Հարվածի տակ է հայտնվել Հայաստանին ավելի քան 100 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման հարցը․ Kommersant

Հարվածի տակ է հայտնվել Հայաստանին ավելի քան 100 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման հարցը․ Kommersant
Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից նախկին ղեկավարներին հետապնդելու քաղաքականությունը Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում լարվածություն է մտցրել, ինչը կարող է կողմերին լուրջ վեճերի հանգեցնել։ Ինչպես գրում է Kommersant պարբերականը, ռուսական կողմը հատկապես զայրացած է այն հանգամանքով, որ անակնկալ կերպով քրեական պատասխանատվության է կանչվել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Կրեմլում դա համարել են լուրջ հարված ՀԱՊԿ հեղինակությանը եւ չեն բացառել, որ կառույցը կարող է այլ երկրի ներկայացուցիչ ղեկավարել։ Հարվածի տակ է հայտնվել նաեւ Հայաստանին ավելի քան 100 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման հարցը։



**Մոսկվային խնդրում են չանհանգստանալ**



Չորեքշաբթի օրը ՀՀ ԱԳ նախարարությունը արձագանքել է Մոսկվայի կողմից հայկական նոր իշխանությունների քննադատություններին։ Այդուհանդերձ, սակայն սպասվում է, որ նոյեմբերի 8-ին արդեն այս հարցը կլուծվի, երբ տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը։ Արդեն այսօր պարզ է, որ ռուսական կողմը իր հերթին է քայլեր ձեռնարկելու, որոնք կկանխեն ավտոմատ կերպով փոխարինման գործընթացը եւ կբերեն նրան, որ հայկական կողմը զրկվի Գլխավոր քարտուղարի իր մանդատից։ «Հայկական «բազարները» լուրջ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ին, եւ զարմանալի է, որ Երեւանում դա չեն հասկանում»,- ասել է «Կոմերսանտի» անանուն զրուցակիցը ռուսական բարձրագույն պետական ապարատից։ Եթե Երեւանի ներկայացրած թեկնածուն չհաստատվի, ինչը սպասելի է, ապա ըստ ռոտացիոն կարգի, այբբենական հերթականությամբ հաջորդ երկիրը Բելառուսն է, որը կստանձնի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի մանդատը։



**Ռուսական զենքի մատակարարումները հայտնվել են հարցականի տակ**



Ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի խոշորագույն ձեռնարկությունների ղեկավարները նշում են, որ համաձայն նախապես ունեցած համաձայնության, Հայաստանը պետք է ստանար 100 միլիոն դոլարի վարկ ռազմական մատակարարումների համար, սակայն այժմ դա նույնպես մեծ հարցականի տակ է հայտնվել։ «Առայժմ առանձնապես հասկանալի չէ, թե իրենց մոտ ինչ է կատարվում առհասարակ»,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասել են ռազմական ձեռնարկություններից։ Բանն այն է, որ Հայաստանը ցանկություն է հայտնել ձեռք բերել «Իսկանդեր Է»-ի երկրորդ դիվիզիոնը, սակայն այժմ այդ հարցը օդից կախված է, իսկ մնացած սպառազինությունները, որոնք պետք է մատակարարվեին 200 միլիոն դոլար վարկի շրջանակներում, արդեն կատարված են, եւ Երեւանն ստացել է իր հասանելիքը։