Ազգայնացրեք օդանավակայանը

Ազգայնացրեք օդանավակայանը
Երեկ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը կոչով է հանդես եկել՝ ուղղված երիտասարդներին։ Թեման կրկին «20-րդ դարի համաշխարհային ժառանգության հուշարձան» «Զվարթնոց» օդանավակայանն է, որն արդեն 10 տարի է՝ Էռնեկյանի թիմակիցները փորձում են քանդել։ «Անձնական արժանապատվությունից զուրկ, անկուշտ եւ կոռումպացված պաշտոնյաները ցանկանում են ավարտել 2001 թ․ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ սկսված օդանավակայանի անհատույց սեփականաշնորհումը՝ թաքնվելով Էդուարդո Էռնեկյանի հետ կոնցեսիայի խայտառակ պայմանագրի հետեւում։



Շնորհիվ Հայաստանի եւ միջազգային ճարտարապետական հանրության ջանքերի, մինչ այսօր հաջողվում էր պաշտպանել «Զվարթնոցը» կոռումպացված պաշտոնյաների ոտնձգություններից»։ Եվ հայտարարել է․ «Եթե ձեզ հարկավոր չէ «Զվարթնոց» օդանավակայանը, ապա մեզ՝ Հայաստանի երիտասարդներիս եւ բոլոր քաղաքացիներիս այն հարկավոր է։ Մենք գիտենք ինչպես այն արդիականացնել եւ ինչ անել նրա հետ»։ Ուստի պահանջում է «ազգայնացնել օդանավակայանը, չեղարկել կոնցեսիոն պայմանագիրը եւ վերադարձնել մեր օդային սահմանը»։ Տիկին Թարխանյանը որոշել է բողոքի ակցիա կազմակերպել մարտի 15-ին, ժամը 10։00-ին՝ կառավարության շենքի դիմաց։