Ինչո՞ւ նաեւ Զանգելանը

Ինչո՞ւ նաեւ Զանգելանը
Օրվա ադրբեջանական մամուլն անդրադարձել է Զանգելանի շրջանի «օկուպացիայի» 25-րդ տարեդարձին: Բաքվի քարոզչությունը հերթական անգամ խոսում է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի«տարածքային հավակնություններից» եւ «իրականացրած էթնիկ զտումներից»:



Հիշվում են Զանգելանի շրջանի 85 բնակավայրերից «բռնատեղահանված 45 000 բնակիչները, հրդեհված եւ ավերված՝ անհատական եւ հանրային-պետական շինությունները, սոցիալ-կենցաղային ենթակառուցվածքները, պատմական եւ մշակութային հուշարձանները»: Ադրբեջանական կողմը, սակայն, միտումնավոր մոռացության է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 884 բանաձեւի հիմնական ձեւակերպումը, ըստ որի՝ ԱԽ-ն «տագնապով նշում է հրադադարի խախտման եւ այդ խախտումներին ի պատասխան ուժի անհամաչափ կիրառման հետեւանքով ռազմական գործողությունների էսկալացիան, մասնավորապես՝ Ադրբեջանում Զանգելանի շրջանի եւ Հորադիզ քաղաքի [օկուպացիան](https://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0)»։



Ի՞նչ հրադադարի մասին է խոսքը: Բանն այն է, որ 1993թ.հոկտեմբերի 3-ին Ադրբեջանում նշանակված էին նախագահական ընտրություններ: Մինչ այդ իշխանության էր եկել Հեյդար Ալիեւը, կազմակերպել հանրաքվե, որով անվստահություն էր հայտնվում պաշտոնից հեռացած եւ Նախիջեւանի Քելեքի գյուղում ապաստանած Աբուլֆազ Էլչիբեյին: Հրադադարը Հեյդար Ալիեւին անհրաժեշտ էր, որպեսզի համեմատաբար հանգիստ իրավիճակում կազմակերպի նախագահի ընտրություններ եւ օրինականացնի իշխանության իր վերադարձը: Ներքաղաքական այդ կարեւորագույն հարցը լուծելու համար նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիեւը Ստեփանակերտի հետ ուղղակի բանակցությունների մանդատ էր տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին: Ղարաբաղյան կողմն ընդառաջել էր Ադրբեջանի խնդրանքին: Նախընտրական քարոզարշավի եւ ընտրություններին հաջորդած օրերի ընթացքում զորքերի շփման գծում հրադադարը հիմնականում պահպանվում էր: Ստանձնելով նախագահի պաշտոնը եւ կազմավորելով կառավարություն՝ Հեյդար Ալիեւը, սակայն, խախտե պայմանավորվածությունը, ձեռնամուխ եղավ հարձակողական ծրագրի իրականացմանը՝ նպատակ ունենալով վերադարձնել Ֆիզուլիի եւ Ջեբրայիլի շրջանները, հարավից հարվածի տակ առնել Լաչինի մարդասիրական միջանցքը:



Ահա այդ իրավիճակն է, որ ՄԱԿ ԱԽ բանաձեւում ստացել է «հրադադարի խախտում եւ այդ խախտումներին ի պատասխան ուժի անհամաչափ կիրառում» ձեւակերպումը, որով ամեն ինչ ասված է շատ պարզ. եթե ադրբեջանական կողմը չձեռնարկեր հարձակողական գործողություններ, ապա դրանց ի պատասխան ԼՂՀ ինքնապաշտպանական կազմավորումներն «անհամաչափ ուժ.. չէին կիրառի: Այսինքն, կար իրավիճակը կայուն պահելու, քաղաքական երկխոսությունը շարունակելու, թշնամանքին վերջ դնելու եւ ԼՂ խնդիրը խաղաղ-բանակցային ճանապարհով կարգավորելու հնարավորություն: Այն ոչ միայն չճգտագործվեց, այլեւ Ադրբեջանը դիմեց նախահարձակ գործողությունների, եւ պատերազմը շարունակվեց մինչեւ 1994թ. մայիսի կեսերը: Այսօր էլ Ադրբեջանն սպառնում է պատերազմով: Եւ հենց դա է պատճառը, որ կարգավորման գործընթացում առաջընթաց տեղի չի ունենում: