Կարգապահական վարույթ՝ յուրայինի նկատմամբ

Կարգապահական վարույթ՝ յուրայինի նկատմամբ
«Ընդդիմադիր հայացքներով՝ իշխանամետ փաստաբանները վիճել են, հնչել է հայհոյանք» վերտառությամբ մեր հոդվածի հիման վրա Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Երկիր ծիրանի» կուսակցության փոխնախագահ, փաստաբան Կարապետ Աղաջանյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ՝ փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտման համար։ Կ․ Աղաջանյանը փաստաբան Մուշեղ Շուշանյանի գրառումը մեկնաբանելիս հայհոյախառն արտահայտություններ էր օգտագործել, գրառումը համարել սուտ, ինչն էլ հիմք է հանդիսացել վարույթ հարուցելու համար։



Իսկ ՓՊ-ին ընդդիմադիր փաստաբանները, այդ թվում՝ Մուշեղ Շուշանյանը, հարց էին բարձրացնում, թե այդ ինչպես է ընդդիմադիր հայացքներով «Երկիր ծիրանիի» փոխնախագահը վարում ՓՊ-ի խորհրդի նիստը, որի որոշմամբ պատասխանատվության են ենթարկվում «Սասնա ծռեր» զինված խմբի շահերի պաշտպանները։ **Կարապետ Աղաջանյանը** մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը գործի քննության ժամանակ իր մեկնաբանությունները կներկայացնի․ «Ինչ վերաբերում է հարուցմանը, որպես էդպիսին, կարծում եմ, որ որեւէ նշանակություն չունի պալատի համար՝ դա խորհրդի անդա՞մ է, թե՞ մեկ ուրիշ փաստաբան, կարծում եմ՝ նորմալ է, պետք է հարուցվի։



Եթե լրատվամիջոցներով նման տեղեկություններ են հրապարակել անձինք, չգիտեմ՝ ինչ նպատակով, որը կարող էին չհրապարակել, որովհետեւ այդ գրառումները եղել են նեղ շրջանակներում, ապա կարող էր նաեւ հարուցվել կարգապահական վարույթ»։