Մի ստիր (Վահան Բադասյանին)

Մի ստիր (Վահան Բադասյանին)
Դու ասում ես, որ առաջին նախագահն է «հիմք դրել պարտվողական եւ դավաճանական քաղաքականության»: Ավելացնում ես, որ նա «ասում էր գրավյալ [շրջան](https://www.1in.am/2452628.html )»: Հարցնում եմ՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ո՞ր ելույթում, հարցազրույցում կամ հոդվածում է օգտագործված «գրավյալ շրջան» ձեւակերպումը, կարո՞ղ ես նշել աղբյուրը, մեջբերել նրա ասածը: Ի՞նչ ասել է «պարտվողական եւ դավաճանական քաղաքականություն»: Ինչպե՞ս ես բացատրում, որ այդ «պարտվողականության եւ դավաճանության» արդյունքում է ազատագրվել Լեռնային Ղարաբաղը, նրա շուրջ ստեղծվել անվտանգության հուսալի գոտի: Եթե դա «պարտվողականություն եւ դավաճանություն» է, ապա ո՞րն է քո պատկերացրած «հաղթականը եւ հայրենասիրականը»: 1992-94թ.թ. պատերազմում կա՞ր Բաքուն գրավելու, Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու հնարավորություն, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը նման նպատակ էին դրել, բայց Տեր-Պետրոսյանը թույլ չտվե՞ց, «դավաճանաբար» կանգնեցրե՞ց պատերազմը, ստորագրեց հրադադարի մասին համաձայնագի՞ր:



Ոմանք հենց այդպես էլ ասում են: Նրանք նաեւ պնդում են, որ բանակի հաղթանակները կռել են դաշտային հրամանատարներն՝ ի հեճուկս Լեւոն Տեր-Պետրոսյանի, նրա կամքին հակառակ: Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում ձեզ՝ դաշտային հրամանատարներիդ, չընդունելու հրադադարի համաձայնագիրը, հաղթականորեն շարունակելու պատերազմը եւ ձեր անունը պսակելու անանց փառքով: Ինչու՞ դաշտային հրամանատարներդ չըմբոստացաք առաջին նախագահի «պարտվողական եւ դավաճանական քաղաքականության» դեմ: Մի ստիր, բանակը եւ ժողովուրդը ցնծությամբ են ընդունել հրադադարի հաստատման լուրը: Բանակը եւ ժողովուրդն արել էին իրենց հնարավորությունների առավելագույնը՝ կասեցրել էին հակառակորդի ագրեսիան, նրան պատճառել ցավալի կորուստներ եւ փափագում էին անդորր: Խաղաղություն, ստեղծագործ աշխատանք: Հայրենաշինություն:



Մի տրվիր խաբկանքի եւ մարդկանց մի մատնիր երազանքների. Հայաստանի եւ Արցախի եւ ոչ մի առաջնորդ, որ ուժի ներկայացուցիչ էլ որ նա լինի, միջազգային ասպարեզում, միջպետական հարաբերություններում չի օգտագործելու «ազատագրված տարածքներ» ձեւակերպումը: Չես օգտագործելու նաեւ դու, եթե պատահականության քմահաճույքով կամ ժողովրդի կամոք մի օր ստանձնելու լինես Արցախի նախագահի բարձր պաշտոնը: Քաղաքականությունը, կարծում եմ՝ գիտես, հնարավորի արվեստ է: 1992-94թ.թ. հնարավոր էր ազատագրել Արցախը, ապահովել նրա անվտանգությունը: Հետագայում կար խնդիրը քայլ առ քայլ կարգավորելու, Հայաստանի եւ Արցախի համար զարգացման հեռանկար բացելու հնարավորություն, որը, դժբախտաբար, մսխվեց: Այսօրվա խնդիրն այդ հնարավորությունը վերագտնելու հնարավորություն գտնելն է: Այլապես կարող ենք շատ բան կորցնել: Նույնիսկ՝ անցած պատերազմի դափնիներով սքանչանալու մարդկային թուլությունը: