Այսօր Սուրբ Զատկի Ճրագալույց է

Այսօր Սուրբ Զատկի Ճրագալույց է
Այսօր երեկոյան, ըստ եկեղեցական ծիսակարգի մայրամուտից հետո ավարտվում է Մեծ Պահքը եւ մեկնարկում Ս Հարության կամ Սուրբ Զատկի տոնը: Եկեղեցական բառապաշարով ասած` այսօր Ս Զատկի Ճրագալույցն է կամ Նախատոնակը:



Նշենք, որ եկեղեցական մեծ տոների նախորդ օրը սովորաբար կոչվում է նախատոնակ: Երբեմն նաեւ կիրառվում է նավակատիք բառը: Ճրագալույցի արարողություն ունեն միայն Սուրբ Զատկի եւ Սուրբ Ծննդյան տոները: Ըստ եկեղեցական ավանդության Ճրագալույցի ժամանակ հատուկ ծիսակարգով վառվում են եկեղեցիների եւ տաճարների լույսերը եւ մոմերը բաժանվում հավատացյալներին: Այդ մոմերը արդեն մարդիկ տանում են իրենց տները:



Հնում եկեղեցուց բերված վառված մոմով նորոգվել են տան ճրագներն ու կանթեղները, ինչը խորհրդանշել է, որ Աստծո լույսը մտել է այդ տուն: Տարբեր եկեղեցիներ տարբեր ավանդույթներ են ձեւավորել այս օրվա հետ կապված: Երուսաղեմում օրինակ, այս օրը հայտնիէ որպես Լույսի օր: Հենց այդ օրը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի իրավատեր եկեղեցիների առաջնորդները ավանդաբար երկնառաք լույսից վառում են իրենց կանթեղները եւ ապա այդ լույսը բաժանում բոլոր հավատացյալներին եւ ուխտավորներին:



Օրթոդոքս երկրներում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի լույսը մեծ հանդիսավորությամբ են տեղափոխում Սուրբ Քաղաքից իրենց մոտ, կազմակերպում հատուկ չվերթներ, լույսը Երուսաղեմից բերելու համար հատուկ բարձրաստիճան պատվիրակություններ ուղարկում Սուրբ Քաղաք:



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի արարողությունը սովորաբար ղեկավարում է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Այսօր երեկոյան նաեւ մատուցվում է Սուրբ Պատարագ որի ընթացքումէլ տրվում է Սուրբ Հարության` «Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի» ավետիսը: