Բջնիի բժիշկը քաղաքացուն անվանել է «հավաքարար», վերջում էլ ոստիկանություն կանչել

Բջնիի բժիշկը քաղաքացուն անվանել է «հավաքարար», վերջում էլ ոստիկանություն կանչել
Կոտայքի Բջնի գյուղի բուժամբուլատորիայի վարիչ Ռուզաննա Հովհաննիսյանը վրդովվեցրել է նույն գյուղի բնակչուհի Գարուն Աշիկյանին ու նրա դստերը՝ Արևիկ Խաչեյանին։ Գարուն Աշիկյանը աչքի խնդիր ունի՝ կատարակտ, որի համար նրան վիրահատություն է անհրաժեշտ։ Բայց գյուղի բուժամբուլատորիայի վարիչը հրաժարվել է տրամադրել ուղեգիր, որ Աշիկյանը գնա Երևան և անվճար վիրահատվի։ Մինչդեռ, ուղեգիրը նրան հասնում էր օրենքով սահմանված կարգով։ Դուստրը՝ Արևիկ Խաչեյանը **Hraparak.am**-ին պատմեց, որ գյուղի բժիշկն իրենց շատ վատ է վերաբերվել, վիրավորել է ու սկզբում հրաժարվել է տրամադրել ուղեգիրը։ Անգամ չի ներկայացել, անուն ազգանունը չի ասել։



Ասաց նաև, որ իր երեխայի դեպքում էլ է նույնը արել, առհասարակ, գյուղի բնակիչներին նա մեծ դժվարությամբ է ուղեգիր տրամադրում։ Բանը հասել է նրան, որ Ռ․ Հովհաննիսյանը ոստիկանություն է կանչել՝ ընդդեմ իրեն դիմած քաղաքացիների։ Չարենցավանի ոստիկանության աշխատակիցները եկել լսել են կողմերին, հեռացել։



«Չլսելով իմ խոսքը՝ ես ինչ եմ ուզում իրենից, ինքը միանգամից՝ ձեզ չի հասնում և վերջ։ Բայց դու ի՞նչ գիտես՝ իմ ձեռքը ինչ փաստաթղթեր կան, որ ինձ չի հասնում ուղեգիր կամ ինչի՞ չի հասնում»,- ասաց մեր զրուցակիցը։ Արևիկ Խաչեյանի խոսքով՝ բուժամբոլատորիայի վարիչը վիրավորել է իրեն՝ ակնարկելով իր աշխատանքը։ «Ինձ ասաց՝ հավաքարա՞ր չես, հեգնանքով, ասի՝ հավաքարար չեմ, «սանիտարկա ես», ասի՝ սանիտարկա չեմ, շտատս մայրապետ ա, ու ես հարյուր բժշկի հետ եմ աշխատում Մուրացանի հիվանդանոցում ու հարգանքի եմ արժանանում էնտեղ»։



Նա նաև նշեց, որ առաջարկել է ուղեգիր տրամադրելու մերժումը գրավոր տարամդրել իրեն, բայց բուժամբուլատորիայի վարիչը հրաժարվել է գրավոր մերժում ներկայացնել։



Զրուցեցինք նաև Ռուզաննա Հովհաննիսյանի հետ։ Նա մեզ ասաց, թե որևէ խնդիր չի եղել, բոլոր խնդիրները լուծված են, ուղեգիրն էլ տրամադրված է։ Ապա ճշտեց․ «Ի՞նքն է զանգահարել ձեզ․․․ հիմա, գիտե՞ք, զբաղված եմ, Ձեզ կզանգահարի ինքը դրա համար ներողություն կխնդրի։ Ինքը շատ անօրինական ձևով, եթե նման բան է հայցել, ոստիկանությունը տեղյակ է, և Չարենցավանի ոստիկանությունից կարող եք ճշտել, իմանալ՝ ինչ խնդիր կա։ Ես ոստիկանություն եմ կանչել, որովհետև ինքը անօրինական կերպով եկել էր և ինձնից պահանջում էր անօրինական փաստաթուղթ։ Կանչել եմ ոստիկաններին, եկել են, իրեն ինչ-որ պետք է՝ ասել են, և ոստիկանների ուղեկցությամբ ինքը գնացել է»։



Այնուհետև Ռ․ Հովհաննիսյանն ասաց, որ ուղեգիրն, ի վերջո, տրամադրել է, բայց այն դեպքում, «երբ բերել են նեղ մասնագետի դիագնոզ, որով ապացուցվել է նրա առողջության մասին»։



Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը ընդամենը երկու ուղեգիր ունի առողջապահության նախարարությունից տրամադրված, որոնք ինքը պահել է ծանր հիվանդների համար։ Այսինքն՝ ունեցել է ուղեգիր, բայց չի ցանկացել տալ։ «Ես երկու հատ ուղեգիր ունեմ, և դա նախատեսված է ծայրահեղ ծանր հիվանդի համար։ Եվ հիմա, եթե երկու հիվանդ գա, մեկին կարող եմ տալ, իսկ մյուսին՝ ոչ։ Այ, արդեն Դուք կզբաղվեք էդ հարցով, կզանգահարեմ Ձեզ, Ձեր համարը կֆիքսեմ, և եթե ծանր հիվանդ եկավ, և ինձ ուղեգիր չտրամադրվեց նախարարությունից․․․ ուղղակի, գիտե՞ք ինչ, մարդկայինով եմ ես իրենց էդ ուղեգիրը տրամադրել, թե չէ օրենքի սահմաններում էլի կարելի էր էդ ուղեգիրը չտրամադրել, որովհետև դա անհապաղ չէր, որովհետև առողջապահության նախարարն ասել է՝ պետպատվերի շրջանակներում ուղեգիր տրամադրվում է միայն ծայրահեղ ծանր հիվանդին, այն էլ տարին մեկ անգամ։ Բայց ես, որպեսզի էլի գլխացավանք և այլն չլինի, ես տվեցի, որպեսզի վերջացնեմ դա։ Բայց Ձեր համարը կֆիքսեմ անպայման, որ եթե հանկարծ երկու ծանր հիվանդ եկավ, մեկին տվեցի, մեկին՝ ոչ, կլինի պատմություն։ Կզանգահարեմ Ձեզ, և Դուք էդ հարցով անպայման կզբաղվեք, եղա՞վ»,- լսափողի մյուս կողմից «մատ թափ տվեց» Բջնի գյուղի բժիշկը։



Փաստորեն, կարող էր տրամադրել ուղեգիրը, բայց չի ցանկացել, հետո տեսել է, որ պատմություն է դառնում, գլխացավանքի մեջ կարող է ընկնել, ստիպված տրամադրել է՝ որպես «լավություն»։ Մինչդեռ Արևիկ Խաչեյանը պնդում էր, որ նրա մոտ ինքը «ֆայլի» մեջ դրած բազմաթիվ ուղեգրեր է նկատել։ Նշենք նաև, որ ուղեգրերն այլևս առողջապահության նախարարությունը չի տրամադրում բուժհաստատություններին, այլ մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**