Համաներումը չի տարածվելու «Զիբիլիքսի» գործի վրա

Համաներումը չի տարածվելու «Զիբիլիքսի» գործի վրա
Համաներման ակտի նախագիծը, որին կալանավայրերում սրտատրոփ սպասում են հեղափոխության առաջին օրից, առայժմ հրապարակման ենթակա չէ: Թե կառավարությունում, թե ԱԺ հանձնաժողովում այն քննարկվում է գաղտնի ռեժիմով: Այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ հաջողվում է ստանալ գործընթացին մոտ կանգնած անձանցից: Համաներման ակտի մեջ այս անգամ նշված են լինելու ոչ միայն քրեական օրենսգրքի հոդվածներ և ազատազրկման ժամկետներ, որոնց շրջանակում որոշվելու է, թե ում վրա է այն տարածվում, այլև կոնկրետ քրեական գործեր: Արդեն գրվել է, որ «համաներվողների» թվում են Շանթ Հարությունյանը և ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները: Հավաստի աղբյուրը տեղեկացնում է, որ որոշման նախագծի մեջ առանձին տողով նշված է, որ համաներումը չի տարածվում «Զիբիլիքսի» գործի վրա:



Հիշեցնենք, որ անցյալ տարի Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքի անդամները նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտակայքի աղբամանից մոտ 30 էջանոց մի փաստաթուղթ էին պեղել, որում նշված են եղել ՀՀԿ -ի համար փող բաժանող պաշտոնյաների, այդ թվում՝ ոստիկանների անուն-ազգանունները, ձայների քանակը, որը նրանք պարտավորվել էին բերել: 2017-ի հուլիսին «Զիբիլիքսի» գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով, իսկ հեղափոխությունից հետո ՀՔԾ-ն կրկին վերսկսեց գործի վարույթը:



Այսպիսով, Փաշինյանը և արդարադատության նախարարը չեն կարողանում «համաներել» «Զիբիլիքսի» գործող անձանց: Նրանք պատասխանատվություն են կրելու, ինչպես դասականն է ասել՝ օրենքի տառին համապատասխան: Կարելի է եզրակացնել, որ նիկոլականները սուբյեկտիվ մոտեցում ունեն այս գործի վերաբերյալ: Կամ ափսոսում են ջանքերը, որոնց շնորհիվ «թանկարժեք հանածոն» դուրս բերվեց աղբամանից և ՀՀԿ-ականների կատարած ընտրական հանցագործությունների առարկայական ապացույց ձեռք բերվեց, կամ էլ հիշաչար են, չեն կարողանում ներել քաղաքական մրցակիցներին, որոնք Երևանի ավագանու նախորդ ընտրություններում անազնիվ միջոցներով խլեցին քաղաքական հաղթանակը «Ելք» դաշինքից:



**Սյուզան Սիմոնյան**