Հաջորդ օրն առավոտյան արդեն իսկ զանգ էր եղել ինձ՝ խնդրանքով, որ չդնենք քվեարկության

Հաջորդ օրն առավոտյան արդեն իսկ զանգ էր եղել ինձ՝ խնդրանքով, որ չդնենք քվեարկության
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այսօր խոսելով իր և վարչապետի հանդիպումից և քննարկումներից, ասաց, որ ինքն ասել է՝ բոլոր օրենքները կարգավորելուց հետո, տրամաբանական ժամկետներում իրենք պատրաստ են համերաշխ, միասնական գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։



**Hraparak.am**-ի հարցին, թե վարչապետը դրան ինչպե՞ս է արձագանքել, Բաղդասարյանն ասաց․ «Մեր պայմանավորվածությունը Մարիոթում եղել է այն, որ մենք պետք է քննարկում կազմակերպենք, և այդ նախաձեռնությունը դեռ այդ օրը առավոտյան էլ Պետաիրավաան հանձնաժողովում է եղել, այդ մասին որևէ խոսակցություն չի եղել, և հաջորդ օրն առավոտյան արդեն իսկ զանգ էր եղել ինձ՝ խնդրանքով, որ չդնենք քվեարկության, որպեսզի գանք, քննարկենք, որից հետո նոր որոշում կայացնենք։ Դրանից հետո նորից վարչապետը եղել է ինձ մոտ, իմ առանձնասենյակում, և արդեն ոչ թե քննարկման, այլ իրազեկելու, որ մենք դեկտեմբերին գնում ենք ընտրության»։



Բաղդասարյանի խոսքով՝ մասնագետները պնդում են, որ երեկվա օրենսդրական նախաձեռնությունը որևէ ձևով չի կարող կանխարգելել արտահերթ ընտրությունները։ «Դուք նաև երեկ տեսաք ԱԺ պատգամավորների նկատմամբ այդ ոտնձգությունները, նրանց հանդեպ վիրավորանքները, այդ նախագիծը նրա համար է, որ Սահմանադրության մեջ ավելի ամրապնդվի, որ չի կարելի պատգամավորի բնականոն աշխատանքը խոչընդոտել։ Դա է եղել։ Եվ դրանից հետո, երեկոյան ուշ ժամի արդեն, երբ որ եկանք բոլոր քաղաքական ուժերի հետ հանդիպման, վարչապետը եկավ պարզապես իրազեկեց, որ ես բանակցության չեմ եկել, եկել եմ իրազեկելու, որ ես դեկտեմբերին գնում եմ ընտրությունների։ Բնականաբար, մենք դեկտեմբերի հետ կապված որևէ քննարկում չենք կազմակերպել, քանի որ դա պարզապես տրամաբանական շրջանակներում չի տեղավորվում առանց քաղաքական ուժերի հետ խորհրդակցելու և առանց քաղաքական ուժերին հնարավորություն տալու, որ նրանք նախապատրաստվեն ընտրություններին»,-ասաց պարոն Բաղդասրայանը։



Հարցին՝ իսկ վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, Բաղդասարյանը խորհուրդ տվեց դեպքերից առաջ չընկնել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**