Արուս Տիգրանյանից առաջ հարցերն ու քննադատությունները կարելի է այլ օղակների ուղղել

Արուս Տիգրանյանից առաջ հարցերն ու քննադատությունները կարելի է այլ օղակների ուղղել
Այս օրերին ֆեյսբուքահայությունը ակտիվորեն քննարկում է Հ1-ով հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդաշարի մարտի ութին նվիրված հաղորդումը: Հիմնականում քննադատության թիրախում հայտնվել է լրագրող Արուս Տիգրանյանը, ով, ամենայն հավանականությամբ ինքնատիպ նյութ պատրաստելու ցանկությամբ այցելել է կանանց քրեակատարողական հիմնարկ:



Հանրությանը զայրացրել է հիմնականում այն, որ լրագրողը կրկին ամենայն հավանականությամբ ցանկանալով հումորային-ժամանցային ռակուրսով անցկացնել հարցազրույցները կալանավորուհիների հետ եւ արդյունքում ստացվել է մի բան, որը մեկնաբանվում է որպես ծաղրանք: Արդյունքում` կա այն ինչ կա ֆեյսբուքյան հայկական սեգմենտում, հիմնականում այդ կոնտենտով աշխատող մի շարք լրատվական կայքերում եւ նաեւ որոշ հարգված լրատվամիջոցների էջերում:



Բանն հասել է այնտեղ, որ Դիանա Գրիգորյանը իր Խորենացի մեդալով, արդեն համարվում է վաղնջական անցյալ, որպես թոփ թեմա: Արուսն ինքը, կարծես թե բավական հանգիստ է նայում այս ամենին եւ խորհուրդ տալիս «թեթեւ տանել»: Գոնե այդպես նա արտահայտվել է իր ֆեյսբուքյան էջում: Այն, որ հասարակությունը զայրանալու հիմքեր ունի, դա միանշանակ է, եւ լավագույն կերպով սահմանվել է Զոհրապ Եգանյանի գրառմամբ, թե հասարակության խոցելի խմբերին նկարելուց առաջ պետք է լավ մտածել ու նաեւ կշռադատել հետեւանքները: Արուս Տիգրանյանը սխալվել է, գուցե ինչ որ բան չափն անցել է… Սա բնական երեւույթ է: Հաշվի առնենք, որ Արուսը ուսանող է, կարծես թե, եւ երիտասարդ, իսկ երիտասարդները սովորաբար լինում են հավակնոտ, իրենց տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված:



Անդրադառնանք այլ հարցի: Արուսն էր երիտասարդ ու անփորձ, իսկ Հանրային հեռուստատեսությունում խմբագիրներ չկայի՞ն, որ Արուսի սխալը ուղղեին, եթե կար անհրաժեշտություն` նյութը խոտանեին, նոր նկարահանման ուղարկեին լրագրողին ավելի պատշաճ նյութ պատրաստելու համար: Ստացվում է, որ մարդը ինչ-ինչ հանգամանքների բերմամբ սխալ է արել, իսկ Հանրայինի պատասխանատուները հեշտ ու հանգիստ այն բաց են թողել եթեր: Սակայն հարցը միայն այստեղ չի վերջանում: Արուս Տիգրանյանը ապագա լրագրող է, կարծես թե հենց մայր բուհի լրագրության բաժնի ուսանող: Այն ինչ արել է Արուսը, ըստ էության, արտացոլանքն է հենց մայր բուհի լրագրության բաժնի: Արուսը մեղավոր չէ: Մեղավորը լրագրողի մասնագիտությունը այդ կերպ ներկայացնողն ու ուսուցանողն է, ասենք դասախոսը, դեկանը, ամբիոնի վարիչը, ինքնուրույն աշխատանքների ղեկավարը եւ այլն:



Սա էլ «հարց ու պատասխանի» երկրորդ հասցեատերը, որին պետք է հարցեր ուղղել` Արուսին անարգանքի սյունին գամելուց առաջ: Այժմ անցնենք առաջ: Առհասարակ, նրանք, ովքեր քիչ թե շատ գիտեն հեռուստատեսության գործունեության առանձնահատկությունները եւ հատկապես Հանրայինի գործունեության նրբությունները, երեւի թե համակարծիք կլինեն այն մտքի հետ, որ հեռուստաեթերը, անկախ այն հանգամանքից, թե ինչ ծխածածկույթային հռետորաբանություն է կիրառվում, ենթակա է բավական լուրջ ստուգման. չասենք գրաքննության, որ այլ տպավորություն չստեղծվի:



