«Հրապարակ». Կրկին իրավական կազուս

«Հրապարակ». Կրկին իրավական կազուս
Մենք երեկ գրել էինք, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին «մեղադրանք» է առաջադրվել մի հոդվածով, որը 2008 թվականի մարտի 1-ին չի եղել օրենսգրքում։ Բայց իրավական կազուս կարող է առաջանալ նաեւ Մարտի 1-ի գործով վկա Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Իրավաբաններից մեկը պարզաբանեց․ «Չեմ կարծում, որ Քոչարյանը գնա ՀՔԾ՝ հարցաքննության․ դա իր նման չի լինի։ Քոչարյանի գրասենյակն արդեն իսկ ասել է, որ  իրենք ծանուցում չեն ստացել, իսկ ինքը Հայաստանում չէ եւ կարող է շատ երկար Հայաստանում չլինել։ Սկզբունքորեն էլ ծանուցումը պետք է առձեռն հանձնել, ստորագրություն վերցնել, գրասենյակը շատ երկար ժամանակ հնարավոր է եւ «չկարողանա» ծանուցումը «փոխանցել» վկային։



Հասկանալիորեն, վկային բերման ենթարկել ու նրա նկատմամբ «հետախուզում» հայտարարել չեն կարող՝ մեղադրյալի կարգավիճակն է միայն դա ենթադրում։ Ընդ որում, ամենացնցող ապացույցների դեպքում անգամ Քոչարյանն այս փուլում չի կարող «մեղադրյալ-կասկածյալի» կարգավիճակում հայտնվել, որովհետեւ ունի անձեռնմխելիության իմունիտետ՝ որպես նախկին նախագահ։ Ի տարբերություն պատգամավորների, որոնց անձեռնմխելիությունից զրկում է խորհրդարանը, նախագահների դեպքում Սահմանադրական դատարանն է որոշում կայացնում՝ հիմնականում հայրենիքի դավաճանության դեպքում, ինչը, հասկանալիորեն, շատ բարդ կլինի։



Չնայած վերջին զարգացումները միանշանակ փաստում են՝ «երբեք մի ասա «երբեք»», այնուհանդերձ, իրավական կազուս այս ամենում կարող է եւ լինել, չնայած քաղաքական հարցը լուծվեց՝ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ պահանջել էր, որ Քոչարյանը հարցաքննության կանչվի Մարտի 1-ի հարցով, նա արդեն հարցաքննության կանչվել է»։