«Լոխ գյուդում ենք»-ը մեխանիկորեն «Չիմ գիտըմ ենք»-ով փոխարինելը որեւէ բան չի փոխի

«Լոխ գյուդում ենք»-ը մեխանիկորեն «Չիմ գիտըմ ենք»-ով փոխարինելը որեւէ բան չի փոխի
**Hraparak.am**- ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:



**-Երկու ամիս է, ինչ գործում է հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած կառավարությունը։ Որո՞նք են նրա նշանակալից քայլերը:**



-Նշանակալից կարող է կոչվել միայն հեռահար, ռազմավարական նշանակության քայլը: Գուցե առաջիկայում այդպիսիք լինեն:



**-Ապրիլյան հեղափոխությունից հետո ավելի հաճախ գործածվում է «Նոր Հայաստան» եզրույթը։ Ո՞րն է հնի եւ նորի միջեւ ջրբաժանը, առայժմ որքանո՞վ է հաջողվել տարանջատվել հին Հայաստանից:**



-Տեսե՛ք, բարեկամս, Դուք ասում եք՝ «Հեղափախական ալիքի վրա իշխանության եկած կառավարություն», «հեղափոխությունից հետո...», ինձ նմաններին թույլ կտրվի՞ ունենալ այլ պատկերացում այդ ամենի մասին: Գուցե հրաշալի այս կատարվածը ռեսթա՞րթ էր կամ նման մեկ այլ բա՞ն: Համաձայն չեմ սիլլոգիզմի այդպիսի սահեցմանը: Բայց անցնենք առաջ. ի՞նչ հնի և նորի մասին է խոսքը: Հայաստանը Հայաստան է: Այդպես ասում էին՝ երիտթուրքեր, վերջերս՝ «Ենի Ազերբայջան»: Պարզապես Հայաստանն է հայտնվել նոր իրավիճակում, երբ ԿԳԲ-ն ամենաընդունելի կառույցն են ուզում դարձնել: Դա լավ չէ:



**-Բուհական, կրթական համակարգում ի՞նչ փոփոխություններ կառաջարկեիք:**



Չեմ հանդգնի զանգվածային լրատվամիջոցը բուհական համակարգում փոփոխություն առաջարկելու հարթակ դիտարկել: Բացի այդ, նոր խոսում էինք հնի և նորի մասին: Չեմ կարծում, թե «Լոխ գյուդում ենք»-ը մեխանիկորեն «Չիմ գիտըմ ենք»-ով փոխարինելը որևէ բան կարող է փոխել ընդհանուր փիլիսոփայության մեջ: Պետք է տեսլական ունենալ. թեկուզ ամենագեղեցիկ կարգախոսներով հեռուն գնալ հնարավոր չէ:



**-Իշխանափոխությունից հետո կարո՞ղ ենք ասել, որ բուհերը ապաքաղաքականցվել են:**



-Ինքս չեմ կարող այդպիսի բան պնդել, որովհետև այդպիսի բան ընդհանրապես չի լինում: Կարող եմ միայն նկատել, որ զազրելիորեն կուսակցականացված բուհերն այժմ քաղաքական կաթված են տանում, ինչը վատ չէ:



Հետաքրքիր է, թե հետկաթվածային փուլն անցնելուց հետո ո՞ր կառույցի շեմին են հերթի կանգնելու երիտհանրապետականները, ում հայրերը երիտհհշականներ էին, իսկ պապերը՝ կոմերիտականներ. կրկնվելո՞ւ է բուհերի գավառական կուսակցականացումը, և ի՞նչ նոր տեխնոլոգիայով է կրկնվելու: Իսկ ընդհանրապես, բուհերը ցանկալի է ապակուսակցականացնել, բայց ոչ փորձել ապաքաղաքականացնել: Միևնույն է՝ չի հաջողվելու, քանի որ անմիտ ուղղվածություն է: Եթե երիտասարդությունն ու նրա սերուցքի ինստիտուտներից մեկը՝ բուհը, չքաղաքականացվի, ապա ո՞րն է քաղաքականացման օջախը:



**-ՀՀ մի քանի խոշոր քաղաքներում ՀՀԿ-ական քաղաքապետերը հրաժարական են ներկայացրել։ Պահպանողական կուսակցությունը կմասնակցի՞ ՏԻՄ ընտրություններին:**



-Այո՛, կփորձենք մասնակցել, այլապես երկիրը կհայտնվի նույն վիճակում, ինչ վիճակում հայտնվեց ՀՀՇ-ի իշխանազրկումից հետո: