«Արմենիա» ԲԿ-ի մայրապետները բողոքում են իջեցված աշխատավարձից

«Արմենիա» ԲԿ-ի մայրապետները բողոքում են իջեցված աշխատավարձից
Մեզ են դիմել «Արմենիա» Բժշկական կենտրոնի մայրապետներից եւ մաքրուհիներից մի քանիսը՝ իրենց բողոքը հայտնելով ստացած աշխատավարձի վերաբերյալ։ Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ մի ընկերություն ԲԿ-ի հետ պայմանագիր է կնքել, ըստ որի՝ դրանից հետո կազմակերպությունն է հիվանդանոցին տրամադրելու մայրապետներ։ Նրանց պնդմամբ՝ ամսական իրենց աշխատավարձը բավականին իջեցրել են՝ դարձնելով 70-ից 80 հազար դրամ։



Մեր զրուցակիցների խոսքով՝ բացի այն հանգամանքից, որ աշխատում են 24 ժամ, նրանք զրկված են նաեւ բյուլետենից՝ հիվանդության ժամանակ վարձատրվելուց, իսկ լրացուցիչ վարձրատրության մասին խոսք անգամ չի լինում։ Իրավիճակը հատկապես դժվար է Վերակենդանացման բաժանմունքում հերթապահող մայրապետների համար, քանի որ այնտեղ աշխատանքն ավելի ծանրաբեռնված է։



Ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանից, վերջինս մեզ հետ զրույցում ասաց․ «Մեկ տարի առաջ հիվանդանոցը նախօրոք՝ 3 ամիս առաջ ծանուցելով բոլոր մայրապետներին կրճատել է, եւ սկսել ենք օգտվել ինչ-որ օֆիսի ծառայություններից՝ մաքրուհիների։ Այդ օֆիսը վերցրել է մեր մայրապետների 70-80 տոկոսին՝ իր մոտ որպես աշխատող, ու իրենք են հիմա մատուցում այդ ծառայությունը։ Թե հիմա ինչ աշխատավարձ են տալիս, ոնց են անում, դա արդեն ոչ ես տիրապետում եմ ինֆորմացիային, ոչ էլ մեր իրավասության տակ է։ Էդ օֆիսն ունի հերթապահություն, օրը 1-2 հոգի ուղարկում է՝ նայած բաժանմունք, իրենք ծառայություն են մատուցում։ Մեր հետ դա կապ չունի»։



Հարցին՝ մինչ պայմանագիր կնքելը, ինչքա՞ն աշխատավարձ են ստացել, ԲԿ-ի փոխտնօրենը նշեց, որ ֆիքսված աշխատավարձ չի եղել․ «Ֆիքսված չի, հերթապահության քանակ կա, մեկը հնարավոր է ստանար 80 հազար, մյուսը՝ 180 հազար»։



Փորձեցինք կապ հաստատել նաեւ ընկերության հետ, սակայն ԲԿ-ի մի քանի աշխատակիցներ, այդ թվում՝ փոխտնօրենը, նշեցին, թե չգիտեն ինչ է կազմակերպության անվանումը, փոխանցած հեռախոսահամարն էլ անհասանելի էր։



**Աննա Պապիկյան**