Զարմանալի է դասախոսի կողմից նման ապատեղեկատվություն տարածելը․ Պոլիտեխնիկական համալսարանը պարզաբանումը

Զարմանալի է դասախոսի կողմից նման ապատեղեկատվություն տարածելը․ Պոլիտեխնիկական համալսարանը պարզաբանումը
Մայիսի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի դասախոս Աշոտ Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել, որում ասում էր, որ ցանկանում են իրեն զրկել աշխատանքից՝ ֆեյբուքյան մեկ այն գրառման պատճառով․



«ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԲԱՌԱՆՈՑ ՔՈՄԵՆԹԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՆՁ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



Շարժման սկզբում, կարծեմ ապրիլի 14-ին, երբ լեղապարկի վիրահատությունից հետո ի վիճակի եղա հեռախոսով մտնել ֆեյսբուք, աչքովս ընկավ մեր ուսանողներից մեկի քննադատական գրառումը Պոլիտեխնիկի ղեկավարների հասցեին, ովքեր դասախոսների և ուսանողների վրա որոշ ճնշումներ են գործադրել՝ արգելելով մասնակցել գործադուլներին ու դասադուլներին: Ընդ որում, քննադատության մեջ ուսանողը օգտագործել էր «բույս» բառը, առանց այն անվանական վերագրելու այս կամ այն ղեկավարին: Անկախ ընտրած բառից, սա աննախադեպ քաջություն էր պոլիտեխնիկի ուսանողի կողմից, և ես քաջալերեցի ուսանողի համարձակությունը, մեկնաբանությունում գրելով՝ «Կեցցես (և այդ ուսանողի անունը)»: Ընդամենը երկու բառ:



Պարզվում է, այս գրառման և մեկնաբանության մասին զեկուցել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր պ. Ո.Զ.Մարուխյանին, ով անչափ վրդովվել է ոչ միայն ուսանողի գրառումից (մասնավորապես՝ բույս բառից), այլև իմ մեկնաբանությունից, հարցը բարձրացրել է ռեկտորատի նիստում, ստիպել է ամբիոնների վարիչներին, որ նիստեր գումարեն և քննարկեն իմ հարցը: Ավելին, հրահանգել է իմ ամբիոնի վարիչին, որ ինձ մյուս ուսումնական տարվա համար ժամեր չտա, թեև, ինչպես ասաց իմ ամբիոնի վարիչը, մյուս տարում ինձ համար նախատեսել էր որոշակի ժամեր:



Մայիսի 4-ին մոտեցա Պոլիտեխնիկական համալսարանի կազմում գործող Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի (որտեղ դասախոսում եմ ես) տնօրեն պարոն Գ.Բարեղամյանին, ով նույնպես ասել էր, որ մյուս տարվա իմ բեռնվածքը չի ստորագրելու: Հույս ունեի, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո գուցե դիրքորոշում փոխված լինի: Սակայն պարոն Բարեղամյանը ասաց, որ ոչինչ չի փոխվել, և ինձ ժամեր չտալու որոշումը մնում է ուժի մեջ: Զրույցի ժամանակ նա ակնարկեց, որ այդ որոշումը կարող է փոխել միայն ռեկտորը:



Ի դեպ, պ. Բարեղամյանը նշեց նաև, որ ինձ ժամեր չտալու պատճառը ոչ միայն իմ մեկնաբանությունն է, այլ նաև ֆեյսբուքում սերժ սարգսյանի հասցեին կատարած իմ մեկ այլ գրառում:



Այսպիսով ստացվում է, որ ֆեյսբուքյան գրառումների և մեկնաբանությունների գրաքննություն է իրականացվում դեմոկրատիայի ուղին բռնած հանրապետությունում, և այս ամբողջ ազգային շարժումն ու հեղափոխության էությունը դեռևս պատշաճ մակարդակով չի ընկալվել որոշ ղեկավարների կողմից:



Իրավապաշտպան կազմակերպություններից, լրատվամիջոցներից, շարժման առաջնորդներից, ուսանողներից, դասախոսներից ու իմ համաքաղաքացիներից ակնկալում եմ այս երևույթի անաչառ գնահատական: Հավաստիացնում եմ, որ իմ նպատակը ոչ թե ինձ ժամերով ապահովելն է (որպես դասախոս ես մյուս ուսումնական տարի պիտի ստանայի ընդամենը երեսունհինգ-քառասուն հազար դրամ), այլ առաջին հերթին թույլ չտալ, որ զարթոնք ապրող ժողովրդի հաղթանակը մթագնի այսպիսի հակաժողովրդավարական քայլերով:



Երախտագիտությամբ՝ Աշոտ Հովսեփյան, առայժմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր դասախոսը։



Թեմայի առնչությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը պարզաբանում է տարածել՝ Աշոտ Հովսեփյանի ներկայացրած փաստարկները համարելով ապատեղեկատվություն․



«Հարկ ենք համարում նշել, որ համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի անդամներին «բույս» բառով բնորոշող ուսանողի, առավել ևս գրառմանը մեկնաբանություն արած դասախոսի վարքագիծը խրախուսելի չէ, ինչի կապակցությամբ եղել են մեկնաբանություններ ֆեյսբուքում: Զարմանք է հարուցում այն արձանագրումը, որ թե իբրև հարցը քննարկվել է ռեկտորատում և բոլոր ամբիոնների վարիչներին տրվել են հրահանգ քննարկել Ա.Հովսեփյանի հարցը: Ինչպես հաղորդեց ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ.Գոմցյանը, նա համալսարանի ռեկտորից որևէ հրահանգ չի ստացել հարցը քննարկելու և աշխատակցին ազատելու վերաբերյալ: Նույնը հաստատեց նաև Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պրոֆեսոր Գ.Բարեղամյանը:



Ափսոսանք ենք հայտնում նաև, որ պարոն Ա.Հովսեփյանին անձնապես առնչվող մի շարք կրիտիկական իրավիճակներում համալսարանը ցուցաբերել է առանձնակի վերաբերմունք և հոգածություն, ուստի և զարմանալի է նրա կողմից նման ապատեղեկատվություն տարածելը:



Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ո.Մարուխյանի գլխավորությամբ, այս օրերին չի խոչընդոտել ուսանողների և աշխատակիցների ազատ կամարտահայտմանը և, ընդհակառակը, այժմ միջոցներ է ձեռնարկում ուսումնական պրոցեսը կազմակերպել այնպես, որ ուսանողությունը բնականոն ընթացքով մասնակցի քննաշրջանին և վերացնի առաջացած բացթողումները:



Ի դեպ, ֆեսբուքում վիրավորական գրառում կատարած ուսանողը վաղուց իր զղջումն է հայտնել՝ դիմելով համալսարանի ղեկավարությանը»,- գրված է տարածած պարզաբանման մեջ։



Հավելենք, որ դասախոս Հովսեփյանը իր հրապարակման վրա նշել է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի, մի շարք լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների ֆեյսբուքյան էջեր։



Կորյուն Սիմոնյան