Փաշինյանի կառավարության եւ ՀՀԿ-ի առաջին առերեսումը

Փաշինյանի կառավարության եւ ՀՀԿ-ի առաջին առերեսումը
Հակառակ սպասումներին, ապրիլյան հեղափոխությունից հետո ձեւավորված Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ ՀՀԿ-ի միջեւ երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը չվերածվեց գլադիատորական մարտերի։ Հանրապետական խմբակցությունը խոնարհ հարսի պես պահեց իրեն, Փաշինյանի կառավարությանը հարցեր տալու համար գրանցվեց ընդամենը 4 հոգի, հարցերը չեզոք էին, ՀՀԿ-ում չկար «աղջիկ վախտվա» էնտուզիազմը։ Գործարար հատվածն էլ չէր ներկայացել հարցուպատասխանին․ թերեւս Փաշինյան-գործարարներ հանդիպումը սերտ փոխըմբռնման մթնոլորտում է անցել, ու այն փչացնելու ցանկություն չկա։ Քանի որ ո՛չ գողացած փողերն են վերադարձնելու բյուջե, ո՛չ էլ ուրիշ անցանկալի գործողություն է արվելու նրանց նկատմամբ, ընդամենը հորդորել են հարկային դաշտում գործել, գոհ են՝ ուրախ ու երջանիկ։



ՀՀԿ-ի համեստություն էլ, ասացին, պատահական չէ՝ Սերժ Սարգսյանը հորդորել է թիմակիցներին ռեւանշիստների տպավորություն չգործել, առաջին նիստին չգնդակոծել փխրուն կառավարությանը, թողնել, որ հանդարտվեն հետհեղափոխական կրքերը, անցնի էյֆորիան, հետո նոր անցնել «բլիժնի բոյերի»։ Նոր կառավարության եւ նախկին իշխանության առաջին առերեսումը, սակայն, զերծ չմնաց փոխադարձ նուրբ կսմիթներից։



ՀՀԿ փոխնախագահ **Արմեն Աշոտյանը**, ով ոչ հեռավոր անցյալում ՀՀԿ-ի ծանր հրետանին էր ու կրծքով պաշտպանում էր կուսակցությանը, կարծես դիսկոմֆորտի մեջ էր իր նոր՝ հարձակվողի կարգավիճակից։ Նա Փաշինյանին հիշեցրեց, թե իբր ժամանակին բարձր կարծիք չի արտահայտել ԵՄ համաձայնագրի մասին, բայց այն պետք է կյանքի կոչել․ «Ի՞նչ է արել ձեր կառավարությունը, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագրի իրագործումը պլանավորվի եւ կյանքի կոչվի: Հարց երկրորդ․ այս տարի ստորագրվեց ԵՄ-Հայաստան գործընկերության փաստաթուղթը: Արդյոք այդ փաստաթուղթը վերանայվելո՞ւ է՝ ելնելով կառավարության նոր գերակայություններից»։ Հարցրեց նաեւ՝ կառավարությունը բանակցելո՞ւ է արդյոք ԵՄ-ի աջակցության ծավալը մեծացնելու համար՝ հիշեցնելով, որ մինչեւ 2020 թվականը 160 մլն եվրոյի աջակցության խոստում կա: Փաշինյանն էլ Աշոտյանին հիշեցրեց, որ նույնիսկ մինչեւ համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ «Ելք» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կողմերին կոչ է արել ցուցաբերել քաղաքական կամք եւ ստորագրել պայմանագիրը․ «Ինչ վերաբերում է իրագործմանը․ դուք գիտեք, այո՛, ՀՀ-ն վավերացրել է, բայց ԵՄ երկրների հետ վավերացման գործընթացը շարունակվում է, եւ մենք ԵՄ գործընկերների հետ շփումների ընթացքում այդ հարցը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում՝ ակնկալելով, որ այդ գործընթացը ԵՄ երկրներում կարագանա»։ Վարչապետը հույս հայտնեց, որ ԵՄ երկրներն այդ փաստաթուղթը հնարավորինս արագ կվավերացնեն: «Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցության ծավալներին, այո՛, մենք այդ ուղղությամբ նույնպես կաշխատենք: Հիմա միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ հետ քննարկումների ընթացքում ֆինանսական աջակցություն ցույց տալու լայն մտադրություն են հայտնում»,- պատասխանեց նա։



