Թավշյա հեղափոխությունից երեք օր անց սերիալում ասում են՝ մենք արդեն ապրում ենք արդար Հայաստանում, սա պետք է փոխվի

Թավշյա հեղափոխությունից երեք օր անց սերիալում ասում են՝ մենք արդեն ապրում ենք արդար Հայաստանում, սա պետք է փոխվի
_Լրագրող, 1992-95թթ․ ՀՀ հեռուստառադիոպետվարչության կոլեգիայի անդամ,  «Լրաբեր» ծրագրի տնօրեն __**Արայիկ Մանուկյանը**__ կարծում է, որ եթե թավշյա հեղափոխությունից հետո չիրականացնենք համակարգային փոփոխություններ, ապա այդ հեղափոխությունը տանուլ կտանք։_



-Իսկ ի՞նչ փոփոխություններ պետք է կատարվեն հեռուստատեսության ոլորտում, որպեսզի հրաժեշտ տանք անցյալի տխուր ավանդույթներին, բացենք դռները հասարակության տարբեր խավերի առաջ։



-Ես, իհարկե, այն կարծիքին չեմ, որ 3-5 օրվա ընթացքում պետք է իրականացնենք համակարգային փոփոխություններ, բայց գոնե պետք է հասկանանք, որ քաղաքականությունը միտված է դրան։ Եվ եթե մենք չենք հասկանալու, թե որն է մեր պետության մշակութային քաղաքականությունը, ինչ ազգային-մշակութային քաղաքականություն ենք վարելու եւ ամբողջ համակարգը չենք մոդիֆիկացնելու դեպի մշակութային քաղաքականություն, ապա մենք տանուլ ենք տալու։



Եվ մենք կսխալվենք, եթե այդ մշակութային քաղաքականության համատեքստում չդիտարկենք նաեւ հեռուստատեսությունը։ Այսօր կան բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ, սակայն դա չի նշանակում, թե հեռուստատեսությունը դուրս է մնացել տեսադաշտից։ Եվ եթե հեռուստատեսությունը չդիտարկենք որպես մշակութային քաղաքականության լուրջ գործոն, ապա տանուլ ենք տալու։



Ես հատկապես կարեւորում եմ Հանրային հեռուստաընկերությունը, որովհետեւ նա հարկատուների միջոցով է գոյատեւում։ Սակայն թյուր է այն կարծիքը, թե մասնավոր հեռուստաընկերությունները կարող են անել այն, ինչ ուզում են։ Այդպես չէ աշխարհի որեւէ երկրում։ Մասնավոր հեռուստաընկերությունները օրենքի դաշտում են գործում։



Տարիներ շարունակ մենք ունենք անբովանդակ եւ մշակութազերծված Հանրային հեռուստաընկերություն։ Հանրային հեռուստաընկերությունը քարոզում է ցածր մշակույթ կամ գոնե դիտելի ժամերին հեռարձակվում են նույնիսկ ենթամշակույթից ցածր հաղորդումներ։ Անբովանդակ է այն թեզը, թե հասարակությունն իբր այդպիսի հաղորդումներ է պահանջում։ Հասարակությունը կարոտ է որակյալ բովանդակության արտադրանքի։ Եթե հասարակության մեջ կա այն խավը, որը պահանջում է նման հաղորդումներ, ապա մենք պարտավոր ենք ձեւավորել պահանջարկ եւ գնալ այդ պահանջարկի հետեւից։



**-Ի՞նչ փոփոխություններ պետք է կատարվեն, որպեսզի լրատվական քաղաքականությունը չիրականացվի ընտրովի՝ տեղ տալով միայն իշխանության ներկայացուցիչներին։**



-Անկախությունից անցել է 27 տարի, շատ բան փոխվել է։ Եթե 27 տարի առաջ մեզ համար էական էր, որ երկրի նախագահն ընդունում է որեւէ երկրի դեսպանի, ապա այսօր դա բացարձակապես էական չէ։ Եթե 27 տարի առաջ էական էր, որ երկրի նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, ապա այսօր դա էական չէ։



Տեսեք, մեր շուրջը տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ․ կան սիրիական իրադարձությունները, իրանական խնդիրները, Պարսից ծոցի խնդիրները։ Իսկ Հանրային հեռուստաընկերությունում մենք չունենք հաղորդումներ, քննարկումներ այդ թեմաների մասին։ Չկա հասարակական-քաղաքական լուրջ խոսակցություն այդ թեմաների շուրջ Հանրային հեռուստաընկերությամբ։ Մենք ունենք համերգներ, շոուներ։



