Ինչո՞ւ են անտեսում կարևոր հարցերը

Ինչո՞ւ են անտեսում կարևոր հարցերը
Երեկ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Այս այցը խետք է տեղի ունենար դեռ անցյալ տարվա վերջին, աբյց ինչ-ինչ պատճառներով հետաձգվեցի ու իրականացված 2018-ի մարտի 2-ին, այն օրը, երբ ՀՀ խորհրդարանն ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահին։ Կվիրիկաշվիլիի այցը տևեց ընդամենը մեկ օր։ Վրաստանի վարչապետը եկավ, Հայաստանում հանդիպեց իր պաշտոնակցի՝ Կարեն Կարապետյանի, նաև Սերժ Սարգսյանի հետ, վերջում էլ Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում վրացական երգ ու պարի ներքո մասնակցեց պաշտոնական ընթրիքի ու երեկոյան ուշ վերադարձավ Վրաստան։ Դատելով ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, թե ինչ հարցեր են քննարկել երկու երկրների վարչապետները, կարելի է ենթադրել, որ այցի ամենաբովանդակային մասը երևի թե հենց վերը նշված ընթրիքն էր։ Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունն ընդամենը փաստում էր այն մասին, որ սա հերթապահ հանդիպումն էր՝ «հայ-վրացական դարավոր բարեկամության» մասին կենացային հիշատակումներով։ Մինչդեռ այդ դարավոր բարեկամության արանքում այնքան չլուծված խնդիրներ կան, որոնց անդրադարձ չի եղել առնվազն գոնե պաշտոնական ձևաչափով հանդիպմանը․ ռետորանում, ընթրիքի ժամանակ գուցե կենացների մակարդակով խոսվել է ավելին, քան ներկայացված է հաղորդագրության մեջ։ Իսկ հաղորդագրությունից երևում է, որ հանդիպման առանցքում եղել են սոսկ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր՝ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների աճի շեշտադրմամբ։ «Երկու երկրների վարչապետները քննարկել են էներգետիկայի, զբոսաշրջության, պաշտպանության, տրանսպորտի, առողջապահության, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,-նշված է կառավարության տարածած ռելիզում։



Տպավորություն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանին բացի տնտեսական համագործակցությունից, այլ հարց չի հետաքրքրում։ Եվ սա սովորական բնույթ է կրում, կարևոր հարցերը նման հանդիպումներում, կարծես թե, միշտ անտեսվում են։



Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը ոչինչ չտվող հերթապահ հայտարարություններ են, որոնցում չի խոսվում Ջավախքում առկա տարատեսակ խնդիրների, Վրաստանում հայկական մշակույթին, լեզվի պահպանմանն կրոնական հարցերին առնչվող խնիրների մասին։ Անդրադարձ չի եղել նաև Հայաստանում ապրող ջավախահայ հայտնի հասարակական-քաղաքական գործիչների՝ Վրաստան մուտքի արգելքի խնդրին, որը հայ-վրացական բարեկամության տրամաբանությանը հակասող ամենակնճռոտ հարցերից է։ Ակնկալվում էր, որ երկու երկրների վարչապետերը կքննարկեին նաև Լարսին այլընտրանք հանդիսացող հավանական ուղիների հարցը, որն այդքնա հուզում է մեզ, բայց կարծես թե այս հարցը ևս չեն կարևորել։



Վրաստանի հարցերով փորձագետ, արդեն տևական ժամանակ Վրաստան մուտք գործելու արգելքի տակ հայտնված Վահե Սարգսյանի կարծիքով՝ Վրաստանի վարչապետի այցը չէր համարի ոչինչ չտվող, բայց նաև չի էլ կարող ասել, որ կարևոր հարցերին լուծում տվող այց էր սա։



«Օրինակ՝ ջավախահությանը հուզող հիմնախնդիրների իմաստով, կոնկրետ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի իամստով, ինչպիսին Լարսին այլընտրանքային ուղիների որոնման հարցը, միգուցե քննարկումներ եղել են, բայց դրանց ուղղությամբ կոնկրետ լուծման ազդանշաններ, ամեն դեպքում, չենք տեսել»-ասաց Վահե Սարգսյանը։



Նկատեցինք, որ իր և իր պես այլ ջավախահայերի՝ Վրաստան մուտքի արգելքի հարցը ևս կարծես թե չի քննարկվել այս հանդիպմանը։ Իրե՞նք չեն դիմել, թե՞ մեր իշխանությունները չեն կարևորում դա, պարոն Սարգսյանն ասաց, որ Վրաստանի վարչապետի գալուց մոտ երկու ամիս առաջ Հայաստանի հանրագիտարանի տնօրեն հովհաննես Այվազյանը, ում հանդեպ ևս Վրաստան մուտքի արգելք է կիրառվում, զանգահարել է ՀՀ ԱԳՆ և փորձել է ճշտել՝ արդյոք այդ արգելքների հարցը կա՞ օրակարգում։ Պատասխանը եղել է, որ ոչ թե անվանապես, այլ ընդհանրապես երևույթի մասին օրակարգում ներառված կա, և քննարկումներ լինելու են։



«Բայց թե ինչպիսի արդյունքներ կլինեն, բնականաբար, դժվարացել են ասել։ Չէի ասի, որ ՀՀ իշխանություններն էդ հարցի վրա խաչ են քաշել և օրակարգից հանել են,բ այց, ամեն դեպքում, առանցքային հարցերից մեկը սա չէ։ Սա նաև ապացուցում է այն հանգամանքը, որ տարիներ ի վեր, օրինակ, Հ․ Այվազյանին 2011 թվից, ինձ՝ 2014 թվից, արգելել են հատել Վրաստանի սահմանը, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին էլ թույլատրել են, բայց էլի մեծ դժվարություններով է հատում սահմանը․․․ Ու, ընդհանրապես, այդպիսի անձանց թիվը պակասելու փոխարեն գնալով ավելանում է։ Իսկ դա խոսում է այն մասին, որ վրացական իշխանությունները այդ քաղաքականությունը շարունակում են խորացնել, իսկ Հայաստանի իշխանությունները, փաստորեն, չեն կարողանում հաղթահարել այդ պատնեշը»,-ասաց Վահե Սարգսյանը։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**