Մենք չենք թիրախավորել, ուղղակի երևի որոշ մարդիկ սովոր չեն ազատության

Մենք չենք թիրախավորել, ուղղակի երևի որոշ մարդիկ սովոր չեն ազատության

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում վերջերս հրապարակում է երկու հեռուստաընկերությունների եթերում հարցազրույցի ժանրով հեռարձակվող հաղորդումների ժամանակ հյուրերի հնչեցրած մտքերից հատվածներ։

Հակոբյանը յուրաքանչյուր հաղորդման ժամանակ հնչած 21 միտք էր առանձնացրել, օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված այս միտքը՝ «Երկու ձեռքով պահիր ղեկը, ոչ թե մեկով սելֆի արա, մյուսով էլ՝ կեր: 350.000-անոց վոյաժը ընտանիքով՝ ինչ արդյունք: Ես չեմ ուզում զարթնել լիբերաստների շրջանակներում», կամ՝ «2020 թիվը մենք կապրենք առանց Նիկոլ Փաշինյանի: Այս իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել, պետք է անհապաղ ազատվել»: ՀՌԱՀ նախագահը չի մանրամասնել, թե ո՞ր հաղորդումների եթերում են հնչել այս մտքերը եւ ինչով են արժանացել իր ուշադրությանը, ընդամենը իր գրառման վերջում նշել է․

«Կարդացի՞ք: Իսկ հիմա փորձեք գտնել այս մեջբերումներում բացի չարությունից ու ատելությունից գոնե մեկ քննադատական (նույնիսկ շատ դաժան) խոսք (որի անհրաժեշտությունն իշխանությունը հաստատ ունի), կամ գոնե հոդաբաշխ նախադասություն: Հետո փորձեք գտնել նախորդ ամբողջ 21 տարիների ընթացքում բոլոր հեոռւստաընկերությունների բոլոր քաղաքական շոուների հյուրերի գոնե 21 այսպիսի որակավորում, սպառնալիք, հեգնանք, արհամարհանք, ատելության խոսք երկրի ղեկավարի հանդեպ: Հետո ծանոթացեք ամենաազատական եվրոպական կամ ամենաբռնատիրական արեւելյան երկրների հեռուստահեռարձակումը կարգավորող օրենսդրությանը եւ գուշակեք, թե քանի օր այսպիսի բովանդակություն սփռելուց հետո ցանկացած երկրի ցանկացած հեռուստաընկերություն կպահպաներ հեռարձակման արտոնագիրը: Եթե հետաքրքրեցին այս մեջբերումները, ապա ծանոթացեք տեղեկատվական եւ proxy պատերազմների տեսությանը: Պատերազմների, որոնք ընթանում են թշնամական պետությունների միջեւ, այլ ոչ թե մի պետության ներսում: Հետո համացանցում հետեւեք մի քանի ադրբեջանական (այսինքն թշնամական երկրի) հեռուստատեսությունների քաղաքական հաղորդումներին եւ գտեք դրանց բովանդակության մեջ (եւ ոչ թե երկու ամսում, այլ երկու տարում) նույն որակի 21 արտահայտություն Հայաստանի (այսինքն թշնամական երկրի) ղեկավարի հասցեին (պարբերաբար ծանոթանալով ադրբեջանական լրատվամիջոցների մոնիտորինգի տվյալներին, ես չեմ գտել): Հետո այս մեջբերումներում փորձեք գտնել ցավ, պետությանն օգնելու պատրաստակամություն: Հետո փորձեք գտնել մեկ, գեթ մեկ բարի լուր, դրական գնահատական, օբյեկտիվ նկարագրություն: Հետո մեկ անգամ եւս ինքներդ ձեր համար գծեք խոսքի ազատության եւ մանիպուլյացիաների սահմանումը, պատասխանատվությունը պետության եւ հեռուստադիտողի հանդեպ: Իսկ երբ գծեք, ապա համարձակություն կունենա՞ք հայտարարել, որ Հայաստանում ճնշվում են ազատ լրատվամիջոցները: Ասում եք, ադրբեջանցիներն են՞ հակահայկական քարոզչությամբ զբաղվում: Յա, իրո՞ք»։ 

Այս զեղումներին, իհարկե, հազար հակափաստարկ կարելի էր բերել, սակայն բավարարվենք միայն մեկով՝ եթե նախորդ 21 տարում չեն հնչել նման արտահայտություններ, դա խոսում է խոսքի անազատության եւ մարդու իրավունքների ոտնահարման մասին։ Եւ ինքը՝ Տիգրան Հակոբյանն, ՀՌՀ-ում աշխատելով նաեւ նախկին իշխանությունների օրոք, պետք է այն ժամանակ արտահայտվեր եւ պահանջեր, որ չսահմանափակվի խոսքի ազատությունն ու յուրաքանչյուր ոք հեռուստատեսությամբ ազատ արտահայտվելու իրավունք ունենա, ինչը չի արել։ Մարդն անցյալում ծառայել է նախկին իշխանություններին, այսօր՝ ներկա։

