«Ucom», թե՞ «Utaxi»

«Ucom», թե՞ «Utaxi»
«Ucom» ընկերությունը դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ պահանջելով պարտադրել «Utaxi» ընկերությանը դադարեցնել «Utaxi» ապրանքային նշանի օգտագործումը՝ կանաչ եւ սպիտակ գույների ցանկացած համադրությամբ՝ պատճառաբանելով, որ տաքսի ծառայության ապրանքային նշանը «Ucom» ընկերության ապրանքային նշանի կրկնօրինակն է, եւ «Utaxi» ընկերությունն օգտագործում է «Ucom» ընկերության համբավը` իր բիզնես առաջխաղացումը զարգացնելու նպատակով։ ՏՄՊՊՀ-ն իր թիվ 314-Ա առ 27․12․2017թ․ որոշմամբ բավարարել է «Ucom» ընկերության դիմումը։ «Utaxi» ընկերությունը կատարել է ՏՄՊՊՀ-ի որոշումը, սակայն, կարծելով, որ այդ որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ՝ հիմնվելով օրենքի միակողմանի մեկնաբանության վրա, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ՏՄՊՊՀ-ի վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով։



«Utaxi» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ մեղադրում էր «Ucom» ընկերությանը՝ բիզնես էթիկայի նորմերից դուրս քայլեր կատարելու համար՝ տեղեկացնելով, որ «Ucom»-ը փորձել է տավոր սեփականության գործակալությունում գրանցել «Utaxi» ընկերության ապրանքային նշանի կրկնօրինակը։ ««Ucom» ընկերությունը դիմել է ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն՝ փորձելով գրանցել «Utaxi» ապրանքային նշանի կրկնօրինակը` քաջատեղյակ լինելով, որ «Յուտաքսի»-ն մեր ընկերության անվանումն է, եւ մենք արդեն իսկ գրանցել ենք այդ ապրանքային նշանը: Բնականաբար, ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը, հիմք ընդունելով մեր առարկությունները, մերժել է «Ucom»-ի կողմից հայտարկված ապրանքային նշանի գրանցումը: Կարծում ենք, որ «Ucom»-ի այս քայլը դուրս է գտնվում բիզնես էթիկայի նորմերից եւ չի սազում նման խոշոր ընկերությանը: Ամո՛թ է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ընկերությունը։



Մեր տեղեկությունների համաձայն՝ Հալաբյան 35/15 հասցեում գտնվող շենքը, որտեղ տեղակայված է «Utaxi» ընկերությունը, պատկանում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների եւ արդյունաբերական նմուշների բաժնի պետ Լուսինե Մանուկյանի հորը՝ Նուրիջան Մանուկյանին։ Ինքը՝ Լուսինե Մանուկյանը, լսելով մեր հարցը, թե ճի՞շտ է արդյոք մեր տեղեկությունը, միանգամից վրդովվեց եւ ասաց․ «Իմ հորը չի պատկանում, ես ոչինչ ասել չեմ կարող, ես այդ հարցին չեմ պատասխանում։ Դուք զանգել եք պաշտոնատար անձին, զանգել եք ապրանքային նշանների բաժնի պետին, ապրանքային նշանի վերաբերյալ հարց տվեք, ես կարող եմ ասել, որ դա իմ հորը չի պատկանում, ես էլ բան չունեմ Ձեզ ասելու»։



Կապվեցինք նաեւ «Utaxi» ընկերության տնօրեն Գոռ Հակոբյանի հետ, ով նույնպես հերքից մեր ինֆորմացիան, սակայն կոնկրետ չասաց, թե ում է պատկանում շենքը․ «Ես հերքում եմ, շենքը մենք վարձակալել ենք»։ Իսկ այն հարցին, թե ումից են վարձակալել, «Utaxi»-ի տնօրենը պատասխանեց․ «Անահիտից, ազգանունն էս պահին չեմ կարող ասել, քանի որ վարձակալության պայմանագիր չունենք»։



Հավելենք, որ Նուրիջան Մանուկյանն ունի երկու դուստր՝ Լուսինե Մանուկյանը, ով տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների եւ արդյունաբերական նմուշների բաժնի պետն է, եւ Անահիտ Մանուկյանը։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-12/29750545_819073298303241_314291546_n.jpg?_nc_cat=0&oh=d91fe270c4b190cfd4e35b80a33eea50&oe=5AC1C61A)



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**