Նիկոլը չասե՞ց՝ պատրաստված գնացեք դասի

Նիկոլը չասե՞ց՝ պատրաստված գնացեք դասի
Մայիսի 2-ին Հանրապետության հրապարակում ժողովրդի լայն շերտի հարգանքն ու համակրանքը վայելող, արդեն հեղափոխականի կոչում ստացած և ժողովրդի՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ժամանակ հարթակից ասաց հետևյալը․«Երեխեք ջան, վաղը գնում եք դասի, դասերը լավ սովորած։ Ինչը, որ չեք կարդացել, լավ կրկնում եք»։ ԵՊՀ-ում մեկամսյա դասադուլից ու մեծ հաշվով դրա հետևանքվ առաջացած ուսումնական դադարից հետո այսօր դասերը կրկին վերսկսվեցին։ Ճիշտ է՝ ոչ բոլորն էին լսել Փաշինյանի հորդորն ու ներկայացել դասի, սակայն, այնուամենայնիվ, դասապրոցեսը կայացավ։



Անկախ առարկայից ու դասաժամից՝ քննարկվող թեման մեկն էր՝ վերջին 20 օրում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։ Խանդավառված էին ոչ միայն ուսանողները, այլև դասախոսները։ Չնայած որ դասախոսները նույնպես ցանկանում էին ուսանողների հետ քննարկել տեղի ունեցածը, սակայն դա անում էին այն բանից հետո միայն, երբ տեսնում էին, որ ուսանողները պատրաստ չեն ներկայացել դասին կամ ցանկություն չունեն լսելու ուսումնական ծրագրով նախատեսված դասաժամը։



Հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ դասախոսներից մեկի մասնակցությամբ, ում ազգանունն ու դասավանդած առարկան հարգելի պատճառներով չենք նշում։ Նա փորձեց սովորականի նման անցկացնել իր դասաժամը,սակայն զրույցը միշտ ինքնաբերաբեր թեքվում էր դեպի հեղափոխությունը․



«Ինձ թվաց, որ հեղափոխությունից հետո դուք էլ կհեղափոխվեք ու այլևս ինձ հետ հավասար չեք խոսի»,- ասաց նա, երբ ուսանողները դասի ընթացքում զրուցում էին միմյանց հետ։



Հետո դասախոսը ևս մեկ անգամ ստիպված եղավ հիշել հեղափոխության հանգամանքը, երբ փորձում էր ճշտել, թե ով է պատրաստ դասին․



«Է՜, բա Նիկոլը երեկ չասեց, որ պատրաստված պիտի ներկայանաք դասին»,- ասաց նա՝ տեսնելով, որ ոչ ոք չէր պատրաստվել։



Դրանից հետո, ի վերջո ուսանողներին հաջողվեց թեման թեքել իրենց ուզած ուղղությամբ՝ նույնիսկ ստիպելով դասախոսին փոքր ինչ անկեղծանալ․



«Առաջ մենք մեր տանը ազատ քննարկում էինք քաղաքական այս կամ այն պրոցեսները, բայց տանից դուրս վախենում էինք արտահայտվել, այն էլ էս տեխնիկայաի դարում, երբ ամեն տեղ կարող ես նկարահանվել ու ձայնագրվել, մեզ թվում էր, թե ամեն տեղ մեզ հսկող ականջ կա, ես մի բան պատմեմ․․․, չէ լավ, մոռացեք, հիմա հույս ունեմ, որ այդ բանը էլ այլևս չի լինի, ներքուստ մեզ արժանապատիվ կզգանք»։



Դասի ընթացքում ու դասամիջոցին, լսարաններում ու համակարգչային կաբինետներում, ուսանողուհիների և դրսում նրանց սպասող ուսանողների շրջանում այսօր քննարկումների օր էր։ Համակարգչային կաբինետում ուսանողները հավաքվել ու լսում էին Փաշինյանի ուղիղ եթերը, միացնում հեղափոխության հիմնը դարձաց «Քաղաքացու երգը»։ Համահայկական էյֆորիան թափանցել էր ԵՊՀ-ից ներս։ Նիկոլը ասել էր պատրաստված գնացեք, ուսանողները այլ բանի էին պատրաստվել։



**Կորյուն Սիմոնյան**