Աշոտյանը մեղմորեն կանխեց թյուրըմբռնումը․ փաստեց, թե ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ մինչեւ 25 տոկոս ավելացնելու ֆինանսական աջակցությունը. «Լավ է հնչում, բայց երբ որ բաժանում ենք 3 տարվա վրա, ստացվում է, որ Հայաստանում իշխանափոխության հավելյալ աջակցության կապիտալիզացիան ընդամենը 13 մլն եվրո է տարեկան: Կարծում եմ՝ դուք ձեր ջանքերը եւ մեր ստեղծած հնարավորություններն ավելի թանկ պետք է գնահատեք»: Փաշինյանը պատասխանեց, որ տարբեր կողմերից են հիմա հնչում խոստումներ՝ աջակցելու Հայաստանին բարեփոխումների ճանապարհին, ուստի արդյունքում այլ թվաբանություն կստանան: Սակայն մենք չպետք է շարունակենք այն գործելաոճը, որ անընդհատ դրսի ձեռքին նայենք, թե մեզ ինչքան գումար կտան։ «Կան ռեսուրսներ, այդ ռեսուրսների մի զգալի մասը ստվերում է, գուցե թե օֆշորային գոտիներում էլ կան հայկական ռեսուրսներ: Մենք այս իմաստով Հայաստանի կարգավիճակի որոշակի փոփոխություն պետք է արձանագրենք, նաեւ պետք է կարողանանք ընտրել, թե ինչպիսի աջակցություն է մեզ անհրաժեշտ ու ինչ չափով: Ես հավաստիացնում եմ, որ մենք այսօր ունենք այդ ընտրությունը, որեւէ ընտրություն չի կատարվի ՀՀ ինքնիշխանության եւ արժանապատվության հաշվին»,- թեթեւակի սպառնաց Փաշինյանը։



Հաջորդ ուշագրավ հարցը **Միհրան Հակոբյանինն** էր։ Նա էլ, մամուլին հղում անելով, ասաց, որ մոտ ժամանակներս ՌԴ-ն պատրաստվում է ՀՀ զինված ուժերին մատակարարել «Տոր» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերը։ «Խնդրում եմ պատասխանել՝ ե՞րբ է ձեռք բերվել այս պայմանավորվածությունը»,- հարցրեց նա, ապա հավելյալ փորձեց ճշտել՝ այդ պայմանավորվածությունը բխում է ՀՀԿ ջանքերով անցած տարի ստորագրված վարկային համաձայնագրի՞ց։ Փաշինյանն այս թեման էլ ՀՀԿ-ավարի փակեց՝ ասելով, որ մանրամասներ հաղորդել չի կարող՝ պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիա չհրապարակելու նկատառումով․ «Կարող եմ ասել միայն, որ Սոչի կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ նաեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Կարծում եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ փոխադարձ վստահության նախնական մթնոլորտ կա, եւ այդ մթնոլորտը հետագայում էլ ավելի կխորանա»։



Ընդհանուր առմամբ, Փաշինյանի ղեկավարած՝ «երիտասարդ ու անփորձ» բնորոշումը ստացած կաբինետը պատվով դուրս եկավ առաջին փորձությունից, սայթաքումներ չեղան, բացառությամբ ԱԳ նախարարի․ Զոհրաբ Մնացականյանը սայթաքեց բառի ուղիղ իմաստով, երբ, ի պատասխան ՀՀԿ-ական Կարեն Բեքարյանի հարցին, վստահեցրեց, որ արտաքին քաղաքական կուրսի շեշտակի փոփոխություններ նոր կառավարությունը չի որդեգրել, եւ հեռանում էր ամբիոնից։ Ի դեպ, նա միակ նախարարն էր, որը դահլիճ մուտք գործեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի համար նախատեսված դռնից, որն այն ճանապարհն է, որ դառնում է պաշտոնյաների փրկօղակը լրագրողներից։ ՀՀԿ-ից միայն Բաբլոյանն ու Ալիկ Սարգսյանն էին, որ մինչ նիստն սկսվելը մոտեցան ու ձեռքով շնորհավորեցին գրեթե բոլոր նախարարներին։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**