140 դրամն առավելագույնն է, բայց բավարար չէ

140 դրամն առավելագույնն է, բայց բավարար չէ
«100 դրամ շլորն են մթերում, դուք գիտե՞ք խաղողն ինչ չարչարանքով են աճեցնում»,- «Արարատ» կոնյակի գործարանի աշխատակցին այսպես է պատասխանել երեկ վաղ առավոտից Արմավիր-Երեւան ճանապարհը փակած գյուղացիներից մեկը։ Բանն այն է, որ խաղողի մթերման համար այս տարի Երեւանի կոնյակի գործարանը սահմանել է 140 դրամ սակագին՝ 2017-ի համեմատ 10 դրամ ավելացնելով մթերման գինը, սակայն գյուղացիները պնդում են, որ դա համարյա ինքնարժեքն է, մյուս մթերողները 160 դրամ սակագին են սահմանել, իսկ իրենք ունեն գործող պայմանագիր, որտեղ նշված չէ սակագինը։ «Մեր պահանջն այն է, որ Երեւանի կոնյակի գործարանը խաղողը մթերի 160 դրամով։ Դեռ գարնանից են մեզ ասել, որ մթերելու են 160 դրամով, բայց հիմա կանգնում ասում են, որ 140 դրամ է, հենց մթերման պահին նոր սակագին են սահմանել։ Դա խաղողի ինքնարժեքն է, այդքան մենակ մենք ենք ծախսում, թունաքիմիկատները թանկացել են, աշխատուժը թանկացել է, ամեն ինչ թանկ է, էլ չեմ ասում մեր տանջանքն ու չարչարանքը»,- մեզ հետ զրույցում ասաց խաղողագործներից մեկը։



Մինչդեռ ԵԿԳ-ն էլ հարցի իր դիտանկյունն ունի․ 10 դրամով բարձրացրել են, դա առավելագույնն է, ինչ կարող է անել ընկերությունը գյուղացիների համար։ ԵԿԳ տարածած մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Կիսելով գյուղացիների հուզական վիճակը եւ հասկանալով իրենց ապրանքն առավել թանկ իրացնելու ցանկությունները՝ Երեւանի կոնյակի գործարանն այս տարի բաձրացրել է խաղողի գինը 10 դրամով՝ դարձնելով այն 140 դրամ: Տվյալ գինն այն առավելագույնն է, ինչն ընկերությունը կարող է անել հնարավորինս՝ 29 000 տ գնելու պարագայում: Գնի 8 տոկոս բարձրացումը կրկնակի ծածկում է երկրում պաշտոնապես հայտարարված ինֆլյացիայի մակարդակը: Անդրադառնալով բուժանյութերի թանկացման հարցին՝ նշենք, որ ԵԿԳ-ն շարունակում է տրամադրել բուժանյութերն անցյալ տարիների գներով՝ իր վրա վերցնելով դրանց թանկացման բեռը: Հիշեցնենք, որ բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրն այս տարի կազմել է ավելի քան 260 մլն դրամ: Ինչ վերաբերում է մթերման գերիշխող դիրքին կամ գին թելադրելուն՝ հայտնում ենք, որ նման շահարկումային ձեւակերպումները չեն համապատասխանում իրականությանը: Ընկերությունը, խաղողի գնման գործընթացը կազմակերպելով բացառապես թափանցիկ, ավանդաբար պատասխանատու է եղել միայն իր հայտարարած գնի եւ քանակների համար: Ավելին՝ այս պահին կարող ենք կանխատեսել, որ հաջորդ տարվա գինը կհաշվարկվի «140 դրամ+երկրում պաշտոնապես գրանցված ինֆլյացիայի մակարդակ» բանաձեւով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել իր հետ համագործակցող բոլոր խաղողագործներից՝ ըստ պայմանագրի ամրագրված եւ երկուստեք ընդունված պայմանների։ Այդուհանդերձ, եթե որեւէ մեկը ցանկություն չունի մատակարարել խաղող կամ ցանկանում է մատակարարել այլ ընկերություններին, ապա տվյալ խաղողագործների նկատմամբ, անկախ պայմանագրի համապատասխան կետերից, չի կիրառվի որեւէ տույժ կամ տուգանք: Ընդգծենք, որ Երեւանի կոնյակի գործարանը հայտարարում է գինը բացառապես իր կազմակերպության համար եւ պատասխանատվություն չի կրում այլ փոքր ծավալներ մթերող արտադրողների գնային շահարկումների համար»։



Նշենք, որ պայմանագրերում մթերման գինը չնշելու մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ **Արտյոմ Սարգսյանն** ասաց, որ պայմանագրում նման կետ նախկինում էլ չի նշվել։ Խաղողագործներն առաջարկել են գին նշել, որպեսզի որոշեն՝ խաղող մշակելը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ, սակայն ստացել են հետեւյալ պատասխանը․ «Դա է պայմանագրի տարբերակը, կարող եք եւ պայմանագիր չկնքել»։



Խաղողագործները պատրաստվում են ճանապարհը փակ պահել այնքան, մինչեւ լուծման տարբերակ գտնվի, իսկ խաղողն այլ կոնյակի գործարաններին մթերելու մասով էլ ասացին, որ գին թելադրողը Երեւանի կոնյակի գործարանն է, մյուսները հետեւում են նրա սահմանած գնին։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**