Երբեք նախարարությունում միջակություններն այսպիսի էյֆորիայի մեջ չեն եղել, ինչպես այսօր

Երբեք նախարարությունում միջակություններն այսպիսի էյֆորիայի մեջ չեն եղել, ինչպես այսօր
_Հարցազրույց կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ․_



**-Պարոն Շահնազարյան, օրեր առաջ Ձեր հեղինակած «150-ամյա Կոմիտասը՝ բիզնեսի առարկա» հոդվածը մեր կայքում մեծ արձագանք գտավ եւ քննարկումների տեղիք տվեց նաեւ ոչ մասնագիտական շրջանակներում։ Դուք մասնավորապես նշել էիք, որ Կոմիտասի 150-ամյակի հանձնաժողովը ոչ մի կոնցեպտուալ առաջարկ ու պատկերացում չունի Կոմիտասի հոբելյանը նշելու համար, եւ այդ առիթով նախարարությունում հրավիրված նիստի ընթացքում արվել են «մի հերթական ծնունդ» նշելու առաջարկներ, որին Դուք չեք ուզում մասնակցել։ Մինչդեռ թավշա հեղափոխությունից հետո անընդհատ նշվում է, որ Նոր Հայաստանում իրողություն է փոխվել, այդ դեպքում ինչո՞ւ հին մոտեցումներն ու աշխատաոճը չեն փոխվել։**



-Նախ ուզում եմ շեշտել՝ երախտապարտ եմ մեր նոր սերնդին, որ կարողացան մեզ այս ծուռ հայելիների աշխարհից ձեւափոխել, եւ մենք իսկապես հեղափոխություն արեցինք ու ապրում ենք նոր երկրում։ Հիմա՝ գալով Կոմիտասի 150-ամյակի հանձնաժողովին, ասեմ, որ նախարարությունն ընդհանրապես չունի հայեցակարգ, ուղղություն, ավելին՝ նա իրականացնում է սոցապնախարարության գործառույթը, ուստի պետք է այն միացնել կա՛մ սոցապնախարարությանը, որ թոշակ բաժանեն, կա՛մ կրթության եւ գիտության նախարարությանը, որ կարողանան այս սերնդին դաստիարակել։ Մշակույթի նախարարությունն այսօր մի տեղ է, որտեղ մարդիկ զբաղված են գլուխ պահելով, իրենց անձնական հարցերը լուծելով, մի երեխայի տեղավորել ենք, որ օրվա հացի խնդիրը լուծի, տուն պահի։ Այդպես է նաեւ Կոմիտաս թանգարան-ինստիտուտի դեպքում, որի տնօրենը մասնագետ չէ, ուղղակի նշանակել են, եւ ի վիճակի չէ ինչ-որ բան փոխելու, այսինքն՝ ուզում է, որ ամեն ինչ մնա նույնը, հանկարծ իրեն չնեղացնեն, վատ բան չասեն, չբողոքեն, ու բան չփոխվի։ Հիմա իրենք ասում են, որ բյուջեն հաստատված է մինչեւ 19թ․-ն, բայց չէ՞ որ այն, ինչ հաստատված է, կարելի է նաեւ հսկել, որ գործն արվի։ Ինձ հետաքրքիր է՝ երբ ոչ մասնագետը գնում է Սորբոն, դասախոսություն է կարդում, այդ հսկողությունն արվո՞ւմ է։



