Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարող են շահարկել, որ ուղղորդող դեր ենք ստանձնել ՀՔԾ-ում

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարող են շահարկել, որ ուղղորդող դեր ենք ստանձնել ՀՔԾ-ում
Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի վերաբերյալ հարուցել է նոր քրեական գործ։ Դատելով ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունից՝ առաջիկայում սպասվում են ոչ պակաս հետաքրքիր զարգացումներ, քան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելն էր։ Պարզվում է, որ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները:



Ըստ այդմ էլ՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին: Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի կարող հստակ թիվ ասել, չի կարող ասել նաեւ, թե ինչ զորամիավորումներ կամ ոստիկանական ինչ ուժեր են մասնակցել խաղաղ ցուցարարներին ցրելուն։ «Ես կոնկրետ 11-12 անձի պաշտպանություն եմ իրականացրել ու բոլորի դեպքում էլ 4-5 ոստիկան մասնակցել է փողոցից բերման ենթարկելու գործողություններին։ Դա նույնիսկ բերման ենթարկել էլ չէ, այլ մարդուն առեւանգել ու բաժին տանել է նշանակում։ Բնականաբար, գործ պետք է հարուցվեր, այն անհատականացվեր այն մարդկանց գործողությունների առումով, ոքվեր եղել են բուն բռնություն գործադրողները»,- ասաց Սեդա Սաֆարյանը։



Հետաքրքրվեցինք, թե, որպես Փաստահավաք խմբի անդամ, ինքը ի՞նչ լրացուցիչ տեղեկատվություն կարող է տրամադրել Հատուկ քննչական ծառայությանը։ «Կարծում եմ, որ ՀՔԾ-ն ինքը պետք է իր գործողություններն իրականացնի։ Ես կոնկրետ պաշտպանում եմ տուժողների Մարտի 1-ի գործով։ Տուժողներից մեկը հրազենային վնասվածք ստացած տղան է՝ Արթուր Ավագյանը, եւ ես, իր շահերից ելնելով, իրականացնում եմ գործողություններ։ Պետք է պարզենք, թե ում պատճառով է նա ստացել դիմածնոտային վնասվածք։ Երբ կտրամադրեն գործի նյութերը, ես էլ կտեսնեմ, որ իմացած փաստերն ու հանգամանքները տեղ չեն գտել Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործում, ես հաստատապես կներկայացնեմ իմ միջնորդություններ եւ անվանական կասեմ իմ ասելիքը։ Իսկ հիմա չի կարող լինել այնպես, որ, չունենալով հատուկ կարգավիճակ, մտնեմ վարույթի մեջ եւ փորձեմ ինչ-որ բան պարզել։ Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարող են շահարկել, որ ուղղորդող դեր ենք ստանձնել ՀՔԾ-ում։ Մենք մեր զեկույցները ժամանակին տրամադրել ենք, անուններ եւ նյութեր ենք տրամադրել, եւ կարծում եմ, որ մեր գործառույթն այս փուլում այդքանով կարող է սահմանափակվել։ Իսկ երբ կծանոթացնեն գործի նյութերին, ես կներկայացնեմ իմ միջնորդությունները»,-արձագանքեց Սեդա Սաֆարյանը։ Նա նշեց, որ կան մարդիկ, որոնք Մարտի 1-ի գործով ցուցմունքներ են տալիս, սակայն նրանք չունեն կարգավիճակ, նրանց շահերն էլ է պաշտպանում։ Պարզվում է, որ Մարտի 1-ի գործով կան մարդիկ, որոնք կալանավայրում են։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ «կան մարդիկ, որոնք կալանավայրում են, Մարտի 1-ի մասին շատ բան գիտեն, շատ իրազեկված են։ Եվ այդ մարդկանց գլխին այլ գործեր են սարքել, որ չերեւա, թե նրանք քաղաքական հայացքների համար են բանտարկված Մարտի 1-ի գործով։ Մենք ունենք նաեւ այդ կարգի մարդիկ, որոնց անուններն առայժմ չենք հրապարակում»։



**Թագուհի Հակոբյան**