Վանոն անհետացել է նաեւ փաստաթղթերից

Վանոն անհետացել է նաեւ փաստաթղթերից
Գրող, հրապարակախոս, 90-ականների հայտնի գործիչ, ներքին գործերի նախարար, ապա Երեւանի քաղաքապետ, վերջում մեղադրյալ Վանո Սիրադեղյանը երկրից անհետացել է 2000 թվականին։ Այդ օրվանից նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 9 ծանր մեղադրանքներով։ Ու մինչ այժմ Հայաստանի իրավապահ մարմիններն ու միջազգային հետախուզողները նրան փնտրում են, չեն գտնում։



Մենք պարզել էինք, որ Վանո Սիրադեղյանը չկա ոստիկանության կայքի հետախուզվողների ցանկում, նրա լուսանկարը բացակայում է հետախուզվողների պաստառներին, որոնք փակցված են մետրոյի կայարաններում։ Բայց պարզվում է, որ Վանո, անձնագրով՝ Վանիկ Սմբատի Սիրադեղյանը չկա նաեւ ՀՀ պաշտոնական փաստաթղթերում։ Մասնավորապես, նրա անուն-ազգանունով մարդ գոյություն չունի elections.am-ի ընտրողների ռեգիստրում։ Ստացվում է՝ Վանո Սիրադեղյանը հրաժարվե՞լ է ՀՀ քաղաքացիությունից կամ փոխե՞լ է հաշվառման վայրը, այն էլ՝ պետական մակարդակով։



Նույնիսկ Վանո Սիրադեղյանի՝ Մյասնիկյան պողոտայում գտնվող տանը գրանցված չեն նրա ընտանիքի անդամները։ Սիրադեղյանի կինը՝ Խնկո-Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, եւ որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, գրանցված են Մամիկոնյանց փողոցի հասցեներից մեկում։ Փաստորեն, Վանո Սիրադեղյանն անհետացել է ոչ միայն իրականությունից, այլեւ բոլոր պաշտոնական փաստաթղթերից։