Տպվում եւ հրատարակվում են կեղծ գիտական նյութեր, որոնց 90 տոկոսը կեղծ է։ Հիմա նրանց ուժը նրանում է, որ շատ են, մի ամբողջ բանակ են ու կարող են ասել՝ ապացուցիր, որ կեղծ է։ Օրինակ՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրենը դիսերտացիա է պաշտպանել եւ դարձել է արվեստագիտության թեկնածու, թաքուն տարել են ակադեմիա եւ կեղծ գիտության թեկնածուի կոչում տվել։ Այսինքն՝ սա արդեն կրիմինալ է։ Ու իր աշխատանքի ղեկավարն էլ եղել է երաժշտագետ Աննա Ասատրյանը․ վստահ եմ՝ իր գրածն էլ է կեղծ, որով թեկնածուական է պաշտպանել։ Կամ՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտները գրեթե համատարած պաշտպանել են թեկնածուական (տղաները «պաշտպանել են» բանակից ազատվելու համար), եւ դրանց առնվազն 90 տոկոսը կեղծ է, զառանցանք: Ինձ ասացին, որ տարին մոտ 300 հոգի թեկնածուական է պաշտպանում, բա ո՞ւր են այդ աշխատանքները, այդ մարդկանց գրած գրքերը, ո՞ւր են այդ գիտնականները։ Բա սա կոռուպցիա չէ՞, տեսեք, թե թաքնված կոռուպցիան որտեղ է, պետության միջոցները որտեղ են ծախսվում, ամեն գիտության թեկնածուի ամիսը 25 հազար թոշակ են տալիս, կեղծ դոկտորներին՝ 50 հազար։ Ու երբ ես դրա մասին բարձրաձայնում եմ, ասում են՝ չարացել է, մեկն էլ գրել էր, թե Դուք ու՞ր էիք, որ մեր ժողովրդին 20 տարի ռաբիսով էին սնում, ու դա ասում են ինձ, որ ամբողջ կյանքս եղել եմ մանկապարտեզներում, շրջաններում, երեխաներին Կոմիտաս եմ սովորեցրել, ամեն տարի 2 հազար երեխա դպրոցներից հավաքվում է ու իմ ղեկավարությամբ Կոմիտասի նոր երգեր է երգում, էլ չասեմ, որ ուսուցիչներին եմ վերապատրաստել, սեմինարներ անցկացրել, հատորներով գրքեր եմ տպել։



**-Դուք նաեւ նամակ եք գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ անդրադարձել եք Կոմիտաս թանգարան-ինստիտուտի հայեցակարգին ու գործունեությանը՝ նշելով, որ այսօր թանգարանում չի երեւում այն, ինչի հոմանիշն է Կոմիտասը։**



-Այո, ես վարչապետին նամակ էի գրել մոտ 3 ամիս առաջ, թե ինչպիսին պետք է լինի այդ թանգարան-ինստիտուտը, եւ ընդհանրապես ինչպիսին պետք է լինի մշակույթի նախարարության հայեցակարգը։ Նախարարության միջոցները պետք է ուղղվեն միայն բարձրարժեք մշակույթին, բարձրարժեքը կարող է լինել նաեւ մասսայական։ Նախարարությունն ինչո՞ւ է թաքցնում իր բյուջեն, թող քաղաքապետարանի նման բոլոր ծախսերը դնի կայքում, ու ամեն մարդ տեսնի, թե ինչի վրա են դրանք ծախսվել։ Չեն դնում, որովհետեւ նույն բանը շարունակվում է։ 20 հոգու ուղարկում են պետության հաշվին Սորբոնի համալսարան, որտեղ կիսատ-պռատ դասախոսություններ են կարդում դատարկ դահլիճում։ Այդ ծախսն ինչի՞ համար էր, թող գնային՝ մեր գյուղում դասախոսություն կարդային, երեխաներին երգ սովորեցնեին։ Պետք է մտածենք, թե ինչպես կուզեր հենց ինքը՝ Կոմիտասը։ Ես ինչքան ուսումնասիրել եմ Կոմիտասին, գիտեմ, որ այդ մարդը փակ պատերի հետ գործ չուներ, նա պատերից դուրս մարդ է եղել։ Այդ ինստիտուտը պետք է լիներ մի կենտրոն, մի հնոց, որ ամբողջ Հայաստանի շրջաններում, սկսած սահմանապահ գյուղերից, մեր ժողովրդի ճաշակը, աշխարհայացքը հեղափոխեր եւ բերեր իր տեսակին, արմատներին, ինքնությանը։ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը պետք է կատարի այն գործը, առաքելությունը, ինչն ուզում էր անել Կոմիտասը։ Ո՞ւմ է պետք նրանց աշխատանքը, եթե մինչեւ այսօր ռուսական ֆիլմերի երաժշտությունների ներքո մանկական հանդեսներ են անում։ Երբեք միջակություններն այսպիսի էյֆորիայի, երջանկության մեջ չեն եղել, ինչպես որ այսօր՝ խոսքը նախարարության մասին է։



