Ախուրյանցի զինվորի դեպքը կրկին ընդգծեց եկեղեցական բարեփոխումների անհրաժեշտությունը

Ախուրյանցի զինվորի դեպքը կրկին ընդգծեց եկեղեցական բարեփոխումների անհրաժեշտությունը
Երբ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսեց Հայ առաքելական եկեղեցու հետ կապված խնդիրների մասին՝ փորձելով հանրային քննարկումների օրակարգ բերել բարեփոխումների անհրաժեշտության հարցը, Մայր Աթոռի խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նրան «ուղարկեց» ճնշումը չափելու: Մինչդեռ հետագա դեպքերը ցույց տվեցին, որ ճնշում չափելու կարիք ունեին եկեղեցականները, այլ ոչ թե Հրանտ Բագրատյանը: Ընդամենը հաշված ամիսներ, եւ առաքելական եկեղեցին ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում մի քանի խոշոր ցնցում ապրեց:



Դրսում դա, անշուշտ, Կ. Պոլսի Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված կացությունն էր, որն անմիջականորեն ոտնձգություն է հանդիսանում Ամենայն հայոց կաթողիկոսի հեղինակության եւ կաթողիկոսական ընդհանրական իշխանության հանդեպ, նաեւ նախադեպ ստեղծում այլ պետությունների համար՝ հայկական էթնիկ կրոնահամայնքային կյանքին նման կոպտությամբ միջամտելու համար։ Երկրորդ անգամ արդեն Հայաստանում առաքելական եկեղեցին ցնցում ապրեց օրեր առաջ Ախուրյան գյուղում զոհված զինվորի համար եկեղեցում հոգեհանգիստ կատարելու, եկեղեցական ծեսով հուղարկավորելու հետ կապված հայտնի պատմության պատճառով: Առանց դատախազի պատմուճան հագնելու, ճիշտ ու սխալ, մեղավոր ու անմեղ առանձնացնելու, արձանագրենք, որ տեղի ունեցածը մի երեւույթ էր, երբ առճակատվեցին եկեղեցական օրենքն ու հանրային մարդասիրությունը: Պարզ ասած՝ անկախ այն բանից, թե որ եկեղեցում ես, դու այդ եկեղեցու անդամ ես, եթե մկրտված ես եւ այդ եկեղեցում հաղորդություն ես ստանում: Դա, այսպես ասած` անդամատոմսն է եկեղեցուն, եկեղեցական կյանքին մասնակցության: Միայն մկրտված լինելու դեպքում քեզ համար հասանելի են տվյալ եկեղեցու ծեսով, օրենքներով, ավանդույթով եւ պրակտիկայով սահմանված՝ մարդու հոգու խնամատարությանը միտված մյուս արարողությունները եւ այլն: Սա շատ նուրբ եւ կարեւոր հարց է, այնքան կարեւոր, որ երբեմն, երբ, ասենք, առաքելականը կամ կաթոլիկը, կամ օրթոդոքսը, երբ որոշում են հարել բողոքական կամ նորագույն քրիստոնեական հարանվանության ու խմբի, վերջիններիս նորից մկրտում են կամ, քաղաքացիական լեզվով ասած` անդամագրում իրենց կառույցին, ապա միայն թույլ տալիս, որ տվյալ անձը շարունակի իր կյանքն այդ կառույցի ներսում: Սա կոչվում է արդեն կրկնամկրտություն, որն ավանդական քրիստոնեական եկեղեցիները չեն ընդունում, բայց սա, ինչպես ասում են, այլ կինոյից է: Ավելին՝ որոշ բողոքական հարանվանություններ էլ սահմանում են, որ անձը պետք է մկրտվի չափահաս տարիքում, որպեսզի գիտակցի, թե ինչ կրոնի է դավանելու, եւ արդյո՞ք ընտրում է այն գիտակցաբար, որովհետեւ դավանանքը նաեւ որոշակի կամավոր զոհողություններ է ենթադրում: Սակայն, մյուս կողմից, միշտ էլ կան բացառություններ, երբ, ըստ պարագաների թելադրանքի, նույնիսկ ամենախիստ օրենքները կարող են շրջանցվել կամ մեղմացվել, կամ պարզապես անտեսվել, քանի որ տվյալ եզակի դեպքը պահանջում է նույնքան եզակի մոտեցում: Ախուրյանի զինվորի դեպքում, ի վերջո, հաղթեց մարդասիրությունը, եւ կրոնական օրենքները, որոնք դեռ վաղ միջնադարում են ստեղծվել, մի կողմ դրվեցին: Հիմա արդեն, երբ ամեն ինչ փոքրիշատե հանդարտվել է, վերանալով կոնկրետ դեպքից եւ ավելի աբստրակտ մտածելով՝ փորձենք ամփոփել:



Ինչ կատարվեց: Այն, որ առաքելական եկեղեցին իրոք ունի բարեփոխման կարիք, ինչի մասին բազմիցս ասվել է, խոսվել՝ սկսած Հրանտ Բագրատյանի կողմից հարցը հանրային քննարկման օրակարգ բերելու փորձից, անառարկելի է: Ընդ որում՝ այդ բարեփոխումը վերաբերում է նաեւ նման կարեւոր հարցերին, բացառություններին, ֆորսմաժորային իրավիճակներին, երբ ակնթարթային կողմնորոշում է պահանջվում պատասխանատուներից, որպեսզի կրոնավորի խիղճը եւ օրինապահությունն ակամա չհայտնվեն կշեռքի մի նժարին, իսկ մարդասիրությունը, հանրային ճնշումն ու այլ պարագաներ՝ մյուսին, եւ սկսվի հակակշռում դրանց միջեւ: Գոնե կարելի է միջանկյալ լուծումներ առաջարկել եւ դրանք համընդհանուր տարածել Հայաստանում, մինչ խնդրի խորքային քննարկումներն ու արմատական լուծումները: Այլապես, այն էլ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն դրության մեջ ապրող երկրում ամեն բան հնարավոր է, որ լինի, ու երբեք ապահովագրված չենք վաղը կրկին մի ֆորսմաժորի առաջ կանգնելուց: Ի վերջո, սրանք նույնքան կարեւոր հարցեր են, որքան բարերարներ գտնելն ու եկեղեցիներ կառուցելը:









**Տիգրան ՎԱՀԱՆԵ**