Նիկոլ Փաշինյանը փակում է հայ գերիների ու անհայտ կորածների հարցը

Նիկոլ Փաշինյանը փակում է հայ գերիների ու անհայտ կորածների հարցը

Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումից ակնկալիք կար, որ գոնե այս անգամ Փաշինյանը կբարձրացնի 44-օրյա պատերազմից հետո գերության մեջ մնացած եւ անհայտ կորած հայերի վերադարձման հարցը: Սակայն, այս մասին հայկական պաշտոնական կողմը ոչինչ չի ասում: Իսկ ադրբեջանական կողմը գրում է, որ «Եվրամիությունը հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանին ականազերծված տարածքների ականազերծման և ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի անհայտ կորածների որոնումների ակտիվացման հարցում»։

Ոչ մի խոսք պատերազմի ընթացքում անհայտ կորած հայերի մասին, ոչ մի խոսք հայ գերիների վերադարձի մասին: Ոչ վաղ անցյալում Ալիեւն ասում էր, որ իրենք վերադարձրել են բոլոր հայ գերիներին: Իսկ Հայաստանում ամենաբարձր մակարդակով ասում էին, թե պետք է պարզեն, թե այդ գերիներն ինչ պայմաններում են գերի ընկել, այսինքն` դասալքության մեջ էին մեղադրում, որից հետո հասարակությունը մոռացավ գերիների գոյությունը եւ այդ հարցը դուրս եկավ մեր օրակարգից: Փաստորեն, Բրյուսելում Փաշինյանը համաձայնել է կատարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները եւ չի բարձրացրել անգամ գերիների հարցը: Գուցե իսկապես գերիները այլեւս չկա՞ն, գուցե նրանց հարցերն արդեն լուծե՞լ են թուրքավարի…

Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ փողոցում ընդդիմադիրների հանրահավաքների ժամանակ հնչեցվում էր գերիների վերադարձի հարցը, գերիների հարազատները նեղսրտում էին, թե՝ իրենց հարազատներին թող չդարձնեն քաղաքական շահարկման առարկա: Հարձակվում էին լրագրողների վրա, թե` մի լուսաբանեք, թողեք Փաշինյանը վերադարձնի մեր տղաներին: Հետո իրենք մենակ մնացին դեմ առ դեմ իշխանության հետ: Իսկ իշխանությունը նրանց գլխի տակ ամեն անգամ փափուկ բարձ էր դնում. ասում էին, թե ընտրություններից հետո կլուծեն գերիների հարցը եւ դրանով խաբեությամբ կորզեցին գերիների հարազատների քվեները: Հետո թե՝փողոցում միտինգ անողներն են խանգարում հարցի լուծմանը: Վերջում պարզապես դուռը փակեցին հարազատների առջեւ ու թեման, ինչպես տեսնում ենք, արդեն համարում են փակված: 

Պատերազմից հետո եղան դեպքեր, երբ մերոնք գերի վերցրին ՀՀ ինքնիշխան տարածք մտած դիվերսանտ ադրբեջանցիների: Մերոնք, սակայն, վերեւների կարգադրությամբ նրանց «տաք թեյ ու սուրճ» հյուրասիրելուց հետո` վերադարձրին Ադրբեջանին: Ադրբեջանական իշխանամետ մամուլը գրում է` սուտը ճշտին խառնած. «Նախագահի ջանքերի արդյունքում Հայաստանը Բաքվին է վերադարձրել Ադրբեջանի 108 քաղաքացիների աճյունները, որոնք միայն վերջին մեկ տարում համարվում էին անհետ կորած։ Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ 1998-ից 2001 թվականներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում կամ Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում պահվող գերեվարված 54 ադրբեջանցիների։ Ավելի ուշ նրանցից տասնյոթը սպանվել են, իսկ դիակները հանձնվել են Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է մնացած 37 բանտարկյալների ճակատագրին, ապա առայժմ ոչինչ հայտնի չէ։ Այնուամենայնիվ, ոչ ոք չի պատժվել ութ ադրբեջանցիների դիտավորյալ սպանության համար։ Հայաստանի կողմից Ադրբեջան վերադարձված յուրաքանչյուր դիակ մարդկային ողբերգություն է թաքցնում. Հայաստանը պարտավոր է պարզաբանել այդ մարդկանց մահվան հանգամանքները, իսկ միջազգային կառույցներն իրենց հերթին պարտավոր են Երեւանից պատասխան պահանջել կատարված ռազմական հանցագործությունների համար, որոնք, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիաների, վաղեմության ժամկետ չունեն։ Սա նշանակում է, որ վաղ թե ուշ Հայաստանը պետք է պատասխան տա իր վայրագությունների համար»։ 

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմը հաշվետվություն է պահանջում 20 տարի առաջվա զոհերի ու անհայտ կորածների ճակատագրի համար: Իսկ հայկական կողմն անտերության է մատնել մեր այն հայրենակիցների ճակատագիրը, որոնք մոտ մեկ տարի առաջ են գերի ընկել կամ անհայտ կորել: Նույն ադրբեջանական իշխանական մամուլը գրում է.«Պատերազմը ավարտված չի համարվում ոչ միայն մինչև վերջին մահացածների թաղումը, այլև մինչև վերջին պատերազմական հանցագործը չպատժվի։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը վճռական է գնալ մինչև վերջ, պարզել իր յուրաքանչյուր անհետ կորած քաղաքացու ճակատագիրը և անել ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիների սպանությունների, խոշտանգումների և տառապանքների մեղավորները պատասխանատվության կանչվեն»։ 

Այո, պատերազմը ավարտված չի համարվում մինչեւ վերջին մահացածի թաղումը, մինչեւ վերջին պատերազմական հանցագործը չպատժվի: Մինչդեռ Փաշինյանը թշնամուց խաղաղություն է «խնդրում» այն իրավիճակում, երբ ոչ միայն չեն պատժվել ռազմական հանցագործները, այլեւ չեն վերադարձվել հայ գերիները, երբ անհայտ են շատերի ողջ կամ զոհված լինելու հանգամանքը, երբ նրանց մարմինների գտնվելու վայրն, անգամ, հայտնի չէ…