«Երևան» հիմնադրամը Տարոն Մարգարյանին է պարգևատրել

«Երևան» հիմնադրամը Տարոն Մարգարյանին է պարգևատրել
«Երեւան» հիմնադրամում տեղի ունեցած չարաշահումները նոր Հայաստանի ԱԱԾ-ի առաջին բացահայտումներից էին: Քաղաքացիներ, որոնց անունները չեն հրապարակվել, հայտնել էին ԱԱԾ-ին, որ քաղաքապետարանի պաշտոնյաները կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ: «Հիմնադրամը ձեւավորվում էր հետեւյալ սխեմայով՝ ով քաղաքապետարանի հետ գործ ուներ, գումար էր վճարում՝ ինչ-որ փաստաթղթեր ստանալու համար, նրանց ասում էին, որ գումարի մի մասը մուծի հիմնադրամին: Այսպես էին գոյանում հիմնադրամի գումարները, բայց սա դժվար է շատ ապացուցել»,- հայտնեց քաղաքապետարանի նախկին աշխատակիցներից մեկը:



Հունիսի սկզբին, երբ դիմակավորված ԱԱԾ-ականները մտան հիմնադրամ՝ թղթեր առգրավելու, եւ քրեական գործը նոր էր հարուցվել, պաշտոնապես հնչած որակումները խիստ էին՝ պաշտոնական դիրքի չարաշահումներ: Այժմ խոսվում է խախտումների եւ բացթողումների մասին, իսկ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն օրերս հայտարարեց, որ նախկին քաղաքապետ, «Երեւան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Տարոն Մարգարյանն ընդունել է, որ եղել են «որոշակի խախտումներ», եւ որ գործի քննության արդյունքում պետբյուջե պետք է վերադարձվի շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով գումար: Դրանից մոտ 1 մլրդ-ն արդեն վերականգնված է: Ի՞նչ եղավ մնացածը, եւ ի՞նչ խախտումների մասին է խոսքը:



ԱԱԾ-ն չի շտապում պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին: «Հիմա ընդհանուր հաշվարկներ ենք կատարում հատուցված գումարների հետ կապված, առաջիկայում այդ տեղեկությունները կհրապարակվեն»,- «փափուկ բարձի» ֆունկցիա է ստանձնում ԱԱԾ մամուլի կենտրոնի զգուշավոր տնօրեն Սամսոն Գալստյանը: Հարցը, թե արդյոք Տարոն Մարգարյանն անձամբ գումար վերադարձրե՞լ է, Սամսոն Գալստյանը «ջրեց»՝ խոստացավ ճշտել եւ հայտնել, բայց ո՛չ ճշտեց, ո՛չ էլ հայտնեց: Քննությանը մոտ, հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ «Երեւան» հիմնադրամում հայտնաբերված 1 մլրդ 800 հազար դրամի խախտումները բացարձակապես կապ չունեն բուն չարաշահումների գործի հետ: Դրանք վերաբերում են աշխատողների պարգեւատրումներին եւ քաղաքի կենտրոնում բարեկարգման աշխատանքների վրա կատարված ծախսերին: Հիմնադրամի ղեկավարությունը վերջինիս գումարներով քաղաքապետարանի աշխատողներին 1 մլրդ 200 մլն դրամի պարգեւատրումներ է տրամադրել, ընդ որում՝ այս գումարի մեծ մասը՝ որպես պարգեւատրում, ստացել է հենց հիմնադրամի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Այլ կերպ ասած՝ Տարոն Մարգարյանը պարգեւատրել է ինքն իրեն: 500 մլն դրամ էլ ծախսվել է Գարեգին Նժդեհի արձանի շուրջն ընկած տարածքի բարեկարգման վրա: Ի դեպ, այս տարածքում տեղադրված ցայտաղբյուրներից հիմնականում տաք ջուր է հոսում, ինչը նկատելի է հատկապես ամռան տապին: Սա նշանակում է, որ ջրի խողովակը հողի տակ տեղադրված է ոչ բավարար խորությամբ, եւ ջուրը տաքանում է: Հիշեցնենք, որ «Երեւան» հիմնադրամում բացահայտված չարաշահումների գործով նախկին քաղաքապետը վկայի կարգավիճակ ունի: Սակայն նրա դեմ նաեւ այլ քրեական գործ կա հարուցված՝ նախկին քաղաքապետի ունեցվածքին վերաբերող, որը, հավանաբար, եւս «գումարի» գանձմամբ կլուծվի: «Ես ԱԱԾ տնօրեն նշանակվելու առաջին իսկ օրվանից հայտարարել եմ, որ հակված չեմ մարդկանց լցնել բերդերը: Եթե ֆինանսական չարաշահում է արվել, կարծում եմ, որ ավելի արդյունավետ է, որ այդ գումարները վերադարձնեն»,- ասել է Վանեցյանը՝ պատասխանելով Մարգարյանի մեղադրանքների վերաբերյալ հարցին:



ՀԳ. Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում ավելի քան 20 մլրդ դրամ է վերականգնվել: Անցել է երեք ամիս, բայց մինչ օրս ոչ մի մարմին հստակ թվային պատկեր չի ներկայացրել քրեական գործերի, հայտնաբերված խախտումների արդյունքում հավաքված գումարների, կոռուպցիայի, ապօրինի հարստացումների հայտնաբերման հետեւանքով պետբյուջե մուտք արված փողերի վերաբերյալ:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**