Երևան-Բաթում գնացքը ճանապարհին անակնկալ կանգնել է՝ ուղևորների շրջանում անհանգստություն առաջացնելով

Երևան-Բաթում գնացքը ճանապարհին անակնկալ կանգնել է՝ ուղևորների շրջանում անհանգստություն առաջացնելով
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցներից տեղեկացանք, որ նախօրեին միջադեպ է գրանցվել Վանաձորում։ Երևան-Բաթում մեկնող գնացքը կանգնել է Վանաձորում, որից հետո երկաթուղու աշխատակիցներն ստիպված են եղել իջեցնել ուղևորներին, մոտ մեկ ժամ անց կրկին նստեցրել վագոններ, որի պատճառով ուղևորները անհանգստացել են եւ անգամ արտահայտել իրենց դժգոհությունը։



ՀԿԵ աշխատակիցներից պարզեցինք իրողությունը ; Մեզ պատմեցին, որ Բաթում մեկնող նոր «Արմենիա» ֆիրմային գնացքի վագոններից մեկը ճանապարհին խափանվել է; «էլեկտրական սնուցման հետ կապված խնդիր է առաջ եկել եւ կասկածելի է թվացել այն, որ վագոնը կդիմանա այդքան երկար ճանապարհին, ապահովության համար կրճատել են այն, վագոնի ուղևորներին իջեցրել են, նստեցրել մյուս վագոններ»,- ասաց ՀԿԵ աշխատակիցը։



Հիշեցնենք, որ հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Ընկերության կողմից Ֆիրմային գնացքը աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին:



Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: Ֆիրմային գնացքի տոմսերի գները մեկ ուղևորի համար տատանվում են 9 860 դրամից մինչև 25 830 դրամի միջակայքում՝ կախված վագոնի տեսակից: Ի դեպ, քաղաքացիներից շատերը, թանկ համարելով էլեկտրագնացի տոմսի արժեքը, նախընտրում են Բաթում մեկնել միկրոավտոբուսներով՝ մեկ ուղևորի համար վճարելով 6-7հզր դրամ։



**Արևիկ Հակոբյան**