Եկանք այն ժամանակ, երբ այստեղ նույնպես ողբերգություն էր եղել…

Եկանք այն ժամանակ, երբ այստեղ նույնպես ողբերգություն էր եղել…
Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը գտնվում է Գյումրիում: Շառլ Անզնավուրի անվան հրապարակում տեղակայված հյուպատոսարանի շենքն այս օրերին անցորդներին գրավում է: Հյուպատոսարանի շինության ճաղավանդակից դուրս ծաղիկներ ու խաղալիքներ են դրված, սև ժապավենով գրված է՝ «Կեմերովո, մենք քեզ հետ ենք»: Ուշագրավ է. սակայն, որ Գյումրիում Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից զոհվածների մահը սգում են ոչ միայն ռուսները, ովքեր 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներն ու նրանց ընտանիքներն են, այլև քաղաքի բնակիչները՝ գյումրեցիները:



«Ես մայրիկիս հետ երեկ մի խաղալիք եմ տարել այնտեղ: Ինձ մայրիկս պատմել է, որ շատ երեխաներ են զոհվել այդ հրդեհի պատճառով: Բացի այդ հեռուստացույցով էլ տեսա, ու շատ տխրեցի»,-ասաց 9-ամյա Անահիտը՝ նշելով, որ ինքը մի քանի ռուս ընկերներ ունի, որոնց հետ խաղում է բակում: «Հենց իմացա էդ մասին, միանգամից Կոլյային ու Քրիստինային հիշեցի, մտածեցի՝ ինչ լավ է, որ իրենք էստեղ են՝ մեզ մոտ, բա ո՞ր էնտեղ լինեին»,-մանկական միամտությամբ ասաց նա՝ ուրախանալով, որ ընկերները կողքին են: Ռուս աղջնակը՝ Սվետան, հայրենակիցների հիշատակը հարգելու համար ծնողների հետ ծաղիկներ է դրել ու հետն էլ արտասվել, պատմում է մայրը՝ Մարինան: «Մենք 2 տարուց ավել է՝ ինչ այստեղ ենք: Եկանք այն ժամանակ, երբ այստեղ նույնպես ողբերգություն էր եղել. ասացին՝ ռուս զինծառայողը սպանել է հայ ընտանիքի: Զգացողություններն այնքան տարբեր ու իրարամերժ էին: Բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը գցեց: Գյումրին հիմա ինձ այնքան հարազատ է: Կեմերովոյի դեպքից սիրտս մղկտում է, այդքա՜ն երեխաներ….»,-ասաց ռուս սպայի կինը:



Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ինչպես հայտնել են դեպի վայրում ստեղծված օպերատիվ շտաբից, վիրավորների թիվը հասել է 76-ի, որոնց թվում 27-ը երեխա է: Արևիկ Հակոբյան