Լրատվական բլոկը պետք է ապահովի հանրության իրազեկվածությունը ոչ միայն զուտ տեղեկությունների մակարդակով, այլեւ քննարկումների մակարդակով, որպեսզի ունենանք լուրջ պատկերացումներ, թե ինչ է տեղի ունենում այս տարածաշրջանում։ Իսկ մենք ունենք միայն դրվագային խոսակցություններ․ ինչ-որ եթերում ինչ-որ փորձագետ կարող է տեսակետ հայտնել։ Եթե մենք խոսում ենք դաշտն ազատականացնելու մասին, ապա պետք է լրատվական բլոկը զերծ պահենք քաղաքական պարտադրանքից։ Վերջին մեկ տարում, օրինակ, Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքականության մեջ եղել են դրական փոփոխություններ։ Բայց այդ փոփոխությունը կատարվել է շատ լուրջ հակասությունների գնով, քանի որ գերիշխողը շոուներն են, անբովանդակ հաղորդումները։



Մեր առջեւ կանգնած են լուրջ մարտահրավերներ, կա՞ն տնտեսական թեմաներով քննարկումներ, վերլուծություններ։ Չկա՛ն։ Մենք չունենք մի հաղորդում, որում ներգրավված լինեն Հայաստանի լավագույն տնտեսագետները, քննարկում կազմակերպեն այդ թեմայով։



**-Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր մարդիկ, խմբեր կազմակերպում բողոքի ակցիաներ, բարձրաձայնում տարիներ շարունակ իրենց ոտնահարված իրավունքների մասին։ Շատ նուրբ հարց է, թե ովքեր են այսօր համարվում քաղբանտարկյալ, ինչ մեխանիզմներով է պետք նրանց ազատ արձակել։ Այդ ակցիաների մի մասն ուղղակի հարվածի տակ է դնում նորընտիր կառավարությանը։ Հանրային հեռուստաընկերությունը չպե՞տք է հրավիրի բանավեճ, քննարկումներ, կլոր սեղաններ։**



-Միանշանակ։ Քաղբանտարկյալների հարցը շատ նուրբ հարց է։ Մենք գիտենք, որ մեր հասարակությունն ունի շատ թույլ իրավական գիտակցություն։ Հանրային հեռուստաընկերության թիվ 1 խնդիրն է այդ իրավական գիտակցությունը հասցնել ավելի բարձր մակարդակի։ Պետք է լինի լուրջ քննարկում ամենատարբեր մարդկանց հետ, թե ովքեր են, ի վերջո, քաղբանտարկյալները։ Եվ եթե լինի նման քննարկում, կբարձրանա հասարակության իրավական գիտակցությունը, եւ փողոցներ փակողների թիվը կարող է ավելանալ կամ պակասել։ Բայց դա հարցի մյուս կողմն է։



90-ականներին ես չեմ հիշում մի օր, որ Հանրային հեռուստաընկերության տաղավարում չլիներ խոսակցություն կամ քննարկում այդ ժամանակ Հայաստանում առկա տարբեր խնդիրների մասին։ Այն ժամանակ հիմնականում խնդիրները տնտեսական, սոցիալական բնույթի էին։ Մենք ամեն օր հրավիրում էինք հացի գործարանների տնօրեններին, զինկոմիսարիատների ղեկավարներին, որովհետեւ ժողովրդին հուզող հիմնական հարցերը վերաբերում էին դրանց։



Հանրային հեռուստաընկերությունն այսօր չունի ապարատային ստուդիաներ, դրանք քանդված են։ Դա պատճառաբանվել է թվային հեռուստատեսությանն անցում կատարելու հետ։ Բայց դա խորը թյուրիմացություն է։ Բոլոր երկրներում, այդ թվում նաեւ՝ ՌԴ-ում, կան ապարատային ստուդիաներ, որոնք թվային հեռարձակում ապահովող տեխնիկայով են զինված։ Իսկ մենք այսօր ողջ Հանրային հեռուստաընկերության շարժն իրականացնում ենք մի շարժական կայանի միջոցով։ Եվ եթե, Աստված մի արասցե, վաղն այդ շարժական կայանին մի բան պատահի, մենք չունենք նույնիսկ դրա ռեզերվային լուծումը։ Իսկ դա հետեւանքն է այն բանի, որ տարիներ շարունակ Հանրային հեռուստաընկերությունը զրկվել է ուղիղ հեռարձակումից։



Հանրային հեռուստաընկերությունում լրատվական թողարկումներից բացի գրեթե չկա ուղիղ հեռարձակում։ Իսկ 90-ականներին թողարկումների 90 տոկոսը ուղիղ հեռարձակում էր։ Կարծում եմ, որ շատ բաներ պետք է կարգավորվեն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով, պետք է լինեն  մասնավոր հեռուստաընկերություններին վերաբերող օրենսդրական փոփոխություններ։ Պետք է լինեն նաեւ կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ։ Ես անընդունելի եմ համարում, որ թավշյա հեղափոխությունից երեք օր հետո սերիալում կարող են անել տեքստային փոփոխություն եւ ասել՝ մենք արդեն ապրում ենք արդար Հայաստանում։ Մինչդեռ երեք օր առաջ այդ նույն մարդիկ չէին կարող այդ նույն բանն ասել։ 



**Թագուհի Հակոբյան**