերությունները վերջին շրջանում ընդգծված սառն են, եւ իսրայելցի պաշտոնյան, ըստ այդմ, չէր ցանկացել Թուրքիայի նախագահի հետ կանգնել նույն՝ պատվավոր հյուրերի համար նախատեսված, հարթակին: Այնուհետեւ Իսրայել այցելեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Սադիկովը, թեեւ, ըստ արարողակարգի, փոխայցելությունը պետք է լիներ պաշտպանության նախարարի մակարդակով: Ինչ-որ բան, ըստ երեւույթին, իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում չի ստացվել այնպես:



Կարելի է ենթադրել, որ փորձաքարն իրանական խնդիրն է: Իսրայելն, ամենայն հավանականությամբ, այս հարցում Ադրբեջանից ավելի մեծ ակնկալիքներ ունի, սակայն Բաքուն ցուցաբերում է զգուշավորություն՝ փորձելով պահպանել իսլամական համերաշխության սկզբունքը, որը վերջին շրջանում Ալիեւի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է: Այս եզրակացության օգտին է խոսում փաստը, որ նոյեմբերի 5-ին Բաքվում կազմակերպվել է Պաղեստինի ինքնավարության՝ ասիական երկրներում հավատարմագրված դեսպանների խորհրդաժողով: Այդ առթիվ նախօրեին Բաքու է ժամանել Պաղեստինի արտաքին գործերի նախարար ալ-Մալիքին, որը նույն օրն արժանացել է Ադրբեջանի նախագահի ընդունելությանը: Հանդիպման արդյունքներով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկատվություն է տարածել, ըստ որի Պաղեստինի հարցում Ադրբեջանը պաշտպանում է երկու իրավահավասար պետության սկզբունքը: Դիվանագիտական այս ձեւակերպումը յուրովի պարզաբանել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Միրզազադեն, ըստ [որի](http://www.1news.az/news/palestina-znaet-chto-za-ney-stoit-azerbaydzhan)՝ «Ադրբեջանը, գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի շփման կետում, վաղուց է դարձել երկու աշխարհամասերի միջեւ կամուրջ, իսկ հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը, Երուսաղեմի նկատմամբ պաղեստինցիների իրավունքի պաշտպանությունը լիովին ողջունվում է Պաղեստինի ղեկավարության կողմից»։



Ինչպես հայտնի է, Իսրայելը Երուսաղեմը հռչակել է իր անբաժանելի մայրաքաղաքը: Մինչդեռ ադրբեջանցի պատգամավորը խոսում է Երուսաղեմի նկատմամբ պաղեստինցիների իրավունքն Ադրբեջանի կողմից պաշտպանելու մասին: Այսինքն, Երուսաղեմի հարցում Ադրբեջանը ցուցաբերում է Իսրայելի դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ մոտեցում: Ինչպե՞ս կարձագանքի դրան Իսրայելը, որը Ադրբեջանին սպառազինությունների երկրորդ հիմնական մատակարարն է: Անկասկած է, որ Բաքվում Պաղեստինի ասիական երկրներում դեսպանների համաժողովի անցկացումը եւ այդ առթիվ ստեղծված տեղեկատվա-քարոզչական ֆոնը չեն կարող անտարբերության մատնվել Իսրայելում: