Էն ուժերը, որոնք ասում են՝ հնարավոր է սկսել միանգամից մի քանի կայարանների շահագործման աշխատանքը, սուտ է, չհավատաք (տեսանյութ)

Էն ուժերը, որոնք ասում են՝ հնարավոր է սկսել միանգամից մի քանի կայարանների շահագործման աշխատանքը, սուտ է, չհավատաք (տեսանյութ)
ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր ներկայացրեց իրենց ներդրումային ծրագրերը, որոնք խոստանում են իրականություն դարձնել, եթե իրենց թիմը հաղթի Երևանի ավագանու ընտրություններում։ Զոհրաբյանը թուղթ-թամասով հստակ ցուցադրեց այն համաձայնություններն ու նախագծերը, որոնց կյանքի կոչման համար իրենք ձեռք են բերել պայմանավորվածություններ, ստացել ներդրումների խոստումներ և մշակել հստակ պլաններ։ Դրանց մեջ են մտնում ճոպանուղի կառուցելու ծրագիրը, աղբահանության և աղբավերամշակման ծրագիրը և այլն։ Զոհրաբյանն ասաց, որ սրանցից յուրաքանչյուրի համար աշխարհի տարբեր երկրներից ներդրողների հետ են բանակցել և ստացել կոնկրետ խոստումներ։



**Hraparak.am**-ը հարցրեց, թե մետրոյի նոր կայարան կառուցելու մասին որևէ ծրագիր ունեն, քանի որ դրա համար լուրջ գումարներ են հարկավոր՝ առնվազն 150 մլն եվրո կարող է արժենալ միայն մեկ կայարանի կառուցումը։



Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն ասաց, որ իրենք այս առնչությամբ խորհդրակցել են Մետրոպոլիտենի նախկին տնօրենի, Հանրային խորհրդի մասնագետների հետ և պարզել, որ ամենաիրականը, որ հնարավոր է կառուցել, Աջափնյակի կայարանն է, որի համար գոյություն ունի 4 նախագիծ։



«Էն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ էսօր հնարավոր է Երևանում սկսել միանգամից մի քանի կայարանների շահագործման աշխատանքը, սուտ է, չհավատաք։ Այսօր շահագործվելու հնարավորություն ունի բացառապես Աջափնյակի կանգառը։ Չորս նախագիծ կա Աջափնյակի կանգառը շահագործելու, նվազագույն նախագիծը պահանջում է 75, մյուսը՝ 95, մյուսը՝ 120 և ամենաթանկ նախագիծը, ինչպես նշեցինք, 150 միլիոն եվրո արժողությամբ է։ Շատ ավելի ռեալ է 120 միլիոն եվրո արժողությամբ նախագիծը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**