ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի մահվան վարկածները

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի մահվան վարկածները
Կոստրոմայի մարզում ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի տեղակալ Սահակ Կարապետյանը։ Այս տեղեկությունը տարածվեց երեկ առավոտյան: Ըստ նախնական տվյալների՝ AS-350 տեսակի ուղղաթիռը հոկտեմբերի 3-ին, ժամը 18։40-ին ընկել է Վոնիշեւո գյուղի մոտ՝ անտառում։ Ուղղաթիռում երեք անձ է եղել, եւ բոլոր երեքն էլ զոհվել են։ Քրեական գործը հարուցված է անվտանգ երթեւեկության եւ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման հետեւանքով, որը երկուսից ավելի անձանց մահվան պատճառ է դարձել։



Կարապետյանը պատահարի օրն արձակուրդում է եղել, ընկերների ու զարմիկի հետ մեկնել է որսի եւ այդ օրը ուղղաթիռով վերադառնալիս է եղել։ Ավիավթարի վայրում գտել են 3 որսորդական հրացանի դետալներ։ Արդեն տվյալներ կան, որ թռիչքը պետք է կայանար հոկտեմբերի 4-ին, սակայն, անհայտ պատճառով, որսորդներն ավելի շուտ են օդ բարձրացել, առանց դիսպետչերին զգուշացնելու, վատ տեսանելիության պայմաններում։ ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ «Heliport Москва» համալիրին պատկանող այդ չարաբաստիկ ուղղաթիռը խավարի մեջ կորցրել է կողմնորոշումը։



Ըստ այլ վարկածի՝ ուղղաթիռը ծանրաբեռնված է եղել, եւ թռիչքը ոչ թե ծրագրվածից շուտ է տեղի ունեցել, այլ ուշ, քանի որ որսորդները մոլորվել են անտառում եւ ուշացել են թռիչքի նախատեսված ժամից։ Կարծիքներ կան նաեւ, որ ուղղաթիռը, այս վարկածի համաձայն, ծանրաբեռնված է եղել։ Մի շարք փորձաքննություններ են նշանակված։ Ստուգում են անգամ ուղղաթիռի վառելիքի որակը։ Կարապետյանը 58 տարեկան էր։ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի դեկտեմբերի 14-ից։ Նա երկար տարիներ աշխատել է իր ծննդավայրի՝ Ռոստովի մարզի դատախազությունում, նաեւ եղել է ՌԴ խորհրդարանի պատգամավոր։



Ռոստովը՝ որպես քրեական հեղինակությունների եւ խմբավորումների, հայտնի օրենքով գողերի ազդեցության տակ գտնվող մարզ, բավականին բարդ տարածք է եղել դատախազության համար։ Որպես հայ իրավապահի առանձնահատուկ արժանիք էր համարվում նրա դերը նիգերական սահմանապահների կողմից 2003 թվականին կալանավորված ռուս 12 ծովագնացների վերադարձը երկիր։ Նրանց երկու տարի պահել էին Նիգերիայի իրավապահները, եւ այս օպերացիային հետեւում էին աշխարհի ԶԼՄ-ները։



Կարապետյանը համարվում էր նաեւ ՌԴ ամենահարուստ իրավապահներից։ Անցյալ տարի ռուսական Компромат.Ru պարբերականը հրապարակել էր նրա եւ ընտանիքի անդամների հայտարարագրած եկամտի չափը՝ 51 մլն ռուբլի, որի մեծ մասը Կարապետյանի կնոջ անունով է ձեւակերպված։ Այս հանգամանքը Կարապետյանի հակառակորդները հաճախ են օգտագործել՝ նրա դեմ ինտրիգներ սարքելու, մամուլի պատերազմներ հրահրելու նպատակով նրան կապելեն Ռոստովի ազդեցիկ իրավախախտների հետ, մասնավորապես՝ Ռոստովի մեծահարուստներից մեկի՝ Արկադի Գաբրիելյանի հետ, որի «Ֆավորիտ» ընկերությունն 90-ականների վերջին մեղադրվում էր խոշոր խարդախությունների մեջ։



Իրավապահներից այս գործով դատապարտվեց մեկ անձ՝ ոստիկանությունից։ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելուց հետո ողբերգական պատահարի՝ ավտովթարի զոհ դարձավ նաեւ Սահակ Կարապետյանի որդին՝ Արթուրը։ Ի հիշատակ Արթուրի՝ Սահակյանների ընտանիքը Ռոստովի Տոլստոյի անվան հրապարակում կառուցեց Սուրբ Հարություն վանքը։ Այդ նույն տեղում ժամանակին հայկական կաֆեդրալ տաճար էր եղել, որը խորհրդային ժամանակ քանդել էին։ Սահակ Կարապետյանը նաեւ այս վանքի հովանավորն է եղել։



Կարապետյանը հայ համայնքի կողմից հարգված, ազդեցիկ անձնավորություն էր, աչքի էր ընկնում հայանպաստ գործունեությամբ։ ՌԴ գլխավոր դատախազությունում նա սպասարկում էր միջազգային ոլորտը եւ, ըստ տարածված կարծիքների, «հաճախ նեղում էր ազերիներին»։ Ահա թե ինչու ՌԴ հայ համայնքում արագ տարածվեցին կասկածներ, որ ուղղաթիռի վթարը ոչ թե դժբախտ պատահար էր, այլ մանրամասն կազմակերպված սպանություն եւ նպատակ ուներ վերացնել հայ գործչին։ Իրավապահ շրջանակներում հակված են դժբախտ պատահարի վարկածին, քանի որ չվերթը մասնավոր էր, եւ, ամենայն հավանականությամբ, Կարապետյանն ինքն է որոշել փոխել թռիչքի ժամը։



Երեկ օրվա երկրորդ կեսին մեկ այլ վարկած էլ տարածվեց, որի համաձայն ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի մահը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ։ Բանն այն է, որ Սահակյանը համակարգում էր աղմկահարույց գործերի հետաքննությունները, մասնավորապես, Սոլսբերի քաղաքում Սկրիպալների դեմ մահափորձի հետաքննությունը։ Ըստ այս լուրերի, Սահակյանին վերացրել են ՌԴ հատուկ ծառայությունները, որոնք կասկածում էին նրան արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ համագործակցության, նրան տեղեկություններ փոխանցելու մեջ։ ՌԴ դատախազությունն այս վարկածը հերքում է։ Ավիագիցիայի գիտակներն էլ հակված են կարծելու, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել հենց Կարապետյանի պատճառով, որը ճնշում է գործադրել օդաչուի վրա։ Սովորաբար, ուժայինները խախտում են թռիչքային անվտանգության կանոնները, ինչը, երբեմն, վթարների պատճառ է դառնում։



Առհասարակ, Յուրի Չայկան մշտապես աչքի է ընկել հայերի նկատմամբ իր համակրանքվ։ Նա ընկերական կապեր ունի ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հետ։ 2016 թվականին իր ապարատ էր բերել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանին։ Նրա ներկայացմամբ՝ ՌԴ նախագահը Մնացական Սարգսյանին նշանակեց ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի օգնականի պաշտոնում:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**