Մտածել է, թե ինչ անի, որ մեր ճամբարի անունը գցի. ճամբարի տնօրեն

Մտածել է, թե ինչ անի, որ մեր ճամբարի անունը գցի. ճամբարի տնօրեն
Արդեն մի քանի օր է մամուլում եւ համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել Հանքավանի «Հասմիկ» ճամբարում կազմակերպված միջոցառման լուսանկարները, որտեղ տղա երեխաները կանացի հագուստներով են ու դիմահարդարված: Այս կապակցությամբ տարբեր կարծիքներ հնչեցին, որոշ մասնագետներ գտնում են, որ «Հասմիկ» ճամբարում տեղի ունեցածը միասեռականության քարոզ է, իսկ ճամբարի աշխատակիցներն ասում են, իրենց մտքով չի անցել, որ դա կարող է նույնասեռականության քարոզ դիտվել:



Հանքավանի «Հասմիկ» ճամբարի սաների շուրջ ստեղծված իրավիճակը ՄԻՊ-ի, ԿԳ նախարարի եւ Կոտայքի մարզպետի ուշադրության կենտրոնում է: «Հասմիկ» ճամբարի տնօրեն Ժորա Մուրադյանն, ով բուժման նպատակով Հայաստանից բացակայում է, մեզ հետ զրույցում ասաց, որ ճամբարի շուրջ բարձրացած աղմուկը, հավանաբար, այն մարդու ձեռքի գործն է, որ իր երեխային ուզեցել է ճամբար ուղարկի, մենք չենք ընդունել՝ ասելով, որ տեղ չունենք. «Մենք դիմակահանդես ենք կազմակերպել, հրաշալի միջոցառում է եղել, անգամ կարելի է որպես ֆիլմ նկարահանել մեր միջոցառումները: Ո՞ւմ խելքը, ինչ է կտրել այս արել է, ես չգիտեմ, բայց նա պատասխանատվության է կանչվելու»:



Մեր այն հարցին, որ նորմա՞լ է համարում այն երեւույթը, որ տղա երեխաները կանացի հագուստներով են ու դիմահարդարված. Մուրադյանն ասաց. «Եթե միջոցառում է, մարդիկ մտածում են նորություն ցուցադրեն՝ կարող են տղաները աղջկա շորեր հագնել, աղջիկները՝ տղաներ ներկայանալ, ի՞նչ համասեռամոլների մասին է խոսքը: Եթե միջոցառում է անցկացվում, մեկը՝ մյուսի դերն է կատարում, ինչպես նմանակում են, նման բան հեռուստատեսությամբ կատարում են, ինչ կա դրա մեջ, դա եղավ համասեռամոլությո՞ւն: Ապշելու բան է, երեւի այդ անձնավորության երազանքն է եղել, մտածել է, թե ինչ կարելի է անել, որ մեր ճամբարի անունը գցի, քանի որ 50 տարի շարունակ ողջ հանրապետությունով մեկ ճանաչված է: Հավանաբար դիմել է, որ երեխային ուզում է ճամբար ուղարկել, ես ասել եմ՝ տեղ չունենք, չենք կարող ընդունել, որովհետեւ սոցիալական ծրագիր է, նա էլ իր երեւակայությունը ներկայացրել է հոդվածով»,-ասաց տնօրենը:



Մուրադյանը նշեց, որ այս տարի ճամբարը ընդունել է 300 երեխա, հերթափոխում 2 երեխա չեն եկել, չեկածների գումարները վերադարձրել են բյուջե:



**Նելլի Կարապետյան**