Մենք չենք առաջնորդվում Աշխատանքային օրենսգրքով

Մենք չենք առաջնորդվում Աշխատանքային օրենսգրքով
Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել Արարատի մարզպետ **Գարիկ Սարգսյանը**: Նա ներկայացրեց տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները: Նշեց, որ 3 ամսում մարզի 12 համայնքներում իրականացվել է իրավական հսկողություն, 4 համայնքում հայտնաբերվել են խախտումներ: 5 համայնքի ղեկավարի լիազորություններ են դադարեցվել: 4 համայնքի ղեկավարի ընտրության օրը հայտնի է՝ հոկտեմբերի 21-ը: Մեկը Նոր կյանքն է, որը ղեկավարել է ներկայիս մարզպետը, մյուսը՝ Հովտաշենը, որի ղեկավար Արթուր Մկրտչյանը նշանակվել է Արարատի փոխմարզպետ: Մարզպետն ասաց. «Մեզ շատ են դիմել բնակիչներ՝ տարբեր բնագավառների լավ մասնագետներ, մոտ 155 քաղաքացի, որոնց խնդիրն աշխատանք գտնելն է: Մեզ մոտ ձեւավորված է աշխատանք փնտրողների բանկ, մենք մեր ամենօրյա շփումների մեջ, աշխատանքի տեղավորման գործակալություններից, տարբեր ձեռնարկություններից ստանում ենք թափուր աշխատատեղերի վերաբերյալ ինֆորմացիա եւ փորձում ենք մեզ դիմած քաղաքացիներին տեղավորել աշխատանքի: Նախկինում մարզպետի մոտ ընդունելությունը եղել է ամիսը մեկ անգամ, հիմա շաբաթը մեկ անգամ է՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրը»:



Խոսվեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի հետ համագործակցության մասին, որի գործարար ներկայացուցիչները եղել են մարզում, իսկ սեպտեմբերին եղել է մարզպետի փոխադարձ այցը՝ 5 գործարարների հետ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ ձկնակերերի արտադրության, ոչ ալկոհոլային խմիչքների, շինարարական ապրանքների, գյուղի հետ համագործակցության ոլորտներում: Հանդիպում է եղել նաեւ առեւտրի պալատի նախագահի հետ: Մարզպետը վստահ է, որ համագործակցությունը կլինի արդյունավետ: Մարզում իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ, դեռ կան որոշ կիսատ ծրագրեր: Մարզպետարանի աուդիտի բաժինն իրականացրել է ստուգում 5 դպրոցում, վեցերորդն ընթացքի մեջ է: Աուդիտ իրականացրել են նաեւ բժշկական հաստատություններում՝ Շահումյանի, Մասիսի ԲԿ-ում, Արտաշատի ԲԿ-ում դեռ շարունակվում են՝ կավարտվի սեպտեմբերի 18-ին: Գյուղերում էլ խնդիրներ կան՝ ոռոգման ջրի հետ կապված, քանի որ Սեւանից ջրի բացթողումը բավականին ուշ է եղել: Այս տարի մարզում լավ ծիրանի բերք է եղել, չնայած եղել են նաեւ կարկտահարությունից տուժածներ: Կարկտահարության պատճառը, ըստ մարզպետի, եղել է այն, որ որոշ համայնքների ղեկավարներ հակակարկտային կայաններին չեն փոխանցել լիցքավորման գումարները, եւ այդ կայանները չեն աշխատել:



Զանգակատուն սահմանամերձ գյուղում չեն կարողացել տեխնիկա բերել՝ մոտ 12 հա չափով գարու ցանքատարածությունները հնձելու համար, եւ այն հայտնվել է թշնամու կրակի տակ ու հրդեհվել: Գյուղացիները պահանջում են պայմաններ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար: Դաշտավան համայնքում «Արմոտ» ՍՊԸ-ն վարձակալությամբ մոտ 15 հա տարածք է վերցրել եւ նախ 1,5 մլն, այնուհետեւ 10 մլն դոլարի ներդրում է անելու՝ կոկորդիլոսաբուծություն հիմնելու համար: Ներդրողը Տանզանիայից է, որը տարբեր երկրներում ունի նման արտադրություն եւ Արարատում նույնպես կզարգացնի կաշվի արտադրությունը, կստեղծի սննդի կետեր, ատրակցիոններ, ժամանցի վայրեր, որը կհետաքրքրի մեր հայրենակիցներին, ովքեր կայցելեն՝ տեսնելու կենդանիներին: Նախաձեռնողները մարզի բնակիչներ են:



Մարզպետն անդրադարձավ նաեւ մամուլում հաճախ բարձրացվող այն խնդրին, որ ինքը մարդկանց անհիմն ազատում է աշխատանքից, հիմնականում՝ տարեցներին, եւ աշխատանքի տեղավորում իր մերձավորներին ու բարեկամներին: Խոսքը ե՛ւ բուժհաստատությունների աշխատողների, ե՛ւ մանկավարժների մասին է: «Ցանկացած պահի մարզպետն իրավունք ունի ազատելու իր ենթակայության տակ գտնվող ընկերության աշխատակցի: Մենք չենք առաջնորդվում Աշխատանքային օրենսգրքով, աշխատողի իրավունքով, այստեղ գործում է «ՓԲԸ-ների մասին» օրենքը, որի մասին մեր վճռաբեկ դատարանն ունի որոշում, ըստ որի՝ ցանկացած պահի, առանց հիմնավորման, մարզպետը կարող է ազատել բուժհաստատության տնօրենին: Չնայած ես ունեմ նրանց ազատելու բոլոր հիմնավորումները»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ ինքը տնօրեններին ազատել է աշխատանքից աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումների եւ բազմաթիվ բողոքների հիման վրա: «Ներկայացվում է, թե թոշակի անցած տարիքի մարդկանցից ազատվում ենք: Մենք ոչ մի կերպ դպրոցի տնօրենին չենք ասել՝ սրան ազատի, նրան մի ազատի, պարզապես պետք է լինի միասնական մոտեցում բոլորի հանդեպ, ասենք՝ թոշակի անցած մեկի հետ տարիներով շարունակի պայմանագիր կնքել՝ տարբեր շահագրգռվածություն ունենալով, իսկ մյուսի հետ՝ ոչ: Մենք դպրոցի տնօրենին առաջարկել ենք, որպեսզի միասնական մոտեցում լինի կենսաթոշակային տարիքը լրացած բոլոր մանկավարժների նկատմամբ, ոչ թե անհատական մոտեցում… Ոչ ոք թող չասի, որ սա անում է մարզպետը կամ կրթության վարչության որեւէ աշխատակից, որպեսզի իր ծանոթ-բարեկամին տեղավորի աշխատանքի: Չկա նման բան, որովհետեւ բոլոր թափուր մնացած աշխատատեղերում հայտարարվում է մրցույթ, եւ կարող է մասնակցել ցանկացածը: Շուտով այդ հանձնաժողովում կլինի նաեւ մեր ներկայացուցիչը, ով կապահովի մրցույթի օբյեկտիվ անցկացումը, եւ արժանավորը կստանա աշխատանք»:



**Նաիրա ՎԱՆՅԱՆ**