Մենք կապվեցինք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանի հետ, Հակոբյանի գրառմանը նա մեկ նախադասությամբ արձագանքեց․ «ՀՌԱՀ-ը ունի բոլոր գործիքները՝ միջամտելու բոլոր այն դեպքերում, երբ հեռուստաընկերության որևէ քայլ օրենքի պահանջներից դուրս է»։ Իսկ «Երկիր Մեդիայի» գործունեությանը ՀՌԱՀ-ը հաճա՞խ է միջամտում․ «Մեր հեռուստաընկերության գործունեությանը վերջին 16 տարում որևէ մեկը չի կարող միջամտել անհարկի։ ՀՌԱՀ-ը, որպես ստուգող գերատեսչություն, գրություններով պարբերաբար կարող է այս կամ այն դիտողությունն ու առաջարկությունը անել, բայց այս 16 տարվա մեջ մենք որևէ մեկին թույլ չենք տվել, որ միջամտի մեր գործունեությանը»։

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն էլ ասաց․ «Ինքը ՀՌԱՀ-ի նախագահն է, իրենք մոնիթորինգ են անում, իրենք էլ դա ցույց են տալիս, չեմ կարծում, որ դա գրաքննության փորձ է, դա իր իրավունքն է, բայց լավ կլինի, որ ինքը պարբերաբար նաև այլ հեռուստաընկերություններին էլ անդրադառնա, որ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե 1-2 հաղորդման մեջ է այդ ամենը։ Ես որոշել եմ այդ ֆեյսբուքյան գրառումներին առանձնապես շատ ուշադրություն չդարձնել, որովհետև ֆեյսբուքը ուրիշ աշխարհ է, իրական կյանքը՝ ուրիշ»։ Իսկ իրենք խնդիր դրե՞լ են վարչապետին թիրախավորելը, ինչպես Հակոբյանն է նշում՝ «հեգնանք, արհամարհանք, ատելության խոսք» հնչեցնելով․ «Մենք նման թիրախավորում չունենք, ուղղակի երևի որոշ մարդիկ սովոր չեն, որ ․․․ Այսինքն՝ ի՞նչ ուղղորդվածություն ու թիրախավորում կա, ինքը հարցազրույցների ֆորմատից մեջբերումներ է վերցրել, բայց մենք հարցազրույցի հրավիրված մարդուն չենք կարող անընդհատ ասել՝ այսպիսի բան մի ասա, այնպիսի բան մի ասա։ Դրա պատասխանը մեկն է․ խնդրեմ, թող մյուս կողմից էլ գան, մյուս կողմից էլ իրենց կարծիքը ասեն։ Բայց երբ մյուս կողմից չեն գալիս։ Մենք պարբերաբար իշխանական թևից մարդկանց ենք հրավիրում, մեզ մոտ նույնիսկ հաղորդում է փակվել՝ «Դեմ առ դեմ»-ը՝ բանավեճի ֆորմատով, որովհետև իրենք չեն գալիս։ Իրենք ոչ թե չեն գալիս, իրենց չեն թողնում, որ գան, լրատվամիջոցները բաժանվել են սևերի և սպիտակների՝ դուք պետք է գնաք սպիտակ լրատվամիջոց, սև լրատվամիջոց չգնաք, որովհետև սև լրատվամիջոցներում հարցերը նախապես չեն համաձայնեցնում»,- պատասխանեց Հարությունյանը։

Հարությունյանին հարցրինք նաև, թե ի՞նչ ազդեցություն է կրել հեռուստաընկերության աշխատանքը նրա սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալումից հետո․ «Ազդեցություն ոչ միայն ունեցել է, այլև դեռ ունենալու է, որովհետև երբ լրատվամիջոցի սեփականատերը ապօրինի ձերբակալված է, և նրա հասցեին ինչ ասես սարքեցին ու գրեցին, դա և՛ բարոյական առումով է ազդեցություն ունենալու և՛  ֆինանսական, որովհետև ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում չկա մի լրատվամիջոց, որ սեփականատիրոջ կողմից ֆինանսական ներհոսք չունենա, և, բնականաբար, նրանք դա շատ նպատակաուղղված արեցին։ Իրենց թվում է, թե դրանով կփորձեն խոչընդոտել ազատ խոսքի մեր իրավունքը, բայց չի ստացվի իրենց մոտ, ինչպես չի ստացվում մնացած բոլոր դեպքերում, բոլոր առումներով»,- ասաց Հարությունյանը։