Ոչ մեկին չպետք է խնայել ու չպետք է զիջել․ ազատամարտիկը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

Ոչ մեկին չպետք է խնայել ու չպետք է զիջել․ ազատամարտիկը՝ ԱԱԾ բացահայտումների մասին
Ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանը դրական է վերաբերվում ԱԱԾ՝ տարբեր ոլորտներում կատարած բացահայտումներին։ «Կեղծիքը, ստախոսությունը խեղճացրել է ժողովրդին, քանի որ երկիրը կառավարում էին խաբելով՝ ժողովրդին հասցնելով բնազդների մակարդակի։ Եթե այդ կեղծիքը, հանցագործությունները չբացահայտվեն, ապա մաքուր էջով չենք կարող առաջ գնալ։ Եթե մի հանցագործություն մնում է չբացահայտված, ապա ծնվում են նոր հանցագործություններ։ Եթե նոր իշխանությունը նախորդների հանցագործությունները չի բացահայտում եւ մեղավորներին խստագույնս չի պատժում, պարտադիր կարգով ինքը կարող է նախորդներից ավելի փչանալ։



Ելնելով այդ տրամաբանությունից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է ճիշտ ուղղություն։ Նա ամեն ինչ միանգամից չի բացահայտում, քանի որ չունի լուրջ հենարան։ Եթե ինքն ունենար լիարժեք հենարան, ապա ավելի մասշտաբային բացահայտումներ կլինեին։ Ես շատ ուրախ եմ եւ ողջունում եմ իր ընտրած ճանապարհը։ Որքան ամբողջական լինեն բացահայտումները, այնքան մեր երկիրը առաջ կգնա եւ կհավատա իր առաջնորդներին»,- ասաց Վարդան Մալխասյանը։



Ազատամարտիկը հիշեցնում է, թե դեռ Սովետի ժամանակներից ինչպիսի բացասական վերաբերմունք կար ոստիկանների նկատմամբ։ Հիմա, սակայն, եվրոպական երկրներում ամենից շատ սիրում են ոստիկաններին։ Եվ դա պատահական չէ, քանի որ ժողովուրդը ոստիկանի մեջ տեսնում է իր պահապանին, իր անվտանգության երաշխավորին։ Վարդան Մալխասյանը նկատում է, թե ինչպիսի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել հանրության շրջանում Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ։



Ազատամարտիկի դիտարկմամբ՝ «հիմա ԱԱԾ-ին սկսել են համարյա հերոսի կարգավիճակ տալ, որովհետեւ ԱԱԾ-ն իսկապես բացահայտում է մեր պետության համար վտանգ ներկայացնող հանցագործությունները։ Եթե բացահայտում է, ապա ուզես թե չուզես, ԱԱԾ-ին պետք է վստահես, հավատաս, ինչո՞ւ ոչ՝ նաեւ սիրես։ Ես ոչ թե ուզում եմ պատիժենր տեսնել, դրանից հաճույք ստանալ, այլ ուզում եմ, որ մեղավորները, որոնք պետության նկատմամբ կատարել են առանձնապես ծանր հանցագործություններ, անխտիր բացահայտվեն։ Եվ եթե այդ հետքերը հասնում են անգամ մինչեւ կաթողիկոս, ապա նրան էլ պետք է կալանավորել։ Չպետք է լինեն տաբուներ։ Ոչ մեկին չպետք է խնայել ու չպետք է զիջել։ Այսքան տարիներ նրանք նենգամտորեն հագել են ազգայնականի դիմակ, եւ իրենց սեփական ազգին են սնանկացրել ու թալանել»։