Ենթադրենք որակական իմաստով կամ հանրային դոմինանտ խմբի ընկալումների հետ հակասող բովանդակությամբ նյութ է գնացել եթեր եւ բարձրացել է դժգոհություն: Հեռուստատեսային եւ ռադիո կարգավորիչ պետական մարմինը ի դեմս ՀՌԱՀ-ի կամ մյուս պետական հաստատությունների, նեղություն կրեց հարցն ուսումնասիրելու, կամ կատարվածի հանդեպ վերաբերմունք արտահայտեց: Իհարկե ոչ: Հասկանում եք, խոսքը սովորական յութուբյան բլոգային ալիքով հրապարակված նյութի մասին չէ, այլ համապետական սփռում ունեցող հեռուստատեսության, որը սնվում է ամեն մի ՀՀ քաղաքացու գրպանից, որպես բյուջետային հիմնարկ: Ստացվում է, որ մի ձեռքով հարկատու քաղաքացին հարկեր է տալիս, որը հատկացվում է նաեւ Հանրայինին, որն էլ արդեն նման որակի կամ անընկալելի բովանդակության հաղորդման համար է վճարում, մյուս ձեռքով քաղաքացին չունի իրավունք գոնե նվազագույն կերպով բացատրություն ստանալու խնդրի առնչությամբ:



Սա էլ արդեն «հարց ու պատասխանի» երրորդ հասցեատերը: Սակայն հարցը դեռ փակված չէ: Որոշ ժամանակ առաջ «Հրապարակը» փորձել էր կարծես թե նույն քրեակատարողական հիմնարկ այցելել, սակայն հանդիպել էր մի այնպիսի հաստության պատի, որի դիմաց Չինական Մեծ պատը պարզապես «հայաթի չափար» կարող էր համարվել: Ենթադրելի է, որ Արուս Տիգրանյանը մինչ կանանց գաղութ հասնելը թույլտվություն է ստացել Արդարադատության նախարարությունից, Քրեակատարողական հիմնարկների վարչությունից: Ենթադրելի է, որ այդ թույլտվության համար Հանրայինը գրավոր է դիմել: Ուրեմն մյուս հարցը: Ստացվում է, որ Արդարադատության նախարարությունը կամ վերջինիս ենթակա կառույցը տարբերակված մոտեցում են ցուցաբերում լրատվամիջոցների հետ աշխատելիս, թե պետք է այլեւս ի նկատի ունենալ, որ Հանրայինի բլանկը կարող է «պատ ծակել»:



Բոլորս էլ գիտենք, որ Արդարադատության նախարարությունը կամ Քրեակատարողական հիմնարկների վարչությունը ժամանակ առ ժամանակ ստիպված է լինելու Հայաստանի ազատազրկման վայրերի վիճակի հետ կապված նյութեր ներկայացնելու եվրոպական կամ միջազգային կառույցներին: Այստեղ վերջին հարցը` իսկ Դավիթ Հարությունյանը հայաստանյան իշխանությունների կողմից ընդունված հին ու բարի ավանդույթի համաձայն, քանիսով է «խուրդելու» Արուս Տիգրանյանի այցը կանանց գաղութ, ցույց տալու համար, որ կին ազատազրկյալները այնքան լավ պայմաններում են, որ նույնիսկ պետության թիվ մեկ հեռուստատեսությունը այնտեղ գնում է մարտիության նկարահանումների:



Տեսնում եք չէ, որքան հարցեր կան, որ կարոտ են պատասխանի: Իսկ անարգանքի սյունին գամվում է մի երիտասարդ սկսնակ լրագրող, որի սխալից որեւէ լրագրող իր մասնագիտական գործունեության ընթացքում արել է տասնյակներով, մինչ որակյալ որոշակի վիճակի հասնելը:



**Տիգրան Վահանե**