**-Նկատի ունեք՝ մշակույթի նախարարության վարած քաղաքականությունն այնպիսին է, որ տեղ է տալիս միջակություններին։**



-Նախ՝ քաղաքականություն չկա, ուղղակի թույլատրված է՝ ինչ ուզում եք, արեք։ Օրինակ՝ նախարարության պաշտոնյան մշակույթից այնքան հեռու է, ինչքան վերջին լուսաստղը լուսատարիով հեռու է Երկրից, եւ Կոմիտասի թանգարանի տնօրենն էլ նույնքան հեռու է Կոմիտասից։ Այս դեպքում ամենալավը կհասկանան իրար՝ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ու թանգարանի տնօրենը․ երկուսն էլ հեռու են դրանից։ Կարծում եմ՝ այդ նամակը վարչապետը չի կարդացել, ու այնտեղից միանգամից մակագրել են նախարարություն, 2 ամիս մնացել էր նախարարությունում, ու նախարարին այդ նամակը չէին տվել, որովհետեւ, երբ մտա նախարարի մոտ, նամակից տեղյակ չէր, այն դեպքում, որ այդ նամակի տակ իրենց ստորագրությունն էին դրել նաեւ երգիչ Բարսեղ Թումանյանը, կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանը, Մարտուն Իսրայելյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, նկարիչ Խաչիկ Աբրահամյանը, Մատենադարանի կրկնակի դոկտոր Արծրունի Սահակյանը, դիրիժոր Զավեն Վարդանյանը եւ այլք։ Դրանից հետո մենք հանդիպում ենք, մի ժամ 20 րոպե քննարկում է լինում, ինքն իմ դիտարկումների հետ համաձայնում է, որ դա իրենց սրտից է, բայց Կոմիտասի 150-ամյակին նվիրված նիստին տեսնում եմ, որ ոչ մի նման բան չկա։ Այսինքն՝ նախարարը կարող է համաձայնել բոլորի հետ, եւ ով գա, ինչ ասի, կասի՝ դուք ճիշտ եք։ Հանձնաժողովի կազմը եւ ողջ ընթացքը ցույց տվեցին, որ նորից նույն մանկապարտեզը շարունակվելու է, Կոմիտասի 150-ամյակը լինելու է սովորական միջոցառումների շարք։ Եթե Կոմիտասը կենդանի լիներ, Անդրանիկի նման կասեր՝ այդ ամբողջը դրեք մի կողմ եւ ամենօրյա աշխատանք տարեք, բայց այդ միջոցառումներով, ամյակներով աչք են փակում, իբր թե հիշեցինք։ Անդրանիկն ասաց՝ ինձ արձան չդնեք հանկարծ, այդ արձանի գումարով դպրոցներ կառուցեք, բայց արեցին ճիշտ հակառակը։



**-Թանգարան-ինստիտուտն արդեն 3 տարի է՝ գործում է, մինչ այդ առիթ ունեցե՞լ եք Ձեր մտահոգությունները, դիտարկումները բարձրաձայնելու թե՛ տնօրենին, թե՛ մշակույթի նախկին նախարարին։**



