Աշխարհը, պարզվում է, ոգևորված չէ Քոչարյանի կալանավորումով

Աշխարհը, պարզվում է, ոգևորված չէ Քոչարյանի կալանավորումով
Փաշինյանին և նրա քաղաքական խորհրդատուներին թվում է, թե մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը իսկական ֆուրոր է առաջացնելու ողջ աշխարհում՝ արևմուտքից արևելք և հյուսիսից հարավ: Ու չնայած, որ հայաստանյան լրատվադաշտը լծվել է աշխարհի տարբեր անկյուններից այդ կալանավորման մասին որևէ արձագանք որսալու և այդ արձագանքը որպես Հոռոմի էն իքը ներկայացնելու գործին, աշխարհը համառորեն լռում է, ավելի ստույգ՝ վիրավորելու աստիճան անտարբեր է ՀՀ իշխանությունների հերթական քաջագործության նկատմամբ:



Պատկերացնո՞մ եք, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանից է իմացել ՀՀ երկրորդ նախագահին մարտի 1-ի գործով կալանավորելու մասին, այն էլ, երբ նրան խնդրել են մեկնաբանել մարտի 1-ի գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը: Այսինքն, չլիներ «Ազատության ձայնի» հարցը, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը չէր էլ պատրաստվում սեփական նախաձեռնությամբ որևէ հայտարարություն անել Նիկոլ Փաշինյանի այդ նոու-հաուի կապակցությամբ: Նա ամերիկյան պաշտոնյային հատուկ ծուլությամբ մի հերթապահ նախադասություն է արտասանել՝ նշելով. «Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները»: Այս գրեթե ոչինչ չասող նախադասությունը ոմանց հիմք է տվել հայտարարելու, որ ԱՄՆ-ն անմիջապես արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու փաստին: Սա պարզ սուտ է, քարոզչահնարք, որով փորձ է արվում հայաստանյան լսարանին համոզել, որ Քոչարյանին իրավաբանորեն խիստ վիճելի ձևով հարցաքննության կանչելն ու կալանավորելը հիրավի համաշխարհային մեծադղորդ իրադարձություն է:



Մեր իշխանությունների քաջագործությանը, այ քեզ խայտառակություն, չի արձագանքում նաև Մոսկվան, որին, թվում է, պետք է առաջինն անհանգստացներ Քոչարյանի կալանավորումը: Պուտինն ու Քոչարյանն ընդհուպ ընկերներ են, բայց արի ու տես, որ Պուտինը աչքն էլ չի թարթում մեր վարչապետի այդ «հանդուգն» արարքի կապակցությամբ:



Բազմաթիվ դռներ բախելով՝ հայկական մի լրատվամիջոց հասել է REGNUM լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի դուռը, որն ուղղակի հիասթափեցրել է Նիկոլ Փաշինյանի PR-չիկ լրատվամիջոցին՝ ասելով. «Ի՞նչ է, Քոչարյանը հիմա գործո՞ղ նախագահ է, որ Մոսկվան արձագանքի»: Կոլերովը, փաստորեն, հասկացրել է, որ դա ընդամենը Հայաստանի ներքին գործն է:



Լայն ճանաչման առումով Փաշինյանին ոչինչ չտվեց նաև Յուրի Խաչատուրովի հարցաքննությունն ու նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթաց սկսելու ԱԳՆ չարչարանքը: ՀԱՊԿ-ի մամլո ծառայությունից մի պաշտոնյա ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք տեղյակ չեն, որ Խաչատուրովը Հայաստան է հրավիրվել հարցաքննության նպատակով:



Եվ ուրեմն արձանագրենք, որ, Քոչարյանին կալանավորելով, աշխարհի վրա տպավորություն գործել մեզ չհաջողվեց, որովհետև թե Վաշինգտոնը և թե Մոսկվան 2008-ին ընդունել են ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները և 10 տարի շարունակ ամենաբարձր մակարդակով համագործակցել այդ ընտրություններով ՀՀ նախագահ դարձած Սերժ Սարգսյանի հետ: Այնպես որ, կարիք չկա 10 տարի անց ԱՄՆ պետքարտուղարությանը վերագրել մի հայտարարություն, որ նա չի արել երբեք: ԱՄՆ պետքարտուղարությունը երբեք չի ասել՝ «ՀՀ կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական և ապօրինի սպանություններ»:  Սա հերյուրանք է, որ հրապարակ է նետում Փաշինյանին «սատարող» կայքը: Ահա թե 2008 թվականի իր զեկույցում ինչ է գրել ԱՄՆ արտաքին գերատեսչությունը. «Բողոքարարների, կողոպտիչների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված»: Կա՞ այստեղ որևէ խոսք այն մասին, որ ընտրությունների արդյունքներ են կեղծվել, որ կառավարական ուժերը մարդ են սպանել, որ սահմանադրական կարգ է տապալվել, և դա արել է օրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



Տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանի այս ձեռնարկը միջազգային հնչեղություն չի ստանում, նույն լրատվական կայքը անցնում է իր պլան «Բ»-ին՝ Քոչարյանի կալանավորումը Հայաստանի քաղաքական դաշտի վրա «սաղացնելուն», որպեսզի գոնե այս ոլորտում PR միավորներ հավաքի գործող վարչապետի օգտին: Առջևում ընտրություններ են, չէ՞: Հավանաբար Հայաստանում կգտնվի մի քանի դյուժին մարդ, որ կողջունի Փաշինյանի քայլը, որով նա մեր պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն ղեկավարության ներկայացուցչի կանչեց պատասխանատվության և կալանավորեց: «Ֆեյսբուքում» ծայր առած հորթային հրճվանքը, որ ամենայն հավանականությամբ դեռ կշարունակվի մոտ 2 ամիս (Քոչարյանին 2 ամսով են կալանավորել) այդ մասին է խոսում: Բայց մյուս կողմից էլ, եթե ընդունենք, որ նախընտրական փուլ ենք մտնում, հնարավոր են նաև այլ զարգացումներ, որոնք Նիկոլ Փաշինյանը կամ հաշվի չի առել կամ չի կարևորել: Քոչարյանի կալանավորումով, որով մարտի 1-ի գործը ամենևին էլ չի բացահայտվելու, Փաշինյանն, ըստ էության, ռիսկի է դիմում ՀՀԿ հենասյուներին այս անգամ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբելու առումով: Քոչարյանի կալանավորման հարցով հայտարարություն չի արել նաև Փաշինյանի կառավարությանը մաս կազմող ԲՀԿ-ն և դեռ հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Գագիկ Ծառուկյանը, երբ պարզվի, որ ՀՔԾ-ն մի գործ է բռնել, որով պետք է բացահայտել նաև, թե մարտի 1-ին ինչով էին զբաղված Գագիկ Ծառուկյանի թիկնապահները: Եթե հիշում եք, ՀԱԿ-ը, ինչպես նաև այն օրերի հիմնական հռետոր Նիկոլ Փաշինյանը բազում հայտարարություններ են արել Ծառուկյանի «մարտիմեկյան զինված և զրահաբաճկոնված» բանդաների մասին, որոնք, ըստ մարտի 1-ի շահառուների, նույնպես կրակել են:



ՀԱԿ-ի հավանությանն արժանացած ՀՔԾ մեղադրանքը (Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը), մտահոգում է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմող ՀՅԴ-ին, որը դրա տակ քաղաքական հետապնդման հավանականություն է տեսնում: Եվ իբրև այս ամենի հանրագումար, Քոչարյանը հայտարարում է, որ սա շինծու գործ է և ինքը պատրաստ է պայքարելու և հաղթելու: Եզրակացությունները թողնում եմ մտածող ընթերցողին: Խելամի՞տ է, արդյոք, գնալ խորհրդարանական ընտրությունների նման իրավիճակում, երբ թիկունքիդ ունես ընդամենը խայտառակ կադրեր, ժամանակավոր ոգևորության նոպայի մեջ ընկած մի քանի հազար մարդ և մի պապի, որի քաղաքական կշռի մասին գեղեցիկ հիշողություններ են մնացել:



Հ.Գ. Հոդվածը գրվում էր, երբ տարածվեց ՌԴ և ՀՀ արտգործնախարարների միջև կայացած հեռախոսազրույցի մասին լուրը: Կարելի է ասել՝ Մոսկվան վերջապես արձագանքեց: Բայց երանի չարձագանքեր, որովհետև Լավրովը ՀՀ արտգործնախարարին դիվանագիտորեն 3-րդ դասարանցի է անվանել, որը տեղյակ չէ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելու ընթացակարգին և նման ընթացակարգ սկսելու համար դիմել է ՌԴ արտգործնախարարությանը: Ես միայն ՏԱՍՍ լրատվականի վերնագիրը մեջբերեմ. «Лавров разъяснил главе МИД Армении процедуру отзыва полномочий генсека ОДКБ»



Ինչպես ասում են՝ Աստված էլ բեթարից ազատի:



**Էդիկ Անդրեասյան**