Բանակից խուսափած նախկին պաշտոնյաների որդիները՝ իշխանության թիրախում

Բանակից խուսափած նախկին պաշտոնյաների որդիները՝ իշխանության թիրախում
Մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները ուսումնասիրում են նախկին պաշտոնյաների որդիների կենսագրությունները, մասնավորապես, բանակից ազատվելու հիմքերը, արդյոք արդարացի են, թե՞ կեղծ ազատման հիմնավորումներով՝ հիվանդություններով ու գիտական կոչումներով են նրանք խուսափել ծառայությունից:



Մասնավորապես մենք տեղեկացանք, որ հանրապետական զինկոմիսարիատը Նոյեմբերյանի զինկոմիսարիատից պահանջել է Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի որդու՝ Աշոտ Աբովյանի գործը: Իրավապահ մարմինների մեր աղբյուրի տեղեկացմամբ, առաջիկայում հնարավոր է գործ հարուցվի, թեպետ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ այս պահին նման փաստով գործ չկա հարուցված:



Որոշ տեղեկություններով, Աբովյանը բանակից վերջին տարկետումը ստացել է 2016-ին, թոքերի, շնչառական ուղիների, պլեւրայի ոչ տուբերկուլոզային բնույթի քրոնիկական հիվանդությամբ: Ուշագրավ է, որ նախկին մարզպետի 26-ամյա հիվանդ որդին չունենալով զինգրքույկ, աշխատանքի է տեղավորվել ՊԵԿ-ում:



Մենք կապ հաստատեցինք նաեւ Նոյեմբերյանի զինկոմի Կամո Կարությունյանի հետ, որն էլ հաստատեց, որ մոտ 25 օր առաջ հանրապետական զինկոմիսարիատն իրենցից պահանջել է Աշոտ Աբովյանի փաստաթղթերը, թե ինչու, զինկոմը չմանրամասնեց. «Մինչեւ էսօր մեզ պատասխան չեն տվել»:



Մեր հարցին ի պատասխան Հարությունյանը փոխանցեց, որ մտահոգություն չունի, թե իրեն կմեղադրեն կեղծ հիմքով տարկետում տրամադրելու հարցում. «Ես չեմ տրամադրում տարկետում, մենք ընդամենը ուղեգիր ենք տվել, որ գնա ստուգվի»