-Նախկին նախարարի հետ էլի խոսել եմ եւ ոչ միայն թանգարանի, այլեւ ընդհանուր մշակութային դաշտի մասին, խոսել եմ, քննադատել, ինքն էլ համաձայնել է, անգամ իրեն ցույց եմ տվել պետական միջոցներով նկարահանված եւ Հ1-ով ցուցադրված այլասերված հաղորդումները։ Մեր կոմիտասյան համերգի գումարը պիտի գնա պետական բյուջե, դա էլ փոխանցեն Հ1-ին, որ այդպիսի այլասերված հաղորդումնե՞ր ցույց տա։ Եվ հիմա Ջաղինյանը եկել՝ այդ կազմի մեջ որոշում է Կոմիտասի 150-ամյակի տոնակատարությունները։



Ես այդ օրը նիստի վերջում ինչ-որ պետք էր, ասացի, ոչ ոք ինձ չմիջամտեց։ Իրատես մարդ լինելով հանդերձ, կարծում եմ՝ միջակությունների եւ հացի խնդիր լուծողների այդ բանակն այնքան մեծ է, որ նախարարը նախ չի ուզում ինչ-որ բան անել եւ եթե ուզի էլ, չի կարող անել։ Դա ավելի դժվար բան է լինելու, քան այս հեղափոխությունը, որը հրաշք ենք համարում։ Ինձ թվում է՝ այստեղ հրաշքն էլ չի փրկի, չակերտավոր մտավորականների այդ ճահիճն այնպես է հարմարվում ամեն անգամ, որ դրանից ո՛չ վարչապետը կարող է գլուխ հանել, ո՛չ նախարարը, պետք է ուղղակի՝ Կոստան Զարյանի ասածի նման, դնել ու դանակով այդ պարանը կտրել, այսինքն՝ կտրուկ քայլերով վերջացնել այդ հարցը, բայց ես հույս չունեմ, որ ինչ-որ բան այնտեղ փոխվելու է։



**-Դա անձերո՞վ է պայմանավորված, եթե, օրինակ, Մակունցի փոխարեն ուրիշ մեկը լիներ, ինչ-որ բան կփոխե՞ր։**



-Չգիտեմ, բայց նախ պետք է լինի մարդ, ով տիրապետում է մշակույթին, որովհետեւ կարող են իրեն կեղծ մշակութային արժեքներ ներկայացնել, օրինակ՝ բերեն ծրագիր, ասեն՝ սրանք ժողովրդական երգեր են, բայց ոչ ոք չի էլ իմանա՝ դա ժողովրդակա՞ն է, թե՞ աղբ, լրիվ անտեղյակություն է ու բոլոր ասպարեզներում։



**-Դուք մի քանի անգամ նշել էիք Արմեն Սմբատյանի հովանավորչության մասին, նրա դերակատարությունն իսկապես այդքան գործո՞ւն է երաժշտական աշխարհում։**



-Ինձ համար պարզից պարզ է, որ ինքն է նշանակել եւ ինքն է ղեկավարում Կոնսերվատորիան, Կոմիտասի թանգարանը, Արամ Խաչատրյան փառատոնը եւ այլն, ուղղակի չես հասկանում՝ սա ի՞նչ ծրագիր է, որ Կոմիտասի հետ կապված լուրջ բաները, եւ ոչ միայն, լինեն մի կամ մի քանի հոգու կոնտրոլի տակ։ Իմ կարծիքով՝ սա արդեն դրսի ծրագիր է, եւ Կոմիտասը ռազմավարական վտանգ է ներկայացնում ինչ-որ անծանոթ ուժերի։ Երբ, օրինակ, Հ 1-ը պետական բյուջեով նման այլանդակություններ է ցույց տալիս, ես չեմ մտածում, որ դա պատահականություն է, այլ այդ ծրագրի շղթան է, ու երբ ուսումնասիրում ես ուշադիր, տեսնում ես, որ այդ մարդիկ իրար շատ մոտ ընկերներ են, դա նույն շրջանակն է, որ իր մետաստազները տարածել է արդեն այս ազգի մարմնի մեջ, եւ այդ մետաստազները երեւացին Կոմիտասի 150-ամյակի նիստին։ Իսկ ես այս քաղցկեղի մեջ անելիք չունեմ։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**