Գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է պետությանը 7 միլիոնի վնաս տալ

Գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է պետությանը 7 միլիոնի վնաս տալ
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն փետրվար ամսին ավտոմեքենաներ ձեռք բերելու մրցույթ էր հայտարարել։ Մրցույթին մասնակցել է 2 ընկերություն՝ «Երվադա» եւ «Կարկոմավտո» ՍՊԸ-ները։ Հաղթող է ճանաչվել «Կարկոմավտոն», որի գնային առաջարկն էապես ցածր է եղել մրցակցի առաջարկից։ Մասնավորապես, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն իր կարիքների համար ցանկանում է ձեռք բերել երեք հատ արտաճանապարհային ավտոմեքենա, որոնցից երկուսը՝ փիքափ թափքով, մեկը՝ ունիվերսալ։ Ելնելով հրավերում նկարագրված տեխնիկական բնութագրից՝ պարզ է դառնում, որ ընկերությունը ցանկանում է ձեռք բերել ռուսական արտադրության ՈՒԱԶ մակնիշի ամենագնացներ, քանի որ իրենց ներկայացրած պահանջներին՝ շարժիչի աշխատանքային ծավալ, հզորություն, անվային բազա եւ այլն, համապատասխանում են հենց այդ մեքենաները։



«Երվադա» ՍՊԸ-ն այս մեքենաներն առաջարկել է՝ փիքափների դեպքում ընդհանուր 19 մլն 788 հազար, իսկ մյուս ամենագնացը՝ 9 մլն 894 հազար դրամով։ Այսինքն՝ ընդհանուր կազմում է 29 մլն 682 հազար դրամ։ Այս գները ներառում են նաեւ ԱԱՀ-ն։ «Կրակոմավտո» ՍՊԸ-ն այդ նույն մեքենաներն առաջարկել է մի քանի մլն դրամ ցածր արժեքով։ Մասնավորապես, փիքափների դեպքում «Կարկոմավտոյի» առաջարկած գինը կազմել է 15 մլն 440 հազար դրամ, իսկ մյուս ամենագնացի դեպքում՝ 7 մլն 300 հազար։ Ընդհանուր ստացվում է 22 մլն 740 հազար դրամ։ Այսինքն՝ «Երվադա» ՍՊԸ-ի առաջարկած գնից մոտ 7 մլն դրամ (6 մլն 942 հազար) ավելի պակաս։ Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի կարիքների համար այս գնումը կատարվելու է պետբյուջեի միջոցներով, եւ որքան ցածր արժեքով կատարվի գնումը, այնքան ավելի շատ գումար կտնտեսվի։



Բայց արի ու տես, որ պետական ապարատում ոչ բոլորն են այդպես մտածում եւ առաջնորդվում բյուջեի միջոցները խնայելու սկզբունքով։ Բանն այն է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն, ելնելով հենց այդ՝ ավելի մատչելի առաջարկի սկզբունքից, մրցույթում հաղթող է ճանաչել ավելի ցածր գին առաջարկած ընկերությանը՝ «Կարկոմավտո» ՍՊԸ-ին։ Թվում էր, թե ամեն ինչ նորմալ է։ Սակայն վերջին պահին «Երվադա» ՍՊԸ-ն որոշել է բողոքարկել մրցույթի արդյունքները գնումների բողոքարկման խորհրդում։ Պատճառն ինչ-որ տեխնիկական, փաստաթղթային խնդիր է, որը մրցույթ անցկացնող մարմինը կարող է նաեւ առաջարկել, որ հաղթող ընկերությունը լուծի։



Մասնավորապես, «Երվադա» ՍՊԸ-ն փետրվարի 16-ին գնումների բողոքարկման խորհուրդ է ներկայացրել բողոք՝ բերելով այն հիմնավորումը, թե որպես հայտի ապահովում ներկայացրած տուժանքի մասին համաձայնագիրը եւ վճարման պահանջագիրը ստորագրվել են էլեկտրոնային եղանակով՝ Արման Թադեւոսյանի կողմից (Թադեւոսյանը «Կարկոմավտո» ՍՊԸ աշխատակից է): «Չնայած որ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի կողմից կից ներկայացվել է ընկերության տնօրեն Աշոտ Շախմուրադյանի կողմից Արման Թադեւոսյանին տրված լիազորագիր, գտնում ենք, որ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի կողմից տրված հայտը պետք է մերժվեր գնահատող հանձնաժողովի կողմից, քանի որ ընկերության կողմից խախտվել է տուժանքի մասին համաձայնագրի՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված օրինակելի ձեւը։ Մասնավորապես, հանված է տնօրեն պարբերությունը, գրված է՝ «լիազոր ներկայացուցիչ», եւ ստորագրված է՝ «լիազոր ներկայացուցչի կողմից»»,- ասված է «Երվադա» ՍՊԸ-ի ներկայացրած հիմնավորման մեջ։ Սրանից, սակայն, այդպես էլ պարզ չի դառնում, թե որն է խնդիրը, այդ ինչ լուրջ խախտում է թույլ տվել «Կարկոմավտո» ՍՊԸ-ն, որը հնարավոր չէր մրցույթի պահին շտկել, եւ որն ավելի թանկարժեք է, քան այն 7 մլն ցածր գնային առաջարկը, որը կարող է տնտեսել պետական բյուջեն։ Եվ այս հիմնավորումները բողոքարկման հանձնաժողովի համար լուրջ են թվացել այնքան, որ բողոքարկման խորհուրդը, ի դեմս խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանի, բավարարել է «Երվադա» ՍՊԸ-ի պահանջն ու մի որոշմամբ հաղթող է ճանաչել ոչ թե «Կարկոմավտո» ՍՊԸ-ին, այլ ավելի թանկ գին առաջարկած «Երվադա» ՍՊԸ-ին։



Փաստորեն, գնումների բողոքարկման խորհրդի համար կարեւոր է ոչ թե բյուջեի միջոցների խնայումը, այլ ինչ-որ լիազորագրի հարց, որը ցանկացած պարագայում մրցույթից առաջ կամ հաղթելուց հետո նույնիսկ շտկում են, երբ որեւէ տեխնիկական խնդիր է առաջանում։ Ի դեպ, խորհուրդն անկախ մարմին է համարվում, որի անդամներին նշանակում է նախագահը։



Մենք զրուցեցինք այս որոշման հեղինակի՝ բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանի հետ։ Նա նշեց, որ որոշման մեջ ամեն ինչ հրապարակված է։ Հարցրինք՝ իր համար ի՞նչն է ավելի կարեւոր՝ 7 մլն դրամ ցածր գի՞նը, թե՞ ինչ-որ լիազորագրի խնդիր, որը կարելի էր կարգավորել։ «Այսինքն՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված «լիազորագիր» հասկացությունը․․․ Այսինքն՝ մայր օրենսգրքի նշված սահմանումը համեմատելի է ինչ-որ բաների հե՞տ»,- ասաց նա։ Այդ «ինչ-որ բանը» պետբյուջեի վրա 7 մլն դրամ է նստում։ Սարգսյանն ասաց, որ շատ որոշումներ որ նայենք, հակառակ պատկեր կա՝ 200 մլն, 300 մլն։ «Ամեն դեպքում, խորհուրդն անշահախնդիր է, անաչառ քննում է․․․ Որոշումը դատական կարգով ենթակա է բողոքարկման, ամեն դեպքում, բոլոր հիմնավորումները նշված են որոշման մեջ, եւ խորհուրդը բացառապես առաջնորդվում է օրենսդրության պահանջներով»։



Վերջում հստակ հարց ուղղեցինք․ տրամաբանորեն ո՞րն է առաջնային՝ բյուջեի հաշվին գնում կատարելիս՝ գնային առաջա՞րկը, թե՞ տեխնիկական ինչ-որ խնդիր։ «Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ եթե այս, եթե այն։ Նախապատվությունը տրվում է ցածր գնային առաջարկին, էն դեպքում, երբ որ օրենսդրությամբ սահմանված որակավորման չափանիշները եւ հրավերով սահմանված պահանջները բավարարվում են»,- ասաց Էմիլ Սարգսյանը։



Այնուհետեւ մի ուշագրավ հայտարարություն արեց․ «Ես Ձեր տրամաբանությունը չեմ կարա Ձեր հետ կիսեմ, որովհետեւ իրավաբանությունը տրամաբանություն չի պահանջում»։ Մենք տեղեկացանք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն ու «Կարկոմավտո» ՍՊԸ-ն՝ ամեն մեկն իր մասով, պատրաստվում է բողոքարկել խորհրդի այս որոշումը դատարանում։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**