Մի կեղծեք եւ չեք կեղծվի

Մի կեղծեք եւ չեք կեղծվի
Լրատվամիջոցներից մեկն, [անդրադառնալով](https://www.lragir.am/2018/10/27/390499/) ԱՄՆ արդեն նախկին դեսպան Միլսի՝ ԼՂ կարգավորման մասին հայտարարությանը եւ Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Բոլթոնի հայաստանյան այցին, տպավորություն է փոխանցում, թե փաստորեն ստացվում է, որ Հայաստանի երեք նախագահները պատրաստակամություն են հայտնել տարածք հանձնել: «Նրանք իհարկե հրապարակային հանդես էին գալիս փոխզիջումների օգտին, համաձայնվելով միջնորդների առաջարկած ցանկացած տարբերակի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից՝ Տեր-Պետրոսյանի դեպքում, Քի Ուեսթից՝ Քոչարյանի դեպքում, մինչեւ Կազանի պլան՝ Սերժ Սարգսյանի դեպքում...»:



Ի՞նչ է քննարկվել Քի Ուեսթում, ո՞րն է Կազանի պլանը՝ հայտնի չէ, այդ փաստաթղթերն ամբողջությամբ հրապարակված չեն: Իսկ ահա Տեր-Պետրոսյանի պաշտպանած՝ կարգավորման փուլային տարբերակը, որը պաշտոնապես կոչվում է «Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման մասին» [Համաձայնագիր](http://civilngo.com/nk-conflict-resolution-stepbystep/), վաղուց հարցով հետաքրքրվողների սեփականությունն է:



Բայց երեւում է՝ մարդիկ այդ փաստաթուղթը կարդալու, ուսումնասիրելու եւ, մանավանդ, հասկանալու փոխարեն շարունակում են մերկապարանոց պնդումներ անել, թե Հայաստանի առաջին նախագահը «ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ Համաձայնագրով Լեռնային Ղարաբաղը թողնվում էր Ադրբեջանի կազմում»: Երբ այդ կարգի գրառում է անում սոցիալական ցանցի ոմն օգտատեր, դեռեւս ողբերգություն չէ, մարդը գտնվում է տեղեկատվական -քարոզչական կարծրատիպի ազդեցության տակ, որ հայ իրականության մեջ անխափան գործել է ավելի քան երկու տասնամյակ: Ողբերգություն է, երբ հետմայիսյան Հայաստանի հեղինակավոր լրատվամիջոցներից մեկն է նման միանշանակ պնդում անում՝ փաստացի կրկնելով նախկին իշխանության հիմնական թեզը, ըստ որի եւ Քի Ուեսթում, եւ Կազանում Հայաստանը մի քանի քայլ առաջ է անցել Տեր-Պետրոսյանի «պարտվողականությունից»:



Գլխավոր փաստարկն այն է, որ կարգավորման փուլային տարբերակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք չկար, մինչդեռ մադրիդյան սկզբունքները սահմանում են, որ այն պետք է որոշվի ԼՂ բնակչության՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ: Այստեղ գործ ունենք մեթոդաբանական շփոթի հետ: Բանն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 1997 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ Ադրբեջանին ներկայացված Համաձայնագրի նախագիծը ենթադրում էր, որ կողմերը նախ վերջ են տալիս հակամարտության զինված փուլին կամ պարզ ասած՝ պատերազմական իրավիճակին, կատարում են դրանից բխող եւ միմյանց միջեւ փոխհամաձայնեցված քայլեր, իրավիճակը դրվում է միջազգային կայուն վերահսկողության տակ, վերականգնվում կամ վերահաստատվում են դիվանագիտական, կոմունիկացիոն, տնտեսական, հումանիտար կապեր, որից հետո սկսվում է ԼՂ կարգավիճակի հարցով բանակցային գործընթացը: Այդպես էին միջնորդները, Հայաստանի նախագահը եւ Ադրբեջանը պատկերացնում բուն կարգավորումը՝ երկու կամ մի քանի, միմյանց փոխլրացնող փուլերով: Այդ Համաձայնագիրը պետք է ստորագրվեր Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, վավերացում անցներ կողմերի խորհրդարաններում, ապա նոր դրվեր գործողության: Եւ միայն այն հանգամանքը, որ ի սկզբանե Համաձայնագիր ստորագրող կողմ էր ճանաչված, այդ թվում եւ առաջին հերթին՝ Ադրբեջանի համաձայնությամբ, նաեւ Լեռնային Ղարաբաղը,թույլ է տալիս եզրակացնել, որ ԼՂ ապագա կարգավիճակը չէր կարող որոշվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում:



Քաղաքական տրամաբանությունից դուրս է պատկերացնել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն այդ Համաձայնագրով ճանաչեր պատերազմին վերջ դնող կողմ, բայց հետագա բանակցություններում կարողանար հասնել այն իր կազմում վերաներգրավելուն: Ակնհայտ է, որ Համաձայնագիրը հնարավորություն էր, որպեսզի Ադրբեջանի դեմքը փրկվի: Այսինքն, նա ստանում էր որոշակի տարածքներ, բայց կորցնում էր Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու իրավական հնարավորությունը: Մի՞թե պարզ չէ, որ պատերազմական իրավիճակին վերջ տալու մասին Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց եւ գործողության մեջ դրվելու դեպքում հիմնական հարցերը կարգավորվելու էին Բաքու-Ստեփանակերտ ուղղակի պայմանավորվածություններով, որովհետեւ փաստաթղթում միանշանակորեն առկա էր«Լեռնային Ղարաբաղի զինված ուժեր» ձեւակերպումը, ընդ որում դրանց նկատմամբ քաղաքական վերահսկողությունը ԼՂ իշխանություններին վերապահությամբ հանդերձ: Փաստաթուղթը կարոտ է մասնագիտական ավելի խորը եւ ընդգրկուն վերլուծության, ինչը, ցավոք, չի արվել, քանի որ քաղաքագիտական, վերլուծաբանական հանրությունը գտնվել է իշխանության շահերի սպասարկուի դերում: Այսօր, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել եւ բնական կլիներ, եթե խնդիրը դառնար մասնագիտական անաչառ դիսկուրսի թեմա: Պետք չէ կեղծել իրողությունները: Կարելի է պնդել, որ կարգավորման այդ տարբերակը լիովին չէր սպասարկում մեր ազգային ձգտումները, բայց որ այն պարտվողական չէր եւ չէր ենթադրում ԼՂ վերաենթարկեցում Ադրբեջանին՝ միանշանակ է: Եւ՝ վերջին ընգծումը. նույն հրապարակման մեջ Հայաստանի երեք նախագահներին վերագրվում է տարածքներ հանձնելու պատրաստակամություն: Ցավալի է, որ մեր փորձագիտական հանրությունը դեռեւս այն կարծիքին է, թե Հայաստանի առաջնորդի պատրաստակամությունից կամ ոչ պատրաստակամությունից է կախված ԼՂ կարգավորման մեթոդաբանությունը: Իրականում այն ձեւավորվել է դեռեւս պատերազմական գործողությունների ակտիվ փուլում եւ հենվում է ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերի վրա: Կա՞ դրանք չեղարկելու ռեսուրս՝ ահա հարցերի հարցը: Մնացածը նման է պատանեկան երազխաբության, ինչից, բարեբախտաբար, Հայաստանի երեք նախագահները զերծ են գնտվել: Նույնը պետք է նոր իշխանությանը ցանկանալ եւ հորդորել: Եթե չենք ուզում մեր Հայրենիքը ենթարկել ավելի դաժան փորձությունների: