Գաղափարախոսությո՞ւն, թե՞ վարքագիծ

Գաղափարախոսությո՞ւն, թե՞ վարքագիծ
**Գաղափարի փորձություն**



Եթե քրիստոնեության մեջ հարության գաղափարն էլ չլիներ, ապա սիրո, բարության ու ներողամտության գաղափարները դարձյալ կհմայեին մարդկանց: Բայց այս ուսմունքը բազմիցս ենթարկվել է փորձության ոչ միայն հակառակորդների, այլեւ հենց յուրայինների կողմից: Հիշենք արյունահեղությամբ ու թալանով ուղեկցված խաչակրաց արշավանքները, այլախոհներին հերետիկոս հայտարարելն ու խարույկի բարձրացնելը, ագահության ու փողասիրության արդյունքում ծնված խայտառակությունը՝ մեղքերի թողությունը ոչ թե ապաշխարելու, այլ վճարի դիմաց՝ ինդուլգենցիաներով, փրկագնվելու կարգի սահմանումը եւ այլն: Սրանք չէին կարող հակառակ վերաբերմունք չծնել քրիստոնեության նկատմամբ: Ակներեւ է, որ գաղափարի ջատագովները հաճախ դրսեւորում են այնպիսի վարքագիծ, որը հակոտնյա է հենց իրենց «պաշտպանյալին»: Այդպիսի դեպքերում ստվերվում է գաղափարը, վարկաբեկվում է այն դավանող կառույցն ու իրավացիորեն ենթարկվում կշտամբանքի, երբեմն էլ՝ պառակտման: Բայց եթե ուսմունքը հզոր է, անկախ նրան պատուհասած փորձություններից, նորից մաքրագործվում է ու առաջնորդում մարդկանց: Այդպիսի ճանապարհ է անցել քրիստոնեությունը:



**Վարքագծի «հաղթարշավը»**



Անկախության տարիներին հայաստանյան քաղաքական դաշտում, փոքրիկ բացառություններով, որոշիչ է եղել հենց քաղաքական վարքագիծը եւ ոչ թե որդեգրած գաղափարախոսությունը: Տիպական օրինակներից է ՀՀԿ-ն: 1999 թվին այն ընդարձակվեց իբրեւ ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող ուժ, որին անդամագրվելն ընկալվում էր որպես պատիվ ու հայրենասիրություն: Հենց դա էր պատճառը, որ այն դարձավ մասսայական կուսակցություն՝ ներառելով հասարակության բոլոր շերտերի հոծ զանգվածներին: Սակայն տարիների հետ պարզ դարձավ, որ կուսակցության վարած քաղաքականությունը, մեղմ ասած, հեռու է անգամ իր շարքայինների ակնկալիքներից: Այսօր էլ վերլուծական մակարդակով դեռեւս ամբողջությամբ գիտակցված չէ կատարվածը: Սակայն հպանցիկ հայացքն էլ բավարար է հասկանալու համար, որ ոչ թե ՀՀԿ գաղափարախոսության վատ լինելու, այլ անձնական գործոնների պատճառով տեղի ունեցավ մասսայական հիասթափություն: Երկրի ղեկավարները ՀՀԿ ներուժը ծառայեցրին Հայաստանում այնպիսի իշխանության հաստատմանը, որի ձեւավորման գործում էական դեր էր խաղում փողը: Դա փողապետական իշխանություն էր: ՀՀԿ-ն աննկատ ներքաշվեց ու աստիճանաբար ընկղմվեց հայկական օլիգարխիայի քրեամետ հատվածի շահերի սպասարկման գործընթացում: Քաղաքական այդ վարքագիծը ոչ թե ինքնաբուխ էր, այլ կուսակցությանը փաթաթվեց վերեւից: ՀՀԿ-ն, անդամների մեծամասնության կամքից անկախ, դարձավ իշխանության գագաթը տանող սանդղահարթակ: Մի գիշերվա մեջ իրենց հանրապետական հռչակողների «հանրապետականությունը» շատերի մոտ դրսեւորվում էր ընդամենը նժդեհյան մի քանի ասույթների աղավաղված իմացությամբ: Այդպիսի անգաղափարակիր ու «չվող» գործիչների ներհոսքն արժեզրկեց գաղափարայնությունը: Խզում առաջացավ իշխող կուսակցության գաղափարախոսության ու դրսեւորած վարքագծի միջեւ: Հանրային կյանքի բոլոր ոլորտներում մոդայիկ դարձավ անձնական կապերի, փողի ու կուլիսային խարդավանքների միջոցով հարցերի լուծումը:



**Վերափոխման անխուսափելիությունը**



Քաղաքական դիմագիծը պահել ցանկացող, բայց ներքնապես բարոյական անկում ապրող ՀՀԿ-ն, վաղ թե ուշ, բախվելու էր վերափոխման պահանջին: Ապրիլյան իրադարձություններն արագացրին այդ գործընթացը: Այսօր ՀՀԿ բարեփոխման առանցքային հարցն այն է, թե որն է լինելու նրա սոցիալական հենարանը, եւ ում շահերն է այսուհետ պաշտպանելու՝ օլիգարխամետ հատվածի՞, թե՞ թշվառության եզրին հասած տասնյակ հազարավոր շարքային անդամների: Սա է ՀՀԿ վերաձեւավորման սահմանագիծը: Գաղափարախոսությունը պետք է ազատագրվի անհարիր վարքագծից: Հակառակ դեպքում հաղորդակից անոթների սկզբունքով ՀՀԿ անդամների մեծամասնությունը կդառնա այլ ուժերի ընտրազանգված, եւ ոչ ոք չի կարող մեղադրել նրան դավաճանության մեջ, քանի որ նրանք հենց իրենք են հայտնվել դավաճանված վիճակում:



Աներկբա է, որ Հայաստանի քաղաքական կյանքում պարտվել է ոչ թե ՀՀԿ գաղափարախոսությունը, այլ նրա վարքագիծը եւ այդ վարքագիծը ձեւավորող վերնախավը: Այս իրողությունը ոչ թե ենթագիտակցական, այլ հենց գիտակցական մակարդակով երբեւէ կհասնի շարքային անդամներին, կուսակցությունում անխուսափելիորեն տեղի կունենան տեղաշարժեր, առաջ կքաշվեն երիտասարդ, քաղաքականապես գրագետ, գաղափարակիր ու բարեվարքությամբ անխոցելի կադրեր: Կուսակցության ավագ սերունդը բաց թողեց ինքնամաքրման այս պահը, որի իրական պատճառներն ավելի շատ ետնաբեմային են, քան քաղաքական գործընթացների տրամաբանության արդյունք: Այդուհանդերձ, առաջիկա տարիների քաղաքական իրադարձություններում, սերնդափոխության անբեկանելի օրինաչափությամբ, «մարտի կգնան» ՀՀԿ երիտասարդները:



**Քաղաքական դաշտի վարակազերծում**



Պետք է նկատել, որ անցած 20 տարիներին ՀՀԿ «հիվանդությունը» բնորոշ է եղել նաեւ մյուս իշխանակիր կուսակցություններին, որոնք նույնպես օլիգարխացվեցին: Ներսից արդեն շերտավորված, բայց արտաքնապես մրցակցող կուսակցությունների «ներքեւինների» շահերն ավելի մոտ էին միմյանց, քան նույն կուսակցության ստորին ու վերին շերտերի շահերը: Դրան նպաստեց նաեւ հասարակության բեւեռացումը: Օրենսդրական փոփոխությունները, այդ թվում՝ ընտրական ոլորտում, դառնում էին ինքնանպատակ, քանի որ դրանք ոչ թե մաքրում էին քաղաքական դաշտի արատները, այլ քողարկում էին հները կամ դրանք փոխարինում նորերով: Քաղաքական պայքարի նոր շրջափուլում վերոնշյալ կուսակցությունների գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, եթե ձերբազատվեն իշխանության մաս կազմելու դիմաց դաշնակիցների սխալների նկատմամբ աչքակապության դրսեւորման անընդունելի գործելակերպից: Հին արատներից ձերբազատվելու, զգոնությունը մշտապես արթմնի պահելու համար օգտակար կարող է լինել նաեւ ընդդիմադիր թեւի գործունեության խրախուսումը հենց կուսակցության ներսում:



**Գաղափարախոսությունը՝ որոշիչ**



Անկախ ամեն ինչից, փաստը մնում է փաստ, որ երկրի քաղաքական դաշտը վերջնականապես ձեւավորված չէ: Չեն նշմարվում այն ուժերը, որոնք իրապես կզբաղեցնեն այդ դաշտի հիմնական ուղղությունները՝ աջ, ձախ, թե կենտրոն: Այս առումով, հին ու նոր բոլոր կուսակցությունները խնդիր ունեն հստակեցնելու գաղափարախոսական բաղադրիչները, այդ թվում, ազատականության ու ժողովրդավարության համադրության սահմանը: Յուրաքանչյուր կուսակցության գաղափարախոսության ու վարքագծի հաշվեկշռով միայն պայմանավորված կլինի նրա իրական ուժը: Ժողովուրդը, որն արդեն սովորել է չափել այդ ուժի մեծությունը, յուրաքանչյուրին կստիպի մշտապես հղկել իր թե՛ գաղափարախոսությունը եւ թե՛ վարքագիծը: Առաջիկա տարիներն առանձնահատուկ կլինեն մասսաների քաղաքական դաստիարակության կազմակերպմամբ, առանց որի քաղաքական գործընթացները կլինեն թերի: Իսկ մինչ այդ, գալիք խորհրդարանական ընտրությունները եւս կընթանան ոչ թե գաղափարախոսությունների նախապատվությամբ, այլ վարքագծային շարժառիթներով, որտեղ շահեկան վիճակում է գտնվում հեղափոխության ճամբարը: Մեկ-երկու արդար ընտրություն՝ բավական կլինի ի հայտ բերելու գլխավոր խաղացողներին: Ժամանակը կբյուրեղացնի քաղաքական դաշտը: Բյուրեղացումը կընթանա ինչպես անհատների, այնպես էլ գաղափարախոսությունների շուրջ: Ժողովրդավարության զարգացմանը զուգընթաց, վերջնարդյունքում նախապատվությունը կտրվի վերջինիս: Կկայանան այնպիսի ձուլումներ, տեղափոխումներ, որոնք այսօր կհարուցեին զարմանք, իսկ ապագայում կհամարվեն անհրաժեշտություն: Քաղաքական դաշտում այսօր ծնվող շատ կուսակցություններ եւս ստիպված կլինեն միավորվել եւ համախմբվել մեկ կառույցում: Կգոյատեւեն առավել կենսունակ գաղափարախոսությունները, որոնց կրողներն ի վիճակի կլինեն դիմանալու քաղաքական գործընթացների մարաթոնյան վազքին: Որքան էլ դաժան լինեն ձմեռները, միշտ էլ դրանց փոխարինելու է գալիս գարունը: Բույսը, որը կորցրել է հիվանդ ցողունը, միեւնույն է, մի օր ծլարձակում է, եթե ամուր ու հզոր է նրա արմատը:



Այդպիսին են նաեւ գաղափարախոսությունները:





**Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ**



**ՀՀԿ խորհրդի անդամ**