Տեխզննման կտրոնները չեն լինելու, հսկողությունն իրականացնելու է ոստիկանությունը՝ իր բազայով

Տեխզննման կտրոնները չեն լինելու, հսկողությունն իրականացնելու է ոստիկանությունը՝ իր բազայով
Ավելի քան երկու մամիս առաջ՝ հուլիսի 9-ին **Hraparak.am**-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, խոսելով ավտոմեքենաների պարտադիր տեխզննման գործընթացում փոփոխություններից, ասել էր՝ մոտակա 15-20 օրվա ընթացքում արդեն լրիվ կունենան մշակված փաթեթը։ Խոսքը փոփոխությունների նախագծի մասին է։ Այսօր Աշոտ Հակոբյանն ասաց, որ նախագիծն արդեն պատրաստ է և դրվել է շրջանառության մեջ։



«Օրենքի նախագիծը մենք ունենք, շրջանառվում է բոլոր պետական կառավարման շարագրգիռ մարմինների հետ՝ արտակարգ իրավիճակների նախարարություն, ֆինանսների և այլն»,-ասաց նախարարը։ Աշոտ Հակոբյանն ասաց, որ համաձայն նախագծի՝ բոլոր մեքենաները պետք է անցնեն տեխզննում, պետք է լինի էլեկտրոնային համակարգ, մեքենան տեխզննման կայանում ստենդի վրա կանգնելուց հետո պետք է իրենց բազայում ցույց տա, թե որ մեքենաներն են անցել տեխզննում, իսկ որոնք չեն անցել կամ ժամկետը լրացել է, այդ տվյալներն իրենք տրամադրելու են ոստիկանությանը։



«Տեխզննման կտրոնները չեն լինելու, հսկողությունն իրականացնելու է ոստիկանությունը՝ իր բազայով, որով տեսնելու է՝ տվյալ մեքենան անցե՞լ է տեխզննում, թե՞ ոչ»,-ասաց պարոն Հակոբյանը։ Տրանսպորտի նախարարն ասաց, որ նախատեսում են մեկ-երկու ամսվա ընթացքում՝ մինչև տարվա վերջ ավարտել այս գործընթացն ու ընդունել նախագիծը։ Ինչ վերաբերում է այս փոփոխությունն իրականացնելու համար էլեկտրոնային և տեխնիկական հագեցվածությանը, նախարարն ասաց, որ իրենք դա արդեն ունեն։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**