Փորձի նորմալ ծառերին վնաս տուր, բնակիչները կճղեն մեզ. Սուրեն Սարդարյան

Փորձի նորմալ ծառերին վնաս տուր, բնակիչները կճղեն մեզ. Սուրեն Սարդարյան
Նոյեմբերի 1-ից մեկնարկվել է աշնանային էտի աշխատանքները: Հրազդան քաղաքում տարիներ շարունակ ծառերը սանիտարական էտի անվան տակ հատվել են: Պարբերաբար տեղի ունեցող զանգվածային ծառահատումների փաստը նկատի ունենալով՝ հրազդանցիների աչքն այնքան է վախեցել, որ մտածում են, թե հերթական կանաչ գոտին է ոչնչացվում: Արդեն 2 օր է Հրազդան քաղաքի Միկրոշրջան 222 շենքի դիմացի ծառերը ինչպես քաղաքապետարան է պարզաբանում՝ էտվում են: Բնակիչները նկատել են, որ կտրում են բակերի մի քանի տարի առաջ կտրված ծառերի երիտասարդ ճյուղերը, և հաստաբուն ծառեր:



Կապ հաստատեցինք տվյալ շենքի համատիրության նախագահ Սուրեն Սարդարյանի հետ, պարզելու՝ ծառերը էտվո՞ւմ են, թե՞ հատվում. «Էտում ենք ծառերը, բնակիչները պահանջում են թեթեւացնել ծառերը: Շատերը արեւից զրկվել են, համ էլ փչացած ճյուղերը կարգավորում ենք, դա իրականացնում է քաղաքապետարանը բնակիչների ներկայությամբ եւ բնակիչների պահանջով»: Սարդարյանին հարցրինք՝ արդյո՞ք դիմել են տվյալ շենքի բնակիչները ծառերը էտելու համար. «Դիմում ներկայացրել են քաղաքապետարան, ժողովուրդը խեղդում են ինձ, ասում են՝ մենք արեւից կարոտ ենք մնացել, ագռավները եկել են մեր տներն են լցվել կտրեք ծառերը: Ծառեր կան, որ հատաբուն են, բայց փտած ա, մնա ինչ անի, էտում ենք անում: Տեղ կա, որ ծառերին ձեռք չենք տալիս: Հլա դու փորձի նորմալ ծառերին վնաս տուր, բնակիչները կճղեն մեզ»,-ասաց համատիրության նախագահը:



Այս հարցի շուրջ զրուցեցինք նաեւ քաղաքապետի տեղակալ՝ Վարուժան Սաֆարյանի հետ. «Մի քանի օր է, Հրազդան քաղաքում սկսվել են ծառերի էտման աշխատանքները բնակչության խնդրանքով, բնակչի գրավոր դիմումի համաձայն: Ոչ թե մասսայական հատվում ենք, այլ ծառերը էտվում են բնապահպանական նորմերին համապատասխան: Այն ծառերն ենք էտում, որոնք խանգարում են բնակիչներին: Փայտն էլ տալիս ենք բնակիչներին եւ քաղաքի չջեռուցվող մանկապարտեզներին: Ոչ մի քաոսային իրավիճակ չկա, ամեն բան արվում է ըստ պլանի եւ բնակիչների գրավոր դիմումների համաձայն: Մասնագետներ են էտում, եւ դա արվում է շատ նորմալ ձեւով : Մենք ուսումնասիրում ենք, կարելի է այդ ծառը էտել, թե՞ ոչ, էնպես չի որ բնակիչը խնդրել է, եւ մենք էտում ենք: Տեղում նայում ենք, եթե ծառը շատ է բարձրացել եւ վտանգ է ներկայացնում, հաշվի առնում ենք վտագնավորության աստիճանը, երկրորդ՝ մարդկանց խանգարում է, երրորդ՝ ծառը էտման կարիք ունի»: Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանը ոչ թե ֆինանասավորում է այդ աշխատանքերը, այլ տեխնիկա եւ վառելիք է տրամադրում, այդպես լուծելով բնակիչների եւ մանկապարտեզների վառելափայտի խնդիրը . «Հենց այդ շենքից դիմում ենք ստացել, եթե որեւէ խնդիր կա, ես վաղը կայցելեմ 222 շենք, համապատախան մեր ներկայացուցիչները կլինեն, մարդկանց հետ կզրուցենք: Մենք չենք ուզում որեւէ անօրինական բան անել: Ասեմ, որ դա քաղաքապետարանի վրա լրացուցիչ ծախսեր են, բայց մենք ստիպված ենք անել»:



Նելլի